Հայաստանում սկսվել են հայատառ էլփոստի գործարկման աշխատանքները․ Երևանում այդ առիթով կհրավիրվի միջազգային համաժողով

1 մարտի, 2023  16:37

Հայաստանում արդեն սկսվել են լիովին հայատառ էլփոստի գործարկման և «.հայ» դոմենային տիրույթի զարգացման աշխատանքները, այդ առիթով մարտի 28-ին Երևանում հրավիրվելու է միզազգային համաժողով, որը կհյուրընկալի պատվիրակներ մի շարք երկրներից։

Դոմենային անուննների և IP հասցեների գրանցման ինտերնետ կորպորացիայի (ICANN) հետ համագործակցությամբ՝ համաժողովը կազմակերպում է «Ինտերնետ հանրություն» ՀԿ-ն, որը որպես «.հայ» և «.am» դոմենային անունները կառավարող կազմակերպություն, ստանձնել է Հայաստանում շարժումն առաջ տանելու գործը։

Աշխարհում առաջին անգամ այս տարի կնշվի «Համընդհանուր ընդունման օրը»՝ «Ինտերնետը՝ բոլորի համար» խորագրով։ Հայաստանն ավելի քան 40 երկրից ընտրվել է որպես տարածաշրջանային համաժողովը հրավիրող երկիր՝ խաղաղօվկիանոսյան և ասիական տարածաշրջանի համար։

«Ինտերնետ հանրություն» ՀԿ-ն միջազգային համաժողովում կներկայացնի հայատառ «.հայ» դոմենի ընդունման և լիովին հայատառ էլ-փոստերի (օրինակ՝ հայատառ@էլհասցե.հայ) գործարկման հնարավորությունը։

«Համընդհանուր ընդունում» շարժման նպատակն ազգային տառերով դոմենները և էլ-փոստերը համաշխարհային մակարդակում տեխնիկապես ընդունելի և գործարկելի դարձնելն է։ Այսպիսով, ինտերնետը ու ազգային դոմեններով, օրինակ՝ «.հայ», «.中国» (Չինաստան), «.срб» (Սերբիա) կամ «.ලංකා»  (Լանկա) էլփոստերը հասանելի և մատչելի կդառնան բոլորի համար։


 
  • Ամենաընթերցվածը

ամիս

շաբաթ

օր

 
 
 
 
  • Արխիվ