Իլոն Մասկը վերադարձրել է աշխարհի ամենահարուստ մարդու տիտղոսը․ նրա կարողությունը հասել է $187 մլրդ-ի

28 փետրվարի, 2023  11:45

Իլոն Մասկը վերադարձրել է աշխարհի ամենահարուստ մարդու տիտղոսը և կրկին զբաղեցրել առաջին տեղը Bloomberg Billionaires Index-ում։ Tesla-ի բաժնետոմսերի 100% աճի պայմաններում նրա կարողությունը հասել է 187 մլրդ դոլարի:

Ըստ Bloomberg-ի՝ Tesla Inc.-ի բաժնետոմսերը կտրուկ աճել են մոտ 100%-ով հունվարի 6-ի օրական նվազագույնի համեմատ, քանի որ տնտեսական հզորության նշանների և Դաշնային պահուստային ֆոնդի կողմից տոկոսադրույքի բարձրացման տեմպերի դանդաղման ֆոնին ներդրողները նորից սկսել են դրույքներ կատարել ավելի ռիսկային բաժնետոմսերի վրա: Բացի դրանից, Tesla էլեկտրական մեքենաների մի քանի մոդելների գներն իջեցնելուց հետո դրանց պահանջարկը մեծացել է, իսկ դրանից շահել է նաև ընկերությունը և, իհարկե, դրա սեփականատերը։

2021 թ․ նոյեմբերին Մասկն աշխարհի ամենահարուստ մարդն էր՝ 340 մլրդ դոլար կարողությամբ: Այդ ժամանակից ի վեր, Forbes-ի գնահատմամբ, նա կորցրել է մոտ 182 մլրդ դոլար: Այլ աղբյուրներ պնդում են, որ իրական գումարը կարող է ավելի մոտ լինել 200 մլրդ-ի։ Այսպես թե այնպես նա նույնիսկ ռեկորդ սահմանեց՝ իրենից առաջ ոչ ոք մեկ տարում այդքան գումար չէր կորցրել։

Նման խոշոր կապիտալի կորստի պատճառը եղել է թե՛ Tesla-ի բաժնետոմսերի անկումը, և թե՛ 44 մլրդ դոլարով Twitter-ի ձեռքբերումը՝ այս գործարքի հետ կապված բոլոր սկանդալներով:

2023 թ․ հունվարի դրությամբ Մասկի կարողությունը կազմում էր մոտ 138 մլրդ դոլար։ Իսկ Bloomberg Billionaires Index-ի համաձայն՝ 2023 թ․ հունվարի 11-ի դրությամբ նրա կարողությունը կրճատվել է մինչև 129 մլրդ՝ տարեսկզբից նա կորցրել է ևս մոտ 0.5 մլն դոլար։

Դեռ 2022 թ․ Մասկը աշխարհի ամենահարուստ մարդու տիտղոսը զիջեց LVMH (Louis Vuitton Moët Hennessy) շքեղ ապրանքների կոնգլոմերատի հիմնադիր Բեռնար Առնոյին։ Այժմ Առնոն վերադարձել է երկրորդ տեղ․ Մասկի կարողությունը կազմում է 187,1 մլրդ դոլար, իսկ Առնոյինը՝ 185 մլրդ դոլար: Երրորդ տեղում Amazon-ի գործադիր տնօրեն և նախագահ Ջեֆ Բեզոսն է՝ 117 մլրդ դոլար կարողությամբ։


 
  • Ամենաընթերցվածը

ամիս

շաբաթ

օր

 
 
  • Կարդացեք նաև
 
 
  • Արխիվ