Մենք պետք է ունենանք մեր սեփական՝ հայկական արհեստական բանականությունը. Նուբար Աֆեյան

5 հոկտեմբերի, 2022  11:39

Այն ժամանակ, երբ վտանգված է ընդհանրապես հայկական պետությունը, մի փոքր դժվար է խոսել մեքենայացված ուսուցման, կենսաբանության կամ այլ գիտական տեխնոլոգիաների մասին, բայց մարտահրավերները մեզ ծանոթ երևույթներ են՝ որպես հայեր եւ որպես ստատափով զբաղվող գործարարներ: Այս մասին, այսօր՝ հոկտեմբերի 5-ին, Գլոբալ ինովացիոն ֆորումում իր ելույթի ժամանակ նշեց FAST-ի համահիմնադիր, Flagship Pioneering-ի հիմնադիր և գործադիր տնօրեն, ԱՄՆ-ի Moderna Inc.-ի համահիմնադիր և նախագահ Նուբար Աֆեյանը:

«Մենք ընտրում ենք այս պայմանները, որտեղ գոյաբանական պայքար ենք տանում: Մարտահրավերները ստիպում են մեզ կենտրոնանալ, լարել ուժերը: Մեր երիտասարդ պետության մարտահրավերները բազմաթիվ են. մենք ունենք ոչ համարժեք ռեսուրսներ, թերզարգացած տնտեսություն, ինստիտուցիոնալ կարողությունների բացակայություն, բարդ աշխարհագրական դիրք, եւ ինչպես միշտ, բազմաթիվ քաղաքական կոնֆլիկտներ: Մենք ունենք հսկայական տարածաշրջանային անապահովություն: Սփյուռքում մենք չէինք մտածում, որ Հայաստանի անկախությունը կարող է վտանգի տակ հայտնվել: Մենք ունենք մտահոգություն, եւ այդ մտահոգությունը կարող է դառնալ կառուցողական ուժ», - ասաց նա:

ARS_4775.JPG (6.44 MB)

Աֆեյանի խոսքով, մենք ապրում ենք մի դարում, որտեղ մարդու վրա ամենամեծ ազդեցությունն ունենալու է կենսաբանությունը, որն արդեն կապվում է տեխնոլոգիաների հետ.

«Մենք բացահայտում ենք խնդիրներ, որոնք կապված են ծերանալու, քաղցկեղի բուժման հետ, բայց պետք է նաեւ հիշենք, որ կյանքում կան բաներ, որոնք հասկանում ենք, բայց չենք կարողանում կառավարել:  Քանի՞ անգամ եք եղել մի վիճակում, երբ ամաչել եք ու ասել եք՝ սխալ գիտեմ: Ենթադրվում է, որ դուք միշտ պետք է ճիշտ լինեք, բայց կան դեպքեր, երբ կարող եք սխալվել: Եթե վախենում եք նորարարությունից կամ  ինչ-որ բան բացահայտելուց, ուրեմն դուք սխալ տեղում եք: Ամբողջ հարցն այն է, որ պետք է գնաք այնտեղ, որտեղ անորոշություն է, իսկ դրա համար ձեզ պետք է երեւակայություն: Եթե ուզում եք լինել հեղափոխական, պետք է հավատքով թռիչք անեք: Հավատքը չերեւացող բաների նկատմամբ վստահություն է, գիտության մեջ դու հավատում ես միայն փաստերին, եթե չկա փաստ, դու չպետք է հավատաս: Ես վստահ եմ, որ նորարարություների դեպքում պետք է  լինի ձեր երեւակայությունը օգտագործելու եղանակ, որ թռիչք կատարեք: Ինչ-որ պահի դուք պետք է հավատաք, որ դա կարող է գոյություն ունենալ: Օրինակ, Moderna-ի դեպքում, 2010-ին մենք մտածում էինք, որ կարող է լինել մի նյութ, որ ներարկենք հիվանդի օրգանիզմ եւ ստանալ դեղ, որը մեզ անհրաժեշտ է: Մենք 5-10 տարի զբաղվում էինք այս աշխատանքներով, մինչ մյուսները այլ դեղամիջոցներ էին ստեղծում: Հետո եկավ քովիդը եւ նոր տեխնոլոգիաներ օգտագործելու անհրաժեշտություն առաջացավ: Մենք ստեղծեցինք նոր բժշկական հարթակ, որտեղ էլ ձեւավորվեց այն լուծումը, որն անհրաժեշտ էր այդ ժամանակ», - ընդգծեց FAST-ի համահիմնադիրը:

Արհեստական բանականության եւ մեքենայական ուսուցման մասին խոսելով, նա նշեց.

«Դուք կարող եք վերցնել, օրինակ, Մոնեի կամ Վան Գոգի նկարները, կարող եք դրանց հիման վրա սովորեցնել մեքենային նույնիսկ այն, ինչը չգիտեր Մոնեն: Այսինքն դա սովորեցնում եք ու մեքենային ասում՝ նկարիր սա Մոնեի ոճով, եւ կտեսնեք տարբերությունը: Սա արդեն արվել է: Մենք վերցրել ենք այդ տեխնոլոգիան, կիրառել կենսաբանության ոլորտում: Ատում եմ «արհեստական բանականություն» եզրույթը․ մեր նպատակն է ունենանալ մեր սեփական՝ հայկական արհեստական բանականությունը: Ներկայի հետ բարդ է մրցակցել, անցյալը ճնշում է, բայց ես կուզենայի ունենալ այնպիսի միտք Հայաստանում, որը կողջունի արհեստական բանակությունը եւ զարգացնի այն: Եթե դուք վախենում եք ապագայից, ուրեմն փորձեք գտնել այդ հարցը լուծելու խնդիրը, եւ ԱԲ-ն կարող է ձեզ օգնել այդ հարցում»:

Նշենք, որ Երևանում, այսօր՝ հոկտեմբերի 5-ին, մեկնարկել է «Գլոբալ ինովացիոն ֆորում 2022»-ը` Հայաստանի գիտության և տեխնոլոգիաների հիմնադրամի (FAST) ամենամյա առանցքային միջոցառման հանդիսավոր բացումը։

NEWS.am-ը հանդիսանում է Գլոբալ ինովացիոն ֆորում 2022-ի ինֆորմացիոն գործընկերը:  


 
 
 
 
  • Արխիվ