2022-ին ֆիզիկայի Նոբելյան մրցանակի դափնեկիրներ են դարձել Ալեն Ասպեն, Ջոն Ֆ․ Կլաուզերը և Անտոն Ցայլինգերը․ ի՞նչ են նրանք բացահայտել

4 հոկտեմբերի, 2022  16:13

ֆիզիկայի 2022 թ. Նոբելյան մրցանակը շնորհվել է Ալեն Ասպեին, Ջոն Ֆ․ Կլաուզերին և Անտոն Ցայլինգերին՝ «խճճված ֆոտոնների հետ գիտափորձերի համար, որոնք հնարավորություն են տվել սահմանել Բելլի անհավասարության խախտումը», ինչպես նաև «քվանտային ինֆորմատիկայի զարգացման մեջ ներդրման համար»։ Այս մասին ուղիղ հեռարձակված միջոցառման ժամանակ հայտարարել են Կարոլինայի ինստիտուտի Նոբելյան ասամբլեայի ներկայացուցիչները։

Հետաքրքիր է, որ 2010 թ. այս երեք գիտնականներն արժանացել են Վոլֆի մրցանակի։

Nobel-physics-2022.jpg (171 KB)

Կլաուզերը և Բելլի տեսությունը

Իր աշխատություններում քվանտային մեխանիկայի մասնագետ Ջոն Կլաուզերը զարգացրել է ֆիզիկոս Ջոն Բելլի գաղափարները։ Վերջինիս տեսության համաձայն՝ հնարավոր է գիտափորձերի մի ամբողջ շարք իրականացնել, որի վիճակագրական արդյունքները կհաստատեն կամ կհերքեն քվանտային մեխանիկայի տեսությունում թաքնված պարամետրերի առկայությունը՝ անկախ նրանում նման թաքնված պարամետրերի իրական առկայությունից։

1999թ. Նոբելյան մրցանակի դափնեկիր Ջերարդ Հոֆթը սուպերդետերմինիզմի հնարավորության հիման վրա կասկածի տակ է դրել Բելլի տեսության հավաստիությունը և որոշ գաղափարներ է առաջարկել լոկալ դետերմինիստական ​​մոդելներ հիմնելու համար։

Այժմ գիտափորձի օգնությամբ այս տարվա դափնեկիր Ջոն Կլաուզերը ցույց է տվել, որ Բելլի անհավասարությունը խախտված է, ուստի քվանտային մեխանիկան չի կարելի  փոխարինել տեսությամբ, որը թաքնված պարամետրեր է օգտագործում։

Կլաուզերը ծնվել է 1942 թ․ Լոս Անջելեսի արվարձաններից մեկում՝ Փասադենայում։ 1966-1969 թվականներին աշխատել է Լոուրենս Բերքլիի անվան ազգային լաբորատորիայում, Լիվերմորի ազգային լաբորատորիայում և Կալիֆոռնիայի համալսարանում, որտեղ փորձարարական աշխատանք է կատարել Բելլի տեսության հիման վրա։           

Ասպեն և մնացած սողանցքները

Ալեն Ասպեն քվանտային օպտիկայի, թաքնված պարամետրերի տեսության և քվանտային խճճվածության մասնագետ է։ Իր հետազոտության ընթացքում նա փակեց թաքնված պարամետրերի հնարավոր գոյության համար Կլաուզերի գիտափորձից հետո մնացած «սողանցքները»՝ կանխելով չափման հնարավոր ազդեցությունը խճճված զույգ ֆոտոնների վրա, նախքան այն կլքի աղբյուրը:

Ասպեն ծնվել է 1947 թ. Ֆրանսիայում։ 1983 թ. դոկտորական դիսերտացիա է պաշտպանել  Բելլի անհավասարության թեմայով։

Նա գիտական ​​հանրությանն առաջին հերթին հայտնի է նրանով, որ կարողացել է բացատրել առանձին ֆոտոնների, ֆոտոնների զույգերի և ատոմների քվանտային և մեխանիկական վարքագծի հիմնարար ասպեկտները։ Բացի դրանից, նա մեծ ներդրում է ունեցել քվանտային աշխարհի ըմբռնման գործում։

Ցայլինգերը և խճճված զույգերը

Անտոն Ցայլինգերն, իր հերթին, ուսումնասիրել է խճճված զույգերի օգտագործումը։ Նրան և նրա թիմին հաջողվել է ցույց տալ մի երևույթ, որը կոչվում է քվանտային տելեպորտացիա, որը թույլ է տալիս քվանտային վիճակը տեղափոխել մի մասնիկից մյուսը հեռավորության վրա:

Ցայլինգերը ծնվել է ավստրիական Ռիդ-իմ-Ինքրայս քաղաքում 1945 թ.։ 1963-ից սովորել է Վիեննայի համալսարանի ֆիզիկամաթեմատիկական բաժնում, 1971 թ. պաշտպանել է նեյտրոնների ապաբևեռացման թեմայով դիսերտացիա։ Այսօր նա զբաղվում է գիտական ​​հետազոտություններով Ավստրիայի գիտությունների ակադեմիայի Քվանտային օպտիկայի և քվանտային տեղեկատվության ինստիտուտում (IQOQI):

Նախորդ դափնեկիրները

2021 թ․ Նոբելյան մրցանակ է շնորհվել Ջորջիո Պարիզիին (Իտալիա), Սյուկերո Մանաբուին (Ճապոնիա) և Կլաուս Հասելմանին (Գերմանիա): Պարիզին պարգևատրվել է «ֆիզիկական համակարգերում ատոմայինից մինչև մոլորակային մասշտաբի անկարգությունների և տատանումների փոխհարաբերությունների բացահայտման համար»։ Իսկ Մանաբուն և Հասելմանը մրցանակի են արժանացել «Երկրի կլիմայի ֆիզիկական մոդելավորման,  փոփոխականությունը քանակական գնահատման և գլոբալ տաքացումը հուսալիորեն կանխատեսելու համար»:

nobel-physics-2021.jpg (186 KB)

Իսկ 2020 թ. մրցանակի առաջին մասը ստացել է Օքսֆորդի համալսարանի մաթեմատիկայի վաստակավոր պրոֆեսոր 89-ամյա Ռոջեր Պենռոուզը, իսկ երկրորդ մասը կիսել են աստղագետներ Ռեյնհարդ Գենցելը (Գերմանիա) և Անդրեա Գեզը (ԱՄՆ): Պենռոուզը պարգևատրվել է «բացահայտման համար, որի համաձայն՝ հարաբերականության ընդհանուր տեսությունը հուսալիորեն կանխատեսում է սև խոռոչների ծնունդը»։ Իսկ Գենցելը և Գեզը պարգևատրվել են «մեր Գալակտիկայի կենտրոնում գերզանգվածային կոմպակտ օբյեկտի հայտնաբերման համար»: 

nobel-physics-2020.jpeg (195 KB)


 
  • Ամենաընթերցվածը

ամիս

շաբաթ

օր

 
 
 
 
  • Արխիվ