WhatsApp-ի մեսենջերի վերջին թարմացման մեջ նոր հնարավորություն է ավելացվել․ այսուհետ օգտատերերը կկարողանան սթիքերներ ստեղծել հեռախոսում առկա լուսանկարներից։ Սակայն այս հնարավորությունից կարող են օգտվել iOS օպերացիոն համակարգով աշխատող սարքեր ունեցողները։
Ինչպես հայտնում է WABetaInfo պորտալը, որպեսզի նոր գործառույթը ճիշտ աշխատի, հարկավոր է, որ օգտատիրոջ iPhone հեռախոսի վրա տեղադրված լինի iOS 16 օպերացիոն համակարգը։ Իրականում այս գործառույթն iOS-ում հայտնվել է դեռ անցած տարի, սակայն այդ ժամանակ դեռ չի եղել WhatsApp-ի աջակցությունը, որը փաստացի գործարկվել է հիմա։
Սեփական սթիքերն ստեղծելու համար անհրաժեշտ է բացել «Լուսանկարներ» հավելվածը, պատկերասրահից ընտրել կոնկրետ լուսանկարը, սեղմել դրա վրա, այնուհետև լուսանկարը քաշել և տանել WhatsApp-ի չատ։ Այդ ընթացքում մեսենջերը կառաջարկի լուսանկարը վերածել սթիքերի։ Դրանից հետո արդեն նորաստեղծ սթիքերը կպահպանվի օգտատիրոջ հավաքածուում։
Նախկինում WhatsApp-ում սեփական սթիքերները ստեղծելու համար օգտատերերը պետք է օգտագործեին երրորդ կողմի ծառայությունները, ինչը շատ ժամանակ էր պահանջում: Այժմ iPhone-ի օգտատերերը կարող են ստեղծել սթիքերներ պարզեցված ռեժիմով և ընդամենը մի քանի վայրկյանում։
Լուսանկարները սթիքերների փոխարկելու հնարավորությունը որոշ օգտատերեր ստացել են WhatsApp-ի բետա տարբերակում, սակայն այժմ այն հասանելի է դառնում բոլոր նրանց համար, որոնք օգտվում են WhatsApp 23.3.77 տարբերակից։
Այս գործառույթը հասանելի չէ Android-ի և օպերացիոն այլ համակարգեր օգտագործող հաճախորդների համար։
Վերջերս WhatsApp-ը մի շարք նոր գործառույթներ է գործարկել։ Օրինակ՝ օրերս մեսենջերի բետա տարբերակում ավելացվել էր մեկ այլ գործառույթ՝ Newsletter։ Ըստ Techcrunch.com-ի՝ խոսքը մեսենջերում լրահոսի մասին է, որում չեն լինի գովազդներ, իսկ ալգորիթմը օգտատերերի համար անհատականացված առաջարկություններ կստեղծի։ Լուրերի բովանդակությունը դասավորվելու է ժամանակագրական կարգով, ինչպես սովորական չատերը մեսենջերում։
WhatsApp-ը նաև այլ նոր ֆունկցիաներ է գործարկել վերջին շրջանում։ Դրանց շնորհիվ մեկ օգտահաշիվը կարող է օգտագործվել մի քանի սարքից, օգտատերերն այժմ կարող են նաև հաղորդագրություններ ուղարկել իրենք իրենց, իսկ մեկ այլ գործառույթ տեսազանգեր անելու ժամանակ թույլ է տալիս օգտվել այլ հավելվածներից։
Այս տարվա հունվարին մեսենջերը հայտարարեց, որ 2023-ի ընթացում կգործարկվեն մի շարք նոր գործառույթներ, ինչպիսիք են տվյալների փոխանցումը Android սարքերի միջև, գրառումների վերաբերյալ բողոքները, անհետացող հաղորդագրությունների պահպանումը, WhatsApp-ին միացում պրոքսի սերվերով, ջնջված հաղորդագրությունների վերականգնումը և այլն։
ամիս
շաբաթ
օր