Էներգախնայողության ռեժիմ, նվագարկման արագության կարգավորումներ, թարմացումներ չատերում. Telegram-ում նոր թարմացում է թողարկվել

9 մարտի, 2023  16:40

Telegram մեսենջերը թարմացում է ստացել, որն օգտատերերին առաջարկում է մի շարք նոր հնարավորություններ, այդ թվում՝ էներգախնայողության ռեժիմ և մեդիաֆայլերի նվագարկման արագության ավելի ճկուն կարգավորումներ:

Էներգախնայողության ռեժիմ

Այժմ օգտատերերը հնարավորություն ունեն հավելվածը բերել էներգախնայողության ռեժիմի՝ կարգավորումներում անջատելով անիմացիաներն ու տեսողական էֆեկտները։ Սա կօգնի խնայել հեռախոսի մարտկոցի էներգիան և բարելավել կատարողականությունը հատկապես թույլ սմարթֆոնների դեպքում:

Հնարավոր է նաև էներգախնայողության ռեժիմը սահմանել այնպես, որ այն ինքնաբերաբար միանա, երբ մարտկոցի լիցքն իջնի օգտատիրոջ նշած մակարդակից։

Էներգախնայողության ռեժիմը կարող եք գտնել այցելելով մենյուի Կարգավորումներ (Settings/ Настройки) բաժինը, այնուհետև ընտրել Էներգախնայողություն (Energy Saving/ Энергосбережение) հրահանգը։

Նվագարկման արագության կարգավորում

Telegram-ում ցանկացած մեդիա բովանդակության նվագարկումն արագացնելու կամ դանդաղեցնելու հնարավորությունը հայտնվել է մի քանի տարի առաջ, սակայն վերջին թարմացումով ձայնային հաղորդագրությունները, տեսանյութերը և այլ ձայնագրությունները կարող են նվագարկվել 0,2x-ից մինչև 2,5x արագությամբ:

Թարմացումներ խմբային չատերում

Խմբային չատերում այժմ արդեն հնարավոր է տեսնել, թե երբ է յուրաքանչյուր մասնակից կարդացել հաղորդագրությունը:

Բացի դրանից, օգտատերերն այժմ հնարավորություն ունեն ընտրելու, թե ով կարող է մարդկանց  ավելացնել խմբերում: Դա կարելի է անել` այցելելով Կարգավորումներ (Settings/ Настройки) > Գաղտնիություն (Privacy/ Конфиденциальность) > Խմբեր և ալիքներ (Groups and channels/ Группы и каналы):

Սթիքերների տեսակավորում

Ամենաշատ օգտագործված սթիքերների փաթեթներն այժմ ավտոմատ կերպով տեղափոխվում է վերև, որպեսզի օգտատերը դրանք ավելի հեշտ գտնի: Այնուամենայնիվ, օգտատերը հիմա արդեն կարող է նաև անջատել այս ֆունկցիան։ Դրա համար հարկավոր է սեղմել սթիքերների պանելի վեցանկյուն պատկերակը և բացվող ընտրացանկում անջատել «Սկզբում վերջերս օգտագործվածները» ֆունկցիան։

Բոտերի ամբողջական տեղայնացում

Այս թարմացման շրջանակում ծրագրավորողները հնարավորություն ունեն ամբողջությամբ տեղայնացնելու իրենց բոտերը. այժմ հնարավոր է նկարագրությունը և «Ի՞նչ կարող է անել այս բոտը» բաժինը թարգմանել տարբեր լեզուներով:

Թղթապանակների բարելավված աջակցություն iOS հավելվածում

iOS-ով աշխատող սմարթֆոններում այժմ կարելի է մեկ հպումով թղթապանակի բոլոր չատերը նշել որպես ընթերցված: Կարելի է նաև հաղորդագրությունները վերահասցեավորելիս օգտագործել թղթապանակներ՝ ցանկալի չատն արագ գտնելու համար։ Հաջորդ թարմացումներից մեկի շրջանակում այս գործառույթները հասանելի կլինեն նաև Android հավելվածում։

Android-ով աշխատող սմարթֆոնների համար թարմացումն արդեն հասանելի է ինչպես Google Play-ում, այնպես էլ Telegram-ի կայքում։ iOS սարքերը այն կստանան Apple հավելվածների խանութի մոդերատորների կողմից հաստատվելուց հետո։ 


 
  • Ամենաընթերցվածը

ամիս

շաբաթ

օր

 
 
 
 
  • Արխիվ