2022-ին քիմիայի ոլորտում Նոբելյան մրցանակակիրներն են Բերտոզին, Մելդալը և Շարփլեսը. ի՞նչ են նրանք հայտնաբերել

5 հոկտեմբերի, 2022  16:49

Քիմիայի բնագավառում 2022 թվականի Նոբելյան մրցանակը կշնորհվի Քերոլայն Բերտոզիին (ԱՄՆ), Մորտեն Մոլդալին (Դանիա) և Բարրի Շարփլեսին (ԱՄՆ) «քլիք-քիմիայի և բիոօրթոգոնալ քիմիայի զարգացման համար»: Այս մասին ասվում է Նոբելյան կոմիտեի մամուլի հաղորդագրության մեջ։

Քլիք-քիմիան քիմիական ռեակցիաների ընտանիք է, որը հնարավորություն է տալիս ցանկալի մոլեկուլները արդյունավետ կերպով ստանալ ցանկացած պայմաններում: Բիօրթոգոնալ քիմիան ռեակցիաներ է, որոնք կարող են առաջանալ կենդանի համակարգերում՝ առանց կենսաբանական գործընթացներին խանգարելու:

Բարրի Շարփլեսի համար սա քիմիայի բնագավառում երկրորդ Նոբելյան մրցանակն է, 2001 թվականին նա մրցանակակիր էր դարձել ստերեոսելեկտիվ օքսիդացման ռեակցիաների համար։ Նա հինգերորդ գիտնականն է, որը երկրորդ անգամ արժանանում է այդ մրցանակին։

Շարփլեսը ծնվել է 1941 թվականի ապրիլի 28-ին Ֆիլադելֆիայում (ԱՄՆ, Փենսիլվանիա)։ 1968թ.-ին Ստենֆորդի համալսարանում ստացել է գիտությունների դոկտորի աստիճան, իսկ 1985թ.-ից հանդիսանում է ԱՄՆ Գիտությունների ազգային ակադեմիայի անդամ:

2000-ականների սկզբին նա մշակեց «քլիք-քիմիայի» հայեցակարգը, որն ապահովում է ռեակցիայի արագ ընթացքը և վերացնում անցանկալի կողմնակի արտադրանքները:

Մորտեն Մելդալը ծնվել է 1954 թվականի հունվարի 16-ին Դանիայում։ Ներկայումս նա Կոպենհագենի համալսարանի քիմիայի պրոֆեսոր է։ 1983-1988 թթ. եղել է Կոպենհագենի համալսարանի օրգանական քիմիայի գծով գիտաշխատող: 1985 - 1986 թվականներին աշխատել է Քեմբրիջի համալսարանում, մասնավորապես, Մոլեկուլային կենսաբանության լաբորատորիայում։

Մելդալը և Շարփլեսը իրարից անկախ մշակել են ազիդ-ալկինային ցիկլոդիցիան, արդյունավետ քիմիական ռեակցիա, որն այժմ լայնորեն կիրառվում է, մասնավորապես, դեղագործական արտադրանքի ստեղծման և գենետիկ քարտեզագրման համար:

Քերոլայն Բերտոզին ծնվել է 1966 թվականի հոկտեմբերի 10-ին Բոստոնում (ԱՄՆ, Մասաչուսեթս): Նա ներկայումս Սթենֆորդի համալսարանի պրոֆեսոր է։ 2005 թվականից նա ԳԱԱ անդամ է, իսկ 2011 թվականից՝ Բժշկական ակադեմիայի, 2018 թվականից՝ Լոնդոնի թագավորական ընկերության անդամ։ Բերտոզին աշխատում է բիոօրթոգոնալ քիմիայի ուղղությամբ։ Հանձնաժողովը նշել է, որ նա նոր մակարդակի է բարձրացրել քլիք-քիմիան և սկսել է օգտագործել այն կենդանի օրգանիզմների հետ աշխատելիս:

Նրա աշխատանքը նաև օգնեց հասկանալ, որ գլիկանները՝ շաքարի կառուցվածքները, պակաս կարևոր չեն, քան ՌՆԹ-ն և ԴՆԹ-ն: Գլիկանները քարտեզագրելու համար Բերտոզին կենդանի օրգանիզմների ներսում կենսաօրթոգոնալ ռեակցիաներ է իրականացրել, և դրանք չեն խախտել բջջի բնականոն քիմիական կազմը։

Հիշեցնենք, որ 2021 թվականի քիմիայի Նոբելյան մրցանակը շնորհվել է Բենջամին Լիստին (Գերմանիա) և Դեյվիդ Մակմիլանին (ԱՄՆ)՝ ասիմետրիկ օրգանոկատալիզի զարգացման համար։ 2020 թվականին Էմանուել Շարպանտիեն և Ջենիֆեր Դուդնան պարգևատրվեցին գենոմի խմբագրման մեթոդի մշակման համար, այսպես կոչված, CRISPR/Cas մոլեկուլային մկրատ:


 
 
 
 
  • Արխիվ