iPhone-ների նոր դեֆիցի՞տ է սպասվում. Հնդկաստանի Foxlink գործարանում խոշոր հրդեհ է բռնկվել

1 մարտի, 2023  14:07

Հնդկաստանի Foxlink գործարանում, որն iPhone-ի լիցքավորման մալուխներ է արտադրում, խոշոր հրդեհ է բռնկվել, ինչը, փորձագետների կարծիքով, կարող է խաթարել iPhone հեռախոսների գլոբալ մատակարարումները։

Reuters-ի փոխանցմամբ՝ հրդեհը բռնկվել է փետրվարի 27-ի լույս 28-ի գիշերը։ Հրդեհի պատճառները դեռևս հայտնի չեն, սակայն, պարբերականի տվյալներով, հրդեհաշիջման սարքավորումների մեծ մասը՝ ներառյալ ծխի դետեկտորները, հրդեհային սրսկիչ համակարգը և հրշեջ հիդրանտները, անսարք են եղել, ինչի հետևանքով շատ ավելի երկար ժամանակ է պահանջվել հրդեհը մեկուսացնելու և մարելու համար։

Հրդեհի հետևանքով շենքի մի մասն ամբողջությամբ փլուզվել է, 10 հոսքագծերից չորսը կրիտիկական կերպով վնասվել են։ Գործարանի աշխատողներից ոչ ոք չի տուժել։

Աղբյուրի տվյալներով՝ հրդեհից փրկված վեց արտադրական գծերի աշխատանքը կարող է վերսկսվել միայն շաբաթվա վերջին, երբ մասնագետները վերականգնեն ՏՏ համակարգերն ու սերվերները։ Իսկ վնասված գծերի վերականգնման համար կպահանջվի մոտ երկու ամիս։

Բացի Foxlink-ից, որը գտնվում է Անդրա Պրադեշ նահանգի Չիտտոր շրջանում, Հնդկաստանում Apple-ն ունի մոտ 10 այլ ձեռնարկություն, սակայն Foxlink-ը համարվում է ընկերության հիմնական մատակարարն այս երկրում: Այս գործարանի աշխատանքի ընդհատման պատճառով iPhone-ների մատակարարման հետ կապված խնդիրներ կարող են առաջանալ բոլոր այն տարածաշրջաններում, որոնք ստանում են Apple-ի՝ Հնդկաստանում արտադրված սմարթֆոններ։

Հիշեցնենք, որ սա առաջին դեպքը չէ, երբ Apple-ի համար արտադրանք տվող գործարանում խնդիրներ են առաջանում։ 2022 թ․ Չինաստանի Չժենչժոու քաղաքում գտնվող Foxconn գործարանում զանգվածային անկարգություններ սկսվեցին՝ կորոնավիրուսի տարածմամբ պայմանավորված սահմանափակումների և աշխատավարձերի հետաձգման պատճառով, ինչը հանգեցրեց iPhone 14-ի արտադրության և մատակարարման հետ կապված խնդիրների։ Օրինակ՝ ընթացիկ եռամսյակում Apple iPhone 14 Pro-ի և iPhone 14 Pro Max-ի մատակարարման ծավալները նվազել են մոտ 15-20 միլիոնով: Այս խնդիրները, ըստ մասնագետների, կարող են ազդել նաև ընկերության հասույթի վրա, որն, ըստ եռամսյակի արդյունքների, կարող է կրճատվել 20-30%-ով:


 
  • Ամենաընթերցվածը

ամիս

շաբաթ

օր

 
 
 
 
  • Արխիվ