Հայաստանի ընկերությունների 90 տոկոսը, անգամ շատ ՏՏ ընկերություններ, դեռևս թվային հասունության չի հասել․ Քերոբյան

5 հոկտեմբերի, 2022  17:48

Կառավարության տնտեսական քաղաքականության անկյունաքարը արտադրողականության խթանումն է, ինչի իրականացման հնարավորությունները բավականին մեծ են բոլոր ոլորտներում։ Այս մասին Գլոբալ ինովացիոն ֆորում 2022-ի (GIF22) շրջանակներում իր խոսում նշեց ՀՀ Էկոնոմիկայի նախարար Վահան Քերոբյանը։

Այս նպատակին հասնելու համար կառավարությունը խնդիրը բաժանել է 3 մասի․

«Առաջինը սարքավորումների, հիմնական միջոցների և պետական ենթակառուցվածքների արդիականացումն է։ Տնտեսության արդիականացման ծրագրով վերջին մի քանի ամիսներին ավելի քան 350 շահառու ընկերություններ կառավարության սուբսիդավորմամբ ձեռք են բերել մեծ ու փոքր սարքավորումներ և ընդլայնել են իրենց արտադրական հնարավորությունները»։

Խնդրի երկրորդ հատվածը, ըստ Քերոբյանի, Հայաստանի տնտեսության մեջ բարձր որակավորում օտարերկրյա մասնագետների ներգրավումն է, որոնք նույնպես կարող են օգնել ընկերություններին խթանել արտադրողականությունը։

«Երրորդ քայլը, որը պատրաստվում ենք շուտով սկսել, օգնելն է հայաստանյան ընկերություններին թվային տրանսֆորմացիայի ենթարկվել։ Արհեստական բանականության (ԱԲ) մասին խոսելիս չպետք է մոռանանք, որ Հայաստանի ընկերությունների 90 տոկոսը, անգամ շատ ՏՏ ընկերություններ, դեռևս թվային հասունության չի հասել, այսպիսով արտադրողականության խթանման մեծ պոտենցյալ կա ընդամենը թվային տրանսֆորմացիայի միջոցով։ Դրանից հետո, երբ ընկերություններն արդեն բավական տվյալներ կկարողանան հավաքել իրենք իրենց մասին, մենք կարող ենք տեղափոխվել հաջորդ փուլ և օգնել նրանց արհեստական բանականության գործիքներ ներդնել իրենց գործունեության մեջ», - նշեց նախարարը։

Քերոբյանի խոսքով՝ թվային տրանսֆորմացիայի հետևանքով սպասելի է, որ շատ մասնագիտություններ Հայաստանում կվերանան, որոնցից է, օրինակ, հաշվապահությունը։

«Մեր կառավարության տեսանյունից՝ որպես ճշմարիտ բյուրոկրատներ, մենք սկսում ենք ԱԲ-ն կիրառել եկամտային համակարգում։ Բացի այդ, հարկային ծառայությունները արդեն կիրառում են ԱԲ գործիքներ, որոնցով կարողանում են բացահայտել օրինախախտումները։ Այլ ոլորտներում ունենք ԱԲ կիրառման պակաս, բայց գնում ենք փաստահեն որոշումների կայացման ուղղությամբ», - ասաց նա։

ARS_4901.JPG (1.77 MB)

Այս տարի նախատեսվում է ունենալ 14 տոկոս տնտեսական աճ, ինչը, ըստ Էկոնոմիկայի նախարարի, շատ բարձր ցուցանիշ է․

«Դրան նպաստում են մի շարք գործոններ՝ արդյունաբերական զարգացում, աճող ՏՏ ոլորտ, «ուժեղ» սպառում (սպառում, որն ուղղված է զարգացմանն ու գործունեության ընդլայնմանը, խմբ․) և տաղանդավոր մարդկանց ներհոսք Հայաստան»։

Քերոբյանի խոսքով՝ կառավարությունը նախորդ տարվանից կտրուկ մեծացրել է գիտության ֆինանսավորումը և մշակել ճանապարհային քարտեզ, որով նախատեսվում է գիտության բաժինը ՀՆԱ-ում հասցնել 1 տոկոսի․

«Մենք շատ ենք կարևորում այս ներդրումը, և արդեն նկատելի է երիտասարդների մղումը դեպի գիտություն»։


 
  • Ամենաընթերցվածը

ամիս

շաբաթ

օր

 
 
 
 
  • Արխիվ