NASA-ն տիեզերական քարշակ կկառուցի 2030 թ․ ՄՏԿ-ն ոչնչացնելու համար

15 մարտի, 2023  15:03

NASA-ն մտադիր է կառուցել տիեզերանավ, որը կկարողանա Միջազգային տիեզերական կայանը (ՄՏԿ) 2030 թ. (այդ ժամանակ է ավարտվում կայանի գործունեության ժամկետը) իր ներկայիս ուղեծրից դուրս բերել մթնոլորտում «վերահսկվող ոչնչացման» համար: Ինչպես տեղեկացնում է Space.com-ը, այս մասին տեղեկությունն առաջին անգամ հայտնվել է մարտի 9-ին, իսկ երեկ նոր մանրամասներ են հրապարակվել։

Մարտի 9-ին Սպիտակ տունը 2024 թ․ ֆինանսական տարում NASA-ի կարիքների համար ԱՄՆ Կոնգրեսից 27,2 միլիարդ դոլար էր խնդրել, ինչպես նաև 180 մլն դոլար տիեզերական քարշակման նոր սարքի մշակման համար, որը 2030 թ. կկարողանա ապահով կերպով ՄՏԿ-ն ուղղել դեպի օվկիանոս, ինչպես նաև կատարել մի շարք այլ գործողություններ։

Մարտի 13-ին NASA-ի պաշտոնյաները որոշ նոր մանրամասներ են բացահայտել նոր տիեզերանավի մասին։ Գործակալության տվյալներով՝ դրա գնահատված արժեքը կկազմի 1 միլիարդ դոլարից մի փոքր պակաս, սակայն ավելի ուշ այն կարող է նվազել կախված նրանից, թե օդատիեզերական ընկերություններից ինչ առաջարկներ կստացվեն։

Առայժմ ՄՏԿ-ի անվտանգ հեռացումը ուղեծրից պետք է իրականացվի ռուսական «Սոյուզ» բեռնատար անօդաչու տիեզերանավերից մեկի շարժիչների օգտագործմամբ։ Այնուամենայնիվ, NASA-ն նախընտրում է պահեստային տարբերակ ունենալ և որպես հիմնավորում նշում է առնվազն երկու միջադեպ։ Խոսքը 2022 թ․ դեկտեմբերին և 2023 թ․ փետրվարին «Սոյուզ» («Союз») և «Պրոգրես» («Прогресс») տիեզերանավի հովացման համակարգերից հեղուկի արտահոսքի մասին է։

Բացի դրանից, Ռուսաստանն արդեն չի բացառել նախատեսվածից շուտ ՄՏԿ-ից դուրս գալու հավանականությունը, ինչպես նաև հայտարարել է, թե հնարավոր է, որ ուղեծրում սեփական կայան կառուցի։ NASA-ն սա ևս մեկ պատճառ է համարել տիեզերական քարշակ կառուցելու համար:

Երկուշաբթի կայացած մամուլի ասուլիսի ժամանակ NASA-ն մի քանի այլ հետաքրքիր մանրամասներ է բացահայտել կապված 2024 թ․ ֆինանսական տարվա բյուջեի հետ (սկսվում է 2023 թ․ հոկտեմբերի 1-ից մինչև 2024 թ․ սեպտեմբերի 30-ը)։ Մասնավորապես, Մարսի վրա կյանքի հետքեր որոնելու եվրոպական ծրագրին (ExoMars) աջակցելու համար նախատեսվում է հատկացնել 30 մլն դոլար։ Ծրագրի շրջանակում նախատեսվում էր ռուսական հրթիռի և ռուսական վայրէջքի մոդուլի կիրառմամբ «Ռոզալինդ Ֆրանկլին» (Rosalind Franklin) հատուկ ռովերը հասցնել Մարս, սակայն 2022-ին «Ռոսկոսմոս»-ի և Եվրոպական տիեզերական գործակալության համագործակցությունն ընդհատվեց և, կարծես թե, արձակումն այժմ տեղի կունենա 2028-ից ոչ շուտ։ Ընդորում, դեռևս հայտնի չէ, թե NASA-ն ինչ ներդրում է մտադիր ունենալ նախագծում։  

Ըստ անցած շաբաթ հրապարակված տվյալների՝ NASA-ն նաև պատրաստվում է 8,1 միլիարդ դոլար ստանալ Artemis առաքելության համար, որը նախատեսում է մինչև 2020-ականների վերջը Լուսնի վրա ֆորպոստ ստեղծել: Երկուշաբթի կայացած մամուլի ասուլիսի ժամանակ NASA-ն հայտարարել է, որ հատկացված միջոցները մոտ ապագայում կծառայեն երկու կարևոր նպատակի՝ Artemis II-ի և Artemis III-ի գործարկումը համապատասխանաբար 2024 թ. նոյեմբերին և 2025 թ. դեկտեմբերին իրականացնելու համար։ 

Նշենք, որ Artemis I առաքելությունն ավարտվել է անցած տարվա դեկտեմբերի 12-ին: Այդ առաքելության շրջանակում Orion տիեզերանավը պտտվել է Լուսնի շուրջ, տվյալներ հավաքել, որոնք պետք է օգնեն հաջորդ առաքելությունների շրջանակում մարդկանց Լուսին իջեցնելու հարցում։ Artemis IV, որը նախապես նախատեսված էր 2027 թ․, այժմ կհետաձգվի մինչև 2028 թ․։ Այս առաքելության շրջանակում նախատեսում է հավաքել NASA-ի Gateway տիեզերական կայանը լուսնային ուղեծրում և նորից տիեզերագնացներ իջեցնել Լուսնի վրա:


 
  • Ամենաընթերցվածը

ամիս

շաբաթ

օր

 
 
 
 
  • Արխիվ