Թվային փոխակերպման ուղին հարթ անցնելու բանալին պլանավորման մեջ է. ֆինթեքի միջազգային փորձագետ Քրիս Սքիների մանտրան

16 մարտի, 2023  15:08

Թվային փոխակերպումն այսօր ամենատարբեր բիզնեսների և ոլորտների հաջողության հիմնական շարժիչ ուժն է: Երևանում ապրիլի 5-ին կկայանա առաջին Doing Digital Forum-ը` «Բացահայտելով թվային ապագան» խորագրով, որի հիմնադիրն ու կազմակերպիչը SPRING PR ընկերությունն է, համակազմակերպիչը՝ Ամերիաբանկը:  Ֆորումի նպատակը Հայաստանում ու համաշխարհային մակարդակում թվայնացման գործընթացի շուրջ առկա միտումների ու լավագույն փորձի ուսումնասիրությունն է, ձախողումների և մարտահրավերների քննարկումն ու լուծումների ուրվագծումը:

Ֆորումին ընդառաջ Tech.news.am-ը նախաձեռնել է հարցազրույցների շարք ֆորումի խոսնակների հետ: Մեկնարկը տալիս ենք ֆորումի գլխավոր խոսնակ Քրիս Սքիների հետ հարցազրույցով:

Պարոն Սքիները ֆինթեքի միջազգային փորձագետ է, The Finanser խորհրդատվական ընկերության հիմնադիրը, ինչպես նաև ֆինանսական տեխնոլոգիաների և բանկային գործունեության վերաբերյալ մի շարք բեսթսելլեր գրքերի հեղինակ, այդ թվում՝ «Digital Bank», «The Future of Banking» և «ValueWeb»:

Պարո՛ն Սքիներ, ինչպե՞ս եք սահմանում թվային փոխակերպումն ու, ըստ Ձեզ, ինչո՞ւ է այն այսօր այդքան կարևոր:

Թվային փոխակերպումը հիմնականում վերաբերում է անալոգային դարաշրջանում ստեղծված ընկերություններին, որոնք ֆիզիկական են և իրենց հիմքում՝ անալոգային: Նրանք չեն կարող արդյունավետ գործել բջջային ինտերնետի դարաշրջանում, քանի որ նրանց բիզնես մոդելը չի ստեղծվել թվային լինելու համար: Հետևաբար, այդ ընկերությունները պետք է անցնեն փոխակերպումների ուղիով և իրենց բիզնեսի ու բիզնես մոդելի հիմքում ներդնեն թվային բաղադրիչը: Այդ փոխակերպումը հեշտ չէ, դա նշանակում է, որ ֆիզիկական գործառնությունները դառնում են թվային, ինչն էլ գլխիվայր շրջում է բիզնեսը ֆիզիկական-անալոգայինից ցանցային-թվայինի: Իհարկե, դա բարդ խնդիր է, բայց անհրաժեշտ, քանի որ հաճախորդները՝ լինեն անհատներ, թե կորպորացիաներ, այժմ ցանցային են ու թվային:

Որո՞նք են թվային փոխակերպումը խթանող միտումներն ու տեխնոլոգիաներն այսօր և որո՞նք են ուրվագծվում ապագայի համար։

Առաջին հերթին՝ դա բջջային հեռախոսների ու պլանշետների ցանցն է: Որպես ընկերություն՝ այդ ցանցում հասանելի լինելու համար պետք է ունենաք հավելվածներ՝ թվային մասնաճյուղեր կամ խանութներ: Ձեզ անհրաժեշտ կլինեն APIներ (կիրառական ծրագրերի ինտերֆեյս). այն սեփական մշակումներն ու իր տեսակի մեջ լավագույն գործընկերային ծրագրերը համադրող ենթակառուցվածքն է: Այլ կերպ ասած՝ դա ընկերության միջին օղակն (middle office) է, որը կառավարում է էկոհամակարգը և տվյալներ ստանում վաճառքների և հաճախորդների հետ հարաբերությունների ստորաբաժանումից (back office): Ես սա անվանում եմ հավելվածների, APIների և անալիտիկայի բիզնես, որը մանրամասնորեն նկարագրված է իմ «Doing Digital» գրքում:

Ի՞նչ խորհուրդ կտաք այն կազմակերպություններին, որոնք նոր են սկսում թվային փոխակերպման իրենց ուղին։

Պլանավորել, պլանավորել ու էլի պլանավորել: Եթե չպլանավորեք, ապա ձախողելու եք. սա այն է, ինչ ես մշտապես կրկնում եմ: Այն պատշաճ իրականացնելու համար, չեք կարող այդ գործընթացը պարզապես պատվիրակել որևէ ստորաբաժանման: Սա հիմնարար վերափոխում է բիզնեսի ու բիզնես մոդելի համար, այդ իսկ պատճառով ողջ գործադիր թիմը պետք է հասկանա պահանջվող փոփոխությունները, որոնք, սովորաբար, երկար ժամանակ են պահանջում իրականացման համար: Դա պարզ կամ պատվիրակելի գործընթաց չէ: Եթե ցանկանում եք հաջողել, ապա պետք է ունենաք իրական առաջնորդ, ով իսկապես հասկանում է, թե ինչ է պահանջվում կրթելու, ուսումնասիրելու և պլանավորելու համար: Նա նաև պատասխանատու է գործադիր թիմին այդ գործընթացում ամբողջությամբ ներգրավելու համար:

Ի՞նչ թեմաներ եք պատրաստվում շոշափել Doing Digital Forum-ի շրջանակում:

Ֆորումի ժամանակ անդրադարձ կլինի թվային փոխակերպման վերաբերյալ այն հարցերին, որոնք մենք արդեն քննարկեցինք այս հարցազրույցի ժամանակ: Բացի այդ ես կխոսեմ նաև այն մասին, թե ինչպես են տեխնոլոգիաներն ու ֆինանսական ոլորտը աշխարհն ավելի լավ վայր դարձնում:

Ի՞նչ կտա ֆորումը մասնակիցներին:

Որքան գիտեմ, սա տարածաշրջանում ամենամեծ և կարևոր իրադարձությունն է, որը կենտրոնացած է բացառապես թվային փոխակերպման վրա: Հետևաբար, դուք կարող եք այս կարևոր միջոցառման մասնակիցը դառնալ Երևանում ու ստանալ այն գիտելիքը, ինչ ձեզ հարկավոր է, առանց Սինգապուր կամ Լաս Վեգաս այցելելու անհրաժեշտության այլ նմանատիպ միջոցառումների մասնակցելու նպատակով: Այս ամենին հավելենք նաև այն, որ դուք՝ հայերդ, ունեք համաշխարհային առաջատար մասնագետներ, ովքեր ևս ելույթներով հանդես կգան ֆորումի ժամանակ, և դուք, որպես մասնակից, կհեռանաք այնտեղից այն ամբողջ գիտելիքով, որ անհրաժեշտ է ձեր բիզնեսը թվային դարձնելու գործընթացը սկսելու համար:

***

Միջոցառման ինովացիոն գործընկերը Visa ընկերությունն է, ներդրումային գործընկերը՝ Apricot Capital-ը։

Ֆորումի շրջանակում ելույթների ու պանելային քննարկումների միջոցով բիզնեսի ու թվային տեխնոլոգիաների ոլորտում լավագույն փորձով, իրենց գիտելիքով և տեսլականով կկիսվի նաև ավելի քան 15 խոսնակ Սինգապուրի սոցիալական գիտությունների համալսարանից ու Forbes-ից, Visa, Apricot Capital, Revytech, Hexens, Beta Financial Technologies, ICDT Global ընկերություններից, ինչպես նաև ՀՀ կառավարությունից, SPRING PR ու Ամերիաբանկ ընկերություններից։

Doing Digital Forum-ի խոսնակները կպատմեն, թե ինչպես թվային փոխակերպումները ծառայեցնել բիզնեսի աճին, նոր տեխնոլոգիաների կիրառմամբ հասնել մրցակցային առավելության, կխոսեն տվյալների պաշտպանության և կիբերանվտանգության ռիսկերի կառավարման ու թվային փոխակերպման հաջողված նախաձեռնությունների մասին։ Անդրադարձ կլինի նաև կրիպտոարժույթներին, Metaverse-ին, NFT-ին, եկամտի հնարավոր աղբյուրներին և դրանց առնչվող ռիսկերին։

Doing Digital Forum-ը բոլոր նրանց համար է,  ովքեր հետաքրքրված են թվային փոխակերպմամբ, դրա ներդրմամբ ու թվային տնտեսության զարգացմամբ,  այդ թվում՝ բիզնեսի առաջնորդներ, ՏՏ մասնագետներ, ստարտափներ, ներդրողներ և վենչուրային կապիտալիստներ, PR-ի, մարքեթինգի ու վաճառքի մասնագետներ, պետական կառույցների աշխատակիցներ և այլն:


 
  • Ամենաընթերցվածը

ամիս

շաբաթ

օր

 
 
 
 
  • Արխիվ