2022 թ․ դեկտեմբերին Twitter-ի հասույթն ու շահույթը նվազել են 40%-ով. ինչո՞ւ դա տեղի ունեցավ

6 մարտի, 2023  14:49

2022 թ․ դեկտեմբերին Twitter-ի հասույթն ու ճշգրտված շահույթը նվազել են 40%-ով։ Հիմնական պատճառներից մեկն այն է, որ շատ խոշոր գովազդատուներ հեռացել են սոցցանցից այն բանից հետո, երբ այն ձեռք բերեց Իլոն Մասկը։

Ինչպես գրում է Wall Street Journal-ը, սոցցանցի ձեռքբերումից ի վեր Մասկը փորձում է կայունացնել ընկերության ֆինանսական վիճակը։ Այնուամենայնիվ, պլատֆորմի ունեցած պարտքը բարդացնում է իրավիճակը. Twitter-ը գնվել է 44 միլիարդ դոլարով, սակայն ընկերության ծախսերն ամբողջությամբ ծածկելու համար Մասկին և մյուս բաժնետերերին պակասում էր 12,5 միլիարդ դոլար, ուստի պակասող գումարը ստիպված եղան վարկ վերցնել և բավականին բարձր տոկոսադրույքով։ Տարեսկզբին ընկերությունն ստիպված եղավ կատարել այս վարկի առաջին վճարումը՝ մոտ 300 մլն դոլարի չափով։ Ընկերության վարկերի տարեկան տոկոսավճարները, ըստ լրատվամիջոցների, գերազանցում են 1 մլրդ դոլարը։

2021 թ. Twitter-ի եկամուտների 90%-ը գոյացել է գովազդից։ Այնուամենայնիվ, հարթակը ձեռք բերելուց հետո Մասկն իր հակասական պահվածքով վանեց շատ գովազդատուների, որոնք լքեցին ընկերությունը. Twitter-ի գովազդային ծախսերը, ըստ Standard Media Index-ի (SMI), 2022-ի նոյեմբերին նախորդ տարվա համեմատ նվազել են 55%-ով, իսկ դեկտեմբերին՝ մոտ 71%-ով: Եվ դա չնայած այն հանգամանքին, որ Ամանորին ընկերությունները սովորաբար ավելացնում են իրենց գովազդային բյուջեն։

Այս տարվա հունվարի դրությամբ Twitter-ի 1000 լավագույն գովազդատուներից մոտ 625-ը դադարեցրել են գովազդը սոցհարթակում։ Դրանց թվում էին այնպիսի խոշոր ապրանքանիշեր, ինչպիսիք են Coca-Cola-ն, Unilever-ը, Jeep-ը, Wells Fargo-ն և Merck-ը: Գովազդատուների հեռանալու հետևանքով գովազդից ստացվող ամսական եկամուտը հոկտեմբերից հունվարի 25-ը նվազել է ավելի քան 60%-ով՝ մոտ 127 մլն դոլարից հասնելով 48 մլն դոլարի։

Որոշ խոշոր գովազդատուներ, այնուամենայնիվ, ի վերջո վերադարձան: Օրինակ՝ Apple-ը և Amazon-ը ամբողջությամբ վերսկսել են գովազդ գնել Twitter-ում: Իհարկե, մինչ այժմ դա առանձնապես չի ազդել հարթակի ֆինանսական վիճակի վրա։

Նախկինում Twitter-ը տարեկան շուրջ 4,5 միլիարդ դոլարի եկամուտ էր ստանում գովազդից: Թե որքան է այժմ սոցիալական ցանցն ստանում գովազդից, դեռ հայտնի չէ, բայց դատելով եկամտի ու հասույթի նկատելի կրճատումից՝ շատ ավելի քիչ։

Twitter-ի նոր սեփականատերը նախատեսում էր ընկերության եկամուտն ավելացնել Twitter Blue-ի վճարովի բաժանորդագրության միջոցով։ Դա գործարկել հնարավոր եղավ միայն մի քանի փորձից հետո՝ 2022 թ․ դեկտեմբերին։ Մեկ ամսում Twitter Blue-ի բաժանորդների թիվը կազմեց մոտ 290,000: Դեռ դժվար է ասել, թե արդյոք այս բաժանորդագրությունները կարող են օգնել բարելավելու ընկերության ֆինանսական վիճակը։

Ընկերության աշխատուժի զանգվածային կրճատումները, թերևս, նույնպես պետք է օգնեին Twitter-ը փրկել սնանկությունից: Ինքը՝ Մասկը, պնդում է, որ ընկերությունն արդեն փրկվել է սնանկացումից։


 
  • Ամենաընթերցվածը

ամիս

շաբաթ

օր

 
 
  • Կարդացեք նաև
 
 
  • Արխիվ