Զարմանալի երեւույթ. գիտնականները տեսել են, թե ինչպես է փոքր եւ մեռած աստղը կլանում մեծին

14:52    7 հոկտեմբերի, 2022

Ի տարբերություն մեր Արեգակի, Ծիր Կաթինի շատ աստղեր «միայնակ» չեն, դրանք երկբաղադրիչ համակարգերի մաս են կազմում, որոնցում երկու աստղեր պտտվում են միմյանց շուրջը: Դրանց մի մասը հատկապես արագ է պտտվում․ այսպես՝ գիտնականները հայտնաբերել են երկու սպիտակ գաճաճների, որոնց, միմյանց շուրջը լրիվ պտույտ կատարելու համար, ընդամենը 5 րոպե 21 վայրկյան է պահանջվում:

Մասաչուսեթսի տեխնոլոգիական ինստիտուտի եւ այլ կազմակերպությունների գիտնականները վերջերս հայտնաբերել են եւս մեկ հետաքրքիր երկբաղադրիչ համակարգ, որտեղ մի աստղը կլանում է մյուսին: Հետազոտողները օգտագործել են Կալիֆոռնիայի Պալոմարյան աստղադիտարանի եւ Հավայան ու Կանարյան կղզիների աստղադիտակների տվյալները:

Այս աստղերը մեզանից մոտ 3000 լուսային տարի հեռավորության վրա են եւ պատկանում են «կատակլիզմիկ փոփոխականների» դասին։ Սա այն դեպքն է, երբ մեր Արեգակի նման աստղը պտտվում է սպիտակ գաճաճի շուրջը: Ինչո՞ւ են նրանք այդպես կոչվում: Փոփոխականներ կոչվում են այն աստղերը, որոնց փայլը ժամանակի ընթացքում նկատելիորեն փոփոխվում է։ Եվ նրանք կարող են ցույց տալ կատակլիզմիկ (օրինակ՝ բռնկումային) ակտիվություն։

Գիտնականների կողմից դիտարկված երկու աստղերի համակարգը, որը կոչվում է ZTF J1813+4251, մոտ 8 միլիարդ տարեկան է։ Մեկի շուրջը մյուսի պտույտը տեւում է 51 րոպե. սա համարվում է մարդկությանը հայտնի ամենակարճ ուղեծրային ժամանակը կատակլիզմիկ փոփոխական համակարգի համար:

Միլիոնավոր տարիների ընթացքում աստղերի միջեւ հեռավորությունը կրճատվել է, եւ այժմ այն ավելի փոքր է, քան Լուսնի եւ Երկրի միջեւ եղած հեռավորությունը: Nature ամսագրում այս շաբաթ հրապարակված հոդվածում հետազոտողներն ասել են, որ սպիտակ գաճաճը կլանում է Արեւին նմանվող ուղեկցին։

«Երբ աստղերը մեռնում են ծերությունից, նրանք դառնում են սպիտակ գաճաճներ: Եվ հիմա այն, ինչ մնացել է նախկին աստղից, սկսել է ուտել ուղեկցին,- Reuters-ի հետ զրույցում ասել է Մասաչուսեթսի տեխնոլոգիական ինստիտուտից աստղաֆիզիկոս եւ հոդվածի գլխավոր հեղինակ Քեւին Բերջը,- Նախքան երկրորդ աստղը կկարողանա ավարտել իր աստղային կյանքի ցիկլը եւ դառնալ սպիտակ գաճաճ, ինչպես սովորաբար անում են աստղերը՝ վերածվելով աստղի մի տեսակի, որը կարմիր հսկա է կոչվում, առաջին աստղի սպիտակ գաճաճի մնացորդն ընդհատում է ուղեկցի կյանքի ցիկլի ավարտը եւ սկսում դանդաղ կլանել նրան»:

Հետազոտողների խոսքով՝ համակարգի ավելի մեծ աստղի ջերմաստիճանը մոտավորապես նույնն է, ինչ մեր Արեգակինը, բայց նրա տրամագիծը շատ ավելի փոքր է՝ հիմա նա Յուպիտերի չափ է: Սպիտակ գաճաճն էլ ավելի փոքր է՝ նրա տրամագիծը մոտ 1,5 անգամ է մեծ Երկրի տրամագծից: Բայց միեւնույն ժամանակ նա ունի խիտ միջուկ, որի զանգվածը Արեգակի զանգվածի մոտ 56 տոկոսն է կազմում։

Սպիտակ գաճաճը իր զուգընկերոջ արտաքին շերտերից կլանել է ջրածինը, ինչի հետեւանքով վերջինիս վրա շատ հելիում է մնացել, որը սպիտակ գաճաճի գրավիտացիոն ձգողականության պատճառով դարձել է կաթիլանման։ Եվ սա, գիտնականների խոսքով, այս երկբաղադրիչ համակարգի պայծառության մակարդակների փոփոխության պատճառներից մեկն է։



 



© NEWS.am Medicine