Microsoft-ը Edge բրաուզերում Ethereum կրիպտոարժույթի դրամապանակ կինտեգրի

20 մարտի, 2023  12:56

Microsoft-ը նախատեսում է Edge բրաուզերում Ethereum կրիպտոարժույթի դրամապանակ ինտեգրել։ Twitter-ի Albacore անունով օգտատերն իր էջում հրապարակել է մի քանի սքրինշոթ, որոնք վկայում են այն մասին, որ Microsoft-ը նախատեսում է իր բրաուզերում ավելացնել կրիպտոարժույթներ և NFT թոքեններ ուղարկելու և ստանալու հնարավորություն։

Հանրային բանալիները կարող են փոխանցվել այլ օգտատերերի, որպեսզի ստանան վճարումները, մինչդեռ մասնավոր բանալիները կարող են օգտագործվել գործարքները հաստատելու համար:

crypto-wallet-edge-1.jpg (118 KB)

Նոր գործառույթը ներկայումս հասանելի է միայն սահմանափակ թվով ինսայդերների, որոնք մուտք ունեն Edge-ի բետա տարբերակին Dev Channel-ում: Այս ինսայդերների թվում են եղել նաև Bleeping Computer կայքի աշխատակիցները, որոնց հաջողվել է փորձարկել նոր հնարավորությունը։

Գրանցման ժամանակ նրանց խնդրել են կրիպտոդրամապանակը պաշտպանելու համար գաղտնաբառ մտածել, ինչպես նաև 12 բառից բաղկացած արտահայտություն, եթե գաղտնաբառը վերականգնելու անհրաժեշտություն ծագի։ Գրանցման ավարտից հետո դրամապանակը ստեղծել է եզակի նույնացուցիչ, որի շնորհիվ օգտատերը կկարողանա միջոցներն ստանալ Ethereum ցանցի միջոցով:

crypto-wallet-edge-2

«Տառերից և թվերից բաղկացած այս հասցեն նույնականացնում է ձեր դրամապանակը և օգտագործվում է այնպիսի գործարքների համար, ինչպիսիք են կրիպտոարժույթներ գնելը կամ դրանք ստանալը: Դուք կարող եք նաև օգտագործել QR կոդը ձեր հանրային հասցեն կիսելու համար»,- բացատրում է Microsoft-ը:

Կրիպտոարժույթի այլ դրամապանակների նման, Edge դրամապանակը ևս ունի մի քանի Ethereum օգտահաշիվների աջակցություն՝ թույլ տալով մեկից մյուսն անցնել: Կա նաև dApps ապակենտրոնացված հավելվածներին միանալու հնարավորություն և նորությունների բաժին, որպեսզի օգտատերը տեղեկացված լինի կրիպտոարժույթների շուկայի վերջին զարգացումների մասին։

Պարբերականի տվյալներով՝ Microsoft-ը համագործակցում է Consensys ընկերության հետ, որպեսզի օգտատերերը կարողանան կրիպտոարժույթներ փոխանակել Ethereum-ի, Dai Stablecoin-ի, Uniswap-ի, USD Coin-ի և Tether Coin-ի միջև:

Ավելին, Edge-ի բետա տարբերակի ծրագրային կոդում ապացույցներ կան այն մասին, որ բրաուզերում հետագայում կարող է հայտնվել նաև բիթքոյնի դրամապանակ։


 
  • Ամենաընթերցվածը

ամիս

շաբաթ

օր

 
 
 
 
  • Արխիվ