SpaceX-ը և T-Mobile-ը այս տարի կսկսեն փորձարկել արբանյակային բջջային կապը սովորական սմարթֆոնների համար

14 մարտի, 2023  16:14

SpaceX ընկերությունը, ամերիկյան T-Mobile բջջային կապի օպերատորի հետ համատեղ, այս տարի պատրաստվում է փորձնական ռեժիմով գործարկել բջջային արբանյակային կապի ծառայություն (satellite-to-cell), որը հասանելի կլինի ամենասովորական սմարթֆոնների օգտատերերին, հայտնում է CNBC-ն՝ վկայակոչելով SpaceX-ի վաճառքի հարցերով փոխնախագահ Ջոնաթան Հոֆելլերին։

«Կարծում եմ՝ մենք շատ բան կսովորենք այս աշխատանքից»,- Վաշինգտոնում կայացած Satellite 2023 համաժողովի ժամանակ ունեցած ելույթում ասել է Հոֆելլերը։

Արբանյակային ազդանշաններն ուղղակիորեն սմարթֆոններին և շարժական այլ սարքերին  փոխանցելու տիեզերական ծառայությունների շուկան հսկայական ներուժ ունի: Արբանյակային շատ ընկերություններ համագործակցում են բջջային օպերատորների հետ, քանի որ այս տեխնոլոգիան վերջիններիս թույլ է տալիս հասնել այնպիսի վայրեր, որտեղ բջջային ավանդական ենթակառուցվածքը հասանելի չէ:

SpaceX-ը և T-Mobile-ը համագործակցություն սկսելու մասին հայտարարել են անցած տարվա օգոստոսին: Մինչ օրս SpaceX-ը Երկրի ցածր ուղեծիր արձակել է մոտ 4000 Starlink արբանյակներ, իսկ անցյալ տարվա վերջին սկսել է տիեզերք ուղարկել Starlink V2 արբանյակներ, որոնք ունեն սմարթֆոններն այս արբանյակներին միացնելու համար անհրաժեշտ սարքավորումները:

Ընկերությունը նաև վերջերս արձակել է V2 Mini արբանյակների առաջին խմբաքանակը: Starlink արբանյակների նախորդ սերնդի համեմատ երկրորդ սերնդի բոլոր սարքերն ունեն ավելի մեծ և հզոր ալեհավաքներ:

Ջոնաթան Հոֆելլերը նաև ասել է, որ ամեն օր SpaceX-ը հավաքում է վեց արբանյակ և «հազարավոր» Starlink վերգետնյա տերմինալներ: Ընկերությունն արդեն հավաքել է հաջորդ սերնդի «մի քանի» արբանյակ, և դրանց զանգվածային արձակումները կսկսվեն միայն այն բանից հետո, երբ SpaceX-ն ավարտի հսկայական Starship հրթիռի մշակումը․ դրա օգնությամբ ավելի մեծ Starlink V2 սարքերը կարող են արդյունավետ կերպով տիեզերք դուրս բերվել, քան ներկայումս օգտագործվող Falcon 9-ի հրթիռի միջոցով:

Բացի դրանից, ըստ SpaceX-ի ներկայացուցչի՝ Starlink արբանյակային ինտերնետ ծառայությունն արդեն ունի «մեկ միլիոնից ավելի» ակտիվ օգտատեր: Ընկերության վերջին ֆինանսական հաշվետվության համաձայն՝ 2022 թ. Starlink-ը «դրական մնացորդ է ունեցել», իսկ արդեն 2023 թ․ ծառայությունը մտադիր է «սկսել գումար աշխատել»: 


 
  • Ամենաընթերցվածը

ամիս

շաբաթ

օր

 
 
 
 
  • Արխիվ