Եզակի հնարավորություն՝ ավագ դպրոցի շրջանավարտների համար․ EPIC-ն սկսում է STRIVE Pre-U ծրագիրը

6 մարտի, 2023  16:50

Հայաստանի ամերիկյան համալսարանի (ՀԱՀ) Ձեռներեցության և նորարական տեխնոլոգիաների կենտրոնը (EPIC) մարտին կսկսի STRIVE Pre-U ծրագիրը՝ իր հայտնի STRIVE ծրագրի նմանությամբ: STRIVE Pre-U-ն 8-շաբաթյա խտացված ծրագիր է՝ հատուկ նախագծված ավագ դպրոցի 12-րդ դասարանի աշակերտների համար, որոնք պատրաստվում են ընդունվել համալսարան: Ծրագիրը աշակերտներին կծանոթացնի ձեռներեցության աշխարհին և ձեռնարկատիրական մտածելակերպին: 

«Մենք ունեցել ենք մի քանի ավագ դպրոցի ավարտական դասարանի աշակերտներ, որոնք բավականին մեծ հաջողությամբ մասնակցել են հիմնական STRIVE ծրագրին: Ահա թե ինչու մեզ մոտ միտք հղացավ կազմակերպել նոր ծրագիր  հետաքրքրված և բանիմաց աշակերտների համար, որոնք պատրաստվում են դիմել  համալսարան»,- ասել է STRIVE ծրագրի ղեկավար Ալիսա Չալախյանը։

Ծրագիրը նաև կզարգացնի երիտասարդ սերնդի դատողականությունը և ճկունությունը՝ թույլ տալով վերջիններիս իրենց տեղը գտնել և առաջ ընթանալ զարգացող Հայաստանում և աշխարհում՝ ձեռնարկատիրական վարքագծի և հմտությունների շնորհիվ:

«Ծրագրում ամեն-ինչ կենտրոնացած է խնդիրները լուծելու, ռեսուրսները մոբիլիզացնելու, նորարար լինելու և հասարակությանը տարբեր միջոցներով օժանադակելու մտածողության և հմտությունների զարգացման վրա»,- մանրամասնել է Չալախյանը՝ հավելելով, որ բացառապես ավագ դպրոցի աշակերտների համար նախատեսված այս նոր ծրագրով EPIC-ը նպատակ ունի նրանց տրամադրել առաջին իրական փորձը համալսարանական միջավայրում՝ նախքան կյանքի հաջորդ փուլ մտնելը:

Օգտագործելով  փորձառական և գործնական մեթոդաբանություն՝ ծրագիրը կխրախուսի մասնակիցներին իրենց սովորածը կիրառել իրական կյանքում և իրավիճակներում: STRIVE Pre-U-ն բաց է ավագ դպրոցի 12-րդ դասարանի աշակերտների համար, որոնք չունեն ձեռներեցության կամ ստարտափների հետ աշխատելու փորձ, բայց ցանկանում են սովորել և բաց են նոր գաղափարների և մոտեցումների համար: Ծրագիրը նպատակ ունի օգնել ավագ դպրոցի աշակերտներին զարգացնել արժեքավոր հմտություններ, ձեռք բերել համարձակություն և ունենալ դրական ազդեցություն:  

STRIVE-ը միտված  է ծառայելու որպես հայ ձեռներեցների ստարտափ ճանապարհորդության առաջին փուլ: Սա այն տեղն է, որտեղ տաղանդավոր անհատները առաջին անգամ ծանոթանում են ձեռներեցությանը և սկսում հասկանալ, թե ինչ է անհրաժեշտ հաջողության հասնելու համար: 

STRIVE Pre-U ծրագրի ղեկավար Սոնա Մարտիրոսյանն իր հերթին ասել է, որ ձեռներեցները մտածում են յուրահատուկ ձևով, և այնտեղ, որտեղ ուրիշները տեսնում են խնդիր, ձեռներեցները տեսնում են հնարավորություն:

«Մեր նոր ծրագիրը ձգտելու է ամրապնդել մասնակիցների առաջնորդության հմտությունները, միջանձնային հատկությունները և հուզական ինտելեկտը՝ դրանով իսկ սերմեր ցանելով աճող ստեղծարար և քննադատական մտածողության համար՝ խնդիրները բացահայտելու և լուծելու ճանապարհին: Ինչպես բոլորս գիտենք, երբ խոսքը ձեռներեցության մասին է, էականը ոչ թե այն է, թե ինչ եք մտածում, այլ այն, թե ինչպես ենք մտածում»,- ասել է Սոնա Մարտիրոսյանը, որը նախկինում աշխատել է STRIVE-ում որպես ծրագրի օգնական և փորձառու է ուսումնական ծրագրերի մշակման և «Ստարտափ Արմենիա» հիմնադրամի կողմից կազմակերպված Ստարտափ դպրոցում խմբերի ղեկավարման գործում։

STRIVE ծրագրի շրջանավարտներից Ազատ Հարությունյան մասնակցել է STRIVE ծրագրի երկրորդ խմբին, երբ ՀԱՀ-ում երրորդ կուրսի ուսանող էր։ «Ծրագրի ընթացքում ինչ-որ պահի ես արդեն մտածում էի՝ երանի STRIVE-ը հասանելի լիներ, երբ ես ավագ դպրոցում էի սովորում։ Ինչքան ավելի շատ էի մտածում ձեռներեցության մասին, այնքան իմ գաղափարներում ավելի հաստատակամ և ինքնավստահ էի դառնում։ Ես միայն ուրախ եմ, որ իմ երիտասարդ ընկերները կունենան այդ հնարավորությունը»,- ասել է Ազատ Հարությունյանը, որն այս պահին մասնակցում է EPIC-ի Ինկուբացիոն ծրագրին՝ EPIC Jam Ideathon-ի ընթացքում ստարտափ թիմ ստեղծելուց հետո։ 

STRIVE Pre-U ծրագրի գրանցումն այժմ բաց է, իսկ դիմումները ընդունվում են մինչև մարտի 10-ը։ 

STRIVE Pre-U ծրագիրը եզակի հնարավորություն է Հայաստանում ավագ դպրոցի շրջանավարտների համար։ STRIVE-ը իր տեսակով առաջին ծրագիրն է Հայկական ստարտափի համակարգում։ Նախագծված ներգրավելու հասարակության բոլոր խավերին՝ անկախ իրենց աշխատանքային փորձից կամ ստարտափ ծրագրի առկայությունից կամ բացակայությունից, ծրագիրը նպատակ ունի ձևավորել ձեռնարկատիրական մտածելակերպ՝ օգնելով սահմանել, վերլուծել և փորձարկել ձեռներեցության և նորարարության առանցքային հասկացությունները։ 

Հայաստանի ամերիկյան համալսարանի Ձեռներեցության և նորարարական տեխնոլոգիաների կենտրոնը ձեռնարկատիրական կրթության, համագործակցությունների ձևավորման և ստարտափ գաղափարների զարգացման հարթակ է։ Այն զարգացող ձեռնարկատերերին տրամադրում է էկոհամակարգ, որը հագեցած է առաջին կարգի հարմարություններով, համագործակցային աշխատանքային տարածքով, կազմակերպում է ծրագրեր, միջոցառումներ և ունի մենթորների, խորհրդատուների և ներդրողների ցանց։ EPIC-ը նպաստում է ձեռներեցության տարածմանը ՀԱՀ-ի ուսանողների և դասախոսների շրջանում՝ բարձր ազդեցություն ունեցող բազմամասնագիտական ձեռնարկումներ ստեղծելու համար։ 


 
  • Ամենաընթերցվածը

ամիս

շաբաթ

օր

 
 
 
 
  • Արխիվ