Twitter-ը կրճատել է աշխատուժի 10%-ը, այդ թվում՝ Twitter Blue-ի պատասխանատուին

27 փետրվարի, 2023  10:31

Twitter-ն աշխատանքից ազատել է առնվազն 200 աշխատակցի կամ իր ընդհանուր աշխատուժի մոտ 10%-ին, այդ թվում՝ Twitter Blue բաժանորդագրության պատասխանատու Էսթեր Քրոուֆորդին, հաղորդում է New York Times-ը։

Վկայակոչելով խնդրին ծանոթ մարդկանց՝ պարբերականը մանրամասնում է, որ կրճատումների այս ալիքը ներառել է արտադրանքի մենեջերների, տվյալագետների և ինժեներների, որոնք աշխատում էին մեքենայական ուսուցման և կայքի հուսալիության վրա, ինչն օգնում է, որպեսզի Twitter-ի տարբեր գործառույթները նորմալ աշխատեն։

Էսթեր Քրոուֆորդի ազատման մասին առաջինը գրել է Platformer պարբերականը։ Բացի Twitter Blue-ի բաժանորդագրությունից, Քրոուֆորդի պարտականությունները ներառում էին ապագա Twitter վճարային հարթակի ներդրման նախապատրաստական ​​աշխատանքները: Բացի Քրոուֆորդից, նրա թիմի մեծ մասը նույնպես կորցրել է աշխատանքը: Ի դեպ, Էսթեր Քրոուֆորդը, անցյալ տարվա հոկտեմբերի վերջին Իլոն Մասկի կողմից Twitter-ը գնելուց հետո համարվում էր ընկերության ակտիվ մենեջերներից մեկը, նա նույնիսկ լուսանկար էր հրապարակել, որում երևում էր, թե ինչպես է գրասենյակի հատակին տեղադրված քնապարկում գիշերում։

Կրճատված աշխատակիցներից ոմանք իրենց կարգավիճակի մասին իմացել են շաբաթ երեկոյան ստացված էլեկտրոնային նամակներից, մյուսները ստիպված են եղել դա կռահել կորպորատիվ տեղեկատվական համակարգերի նկատմամբ հասանելիությունը կորցնելուց հետո: Ազատված աշխատակիցների թվում էին նաև Revue և Ueno ստարտափների հիմնադիրները, որոնք Twitter-ը ձեռք էր բերել ավելի վաղ։

Այս տարվա հունվարի դրությամբ ընկերությունն ուներ մոտ 2300 ակտիվ աշխատող։ Հիմա փաստացի Twitter-ում մնում է մոտ 2000-2100 աշխատակից։ Երբ Մասկն անցած տարի ձեռք բերեց Twitter-ը, այն ուներ 3700 աշխատակից, դրանից հետո կրճատել է աշխատակիցների 2/3-րդից ավելիին։

The Verge պարբերականն ավելի վաղ տեղեկացրել էր, որ անցյալ շաբաթ աշխատանքից հեռացվել են Twitter-ի վաճառքի և ինժեներական բաժինների տասնյակ աշխատակիցներ, այդ թվում՝ Մասկի ուղղակի ենթականերից մեկը, որը վերահսկում էր ընկերության գովազդային բիզնեսի զարգացումը: Սոցցանցն անցյալ տարի ձեռք բերելուց հետո փաստացի սա կրճատումների երրորդ ալիքն է, որը նախաձեռնել է միլիարդատերը։ 

 


 
  • Ամենաընթերցվածը

ամիս

շաբաթ

օր

 
 
 
 
  • Արխիվ