Apple-ում ղեկավար կազմի աննախադեպ արտահոսք է․ ինչո՞ւ են փոխնախագահները հեռանում ընկերությունից

14 մարտի, 2023  14:38

Apple-ը բախվել է ղեկավար պաշտոններ զբաղեցնող կադրերի աննախադեպ արտահոսքի հետ, գրում է Bloomberg-ը։ 2022 թ․ երկրորդ կեսից առ այսօր ընկերությունն այս կամ այն ​​պատճառով լքել է 11 բարձրաստիճան ղեկավար։ Նրանցից շատերը Apple-ում աշխատել են ավելի քան 15 տարի:

Apple-ից հեռացածների մեծ մասը զբաղեցրել է փոխնախագահի պաշտոն և զեկուցում էր անմիջապես ընկերության ղեկավար Թիմ Կուկին: Նրանք ընկերության ամենակարևոր մարդկանցից մի քանիսն էին և պատասխանատու էին Apple-ի բիզնեսի բազմաթիվ հիմնական ասպեկտների կառավարման համար:

Պարբերականը նշում է, որ ընկերությունից հեռացած 11 պաշտոնյաները եղել են այնպիսի ոլորտների ղեկավարներ, ինչպիսիք են արդյունաբերական դիզայնը, առցանց խանութը, տեղեկատվական համակարգերը, ամպային տեխնոլոգիաները, սարքավորումների և ծրագրային ապահովման մշակման ասպեկտները, օգտատերերի գաղտնիության խնդիրները, վաճառքները զարգացող շուկաներում, բաժանորդային ծառայությունները և գնումները:

Ուշագրավ է, որ Apple-ում կադրային արտահոսքն այս ոլորտներում վերջերս շատ ավելի մեծ է, քան նախկինում: Անցած տարիներին ընկերությունը կարող էր 12 ամսվա ընթացքում կորցնել մեկ կամ երկու փոխնախագահ:

Այս ընթացքում նոր ղեկավարների ներհոսք ընկերությունում ևս եղել է, գրում է Bloomberg-ը, սակայն, շատ դեպքերում ղեկավարների հեռանալուց հետո Apple-ը վերաբաշխել է պարտականությունները նրանց միջև, ովքեր մնացել են: Օրինակ՝ Apple-ի առցանց խանութի փոխնախագահ Աննա Մաթիասսոնին փոխարինել է նրա անմիջական տեղակալ Քերըն Ռասմուսենը։ Թոնի Բլեվինսի պարտականությունները, որը պատասխանատու էր գնումների համար, փոխանցվել են նրա գործընկերներ Դեն Ռոսկեսին և Դեյվիդ Թոմին։ Վաճառքի փոխտնօրեն Հյու Ասեմանի պարտականությունները, որը ղեկավարում էր զարգացող շուկաները, բաշխվել է Հնդկաստանի տարածաշրջանի հարցերով կառավարիչ տնօրեն Աշիշ Չոուդարիի և Եվրոպական շուկաների ավագ տնօրեն Խուան Կաստելանոյի միջև:

Ինչպես նշում է Bloomberg-ը, վերադասավորումները կարող են ազդել ոչ միայն բարձր պաշտոններ զբաղեցնողների, այլև ավելի ցածր օղակի աշխատողների վրա։ Apple-ի աղբյուրները նաև ասել են, որ տնօրենների և ավագ տնօրենների մակարդակի որոշ պաշտոնյաներ մոտ ապագայում գուցե թոշակի անցնեն:

Պարբերականը նշում է, որ Apple-ում անձնակազմի արտահոսքը կարող է մասամբ պայմանավորված լինել մենեջերներին վերապահված պարտականությունների, ընկերությունում բյուրոկրատիայի աճով, ինչպես նաև ներքին քաղաքականության առանձնահատկություններով և գերատեսչությունների միջև տարաձայնություններով, որոնք առաջացել են զարգացման համար նախատեսված միջոցների վերաբաշխման հետևանքով: 


 
  • Ամենաընթերցվածը

ամիս

շաբաթ

օր

 
 
 
 
  • Արխիվ