Pixel Watch. Google-ը, վերջապես, ներկայացրել է իր խելացի ժամացույցները

10:45    7 հոկտեմբերի, 2022

Google-ի խելացի ժամացույցներին երկար են սպասել, սակայն միայն հիմա է ընկերությունը, վերջապես, պաշտոնապես ներկայացնում դրանք։ Pixel Watch-ը աչքի է ընկնում բավական վառ էկրանով, բայց աշխատանքի հուսալիությունը եւ որոշ այլ բնութագրեր կարող են հիասթափեցնել ձեզ։

Pixel Watch-ի արտաքինը եւ էկրանը

Ժամացույցը բավական գեղեցիկ տեսք ունի։ Ունի կլոր AMOLED էկրան՝ 1000 կդ/մ2 պայծառությամբ եւ մեկ դյույմի համար 320 պիքսել խտությամբ։ Էկրանի տրամագիծը 41 միլիմետր է։ Ժամացույցը նաև անջրանցիկ է և կարող է դիմանալ մինչև 50 մետր խորության տակ։

Pixel Watch-ն ունի AlwaysOn Display աջակցություն. սա այն գործառույթն է, որը հնարավորություն է տալիս էկրանին ցույց տալ անհրաժեշտ ինֆորմացիան այն ժամանակ, երբ էկրանն ինքը անջատված վիճակում է եւ մարտկոցից գրեթե չի ծախսում հավելյալ էներգիա։

Google Pixel Watch

Կորպուսը չժանգոտվող պողպատից է եւ արտադրվում է երեք գույնով՝ անփայլ սեւ, փայլեցված արծաթագույն եւ շամպայնի երանգով ոսկեգույն։

Pixel Watch-ի այլ բնութագրերը

Ժամացույցն աշխատում է Exynos 9 110 չիպսեթով, որը ներառում է երկմիջուկանի CPU, GPU Mali-T720 MP1 եւ հիմնված է 10 նանոմետր տեխպրոցեսի վրա։ Այս չիպսեթը գոյություն ունի արդեն չորս տարի, դրա համար բավական հին է համարվում, եւ հասկանալի չէ, թե ինչու Google ինչ-որ մի ավելի նոր բան չի ընտրել։

Ժամացույցն ունի նաեւ 2 Գբ օպերատիվ հիշողություն, 32 Գբ ֆլեշ-հիշողություն եւ Cortex-M33 միջուկի վրա հիմնված համապրոցեսոր։ Մարտկոցի տարողությունը 294 մԱ/ժ է։ Այն կարող է բավականացնել մոտ մեկ օր, ինչն, իհարկե, շատ քիչ է։ Լիցքավորումն արագ է կատարվում, ինչի շնորհիվ կարելի է 30 րոպեում սարքը 50 տոկոսով լիցքավորել, բայց դա էլ հազիվ թե փրկի իրավիճակը. շատ օգտատերերի կարող է դուր չգալ, որ ստիպված է ժամացույցը լիցքավորել ամեն օր եւ դրա վրա ծախսել մեկ ժամ։

Google Pixel Watch

Ժամացույցն ունի նաեւ բարձրախոս եւ խոսափող, ինչի շնորհիվ այն կարելի է օգտագործել հեռախոսային խոսակցությունների համար։ Կան նաեւ էլեկտրասրտագրության եւ սրտի կծկումների հաճախականությունը չափող սենսորներ, ընդ որում՝ վերջինը, Google-ի հավաստիացմամբ, ամենաճշգրիտն է շուկայում։

Ժամացույցի վրա կան նաեւ GPS, NFC, Bluetooth 5.0 մոդուլ եւ Wi-Fi 4, WearOS 3.5։ Ժամացույցը կարելի է միացնել Android 8.0 կամ Android-ի ավելի թարմ տարբերակով աշխատող սմարթֆոնի։

Pixel Watch-ի գինը եւ ներկայացման ժամանակը

Սովորական Pixel Watch-ն արժե 350 դոլար, LTE մոդեմով տարբերակը՝ 400 դոլար։ Կորպուսի գույնը սարքի արժեքի վրա չի ազդում։

Ժամացույցի համար առաջարկվում է նաեւ գոտիների 20 տեսականի, այդ թվում՝ գործվածքից, էլաստիկ նյութից, կաշվից՝ նախատեսված ակտիվ սպորտի համար, եւ այլն։ 2023 թ. գարնանը խոստանում են թողարկել նաեւ մետաղական գոտիներ։ Pixel Watch գոտիների գներն սկսվում են 49 դոլարից։

Google Pixel Watch bands

Ժամացույցի գնորդներին խոստանում են YouTube Premium-ի երեք ամսվա եւ Fitbit Premium-ի վեց ամսվա անվճար բաժանորդագրություն։

Ժամացույցները խանութներում կհայտնվեն հոկտեմբերի 13-ին, բայց կարելի է նախապես պատվիրել արդեն հոկտեմբերի 6-ից։



© NEWS.am Medicine