Ամասիա․ 200-300 միլիոն տարի անց Երկրի վրա կհայտնվի նոր գերմայրցամաք, իսկ Խաղաղ օվկիանոսը կանհետանա

4 հոկտեմբերի, 2022  14:25

200-300 միլիոն տարի անց Երկրի վրա կհայտնվի նոր գերմայրցամաք՝ Ամասիա, իսկ Խաղաղ օվկիանոսը կանհետանա։ Նման եզրակացության են եկել Ավստրալիայի Նյու Կերտին համալսարանի հետազոտողները, որոնք օգտագործել են գերհզոր համակարգիչ՝ պարզելու համար, թե ինչպիսի տեսք կունենա մեր մոլորակը մոտ ապագայում։

Մեր մոլորակն անընդհատ շարժման մեջ է, եւ խոսքը ոչ միայն Արեգակի շուրջ նրա պտույտի մասին է, այլ նաեւ այն մասին, որ նրա մակերեսը շարժվում եւ փոխվում է, պարզապես այդ փոփոխությունները նկատելի են դառնում միայն միլիոնավոր տարիների ընթացքում:

Մասնագետների հաշվարկների համաձայն, որոնք հրապարակվել են National Science Review-ում, 200-300 միլիոն տարի անց Երկրի վրա կձեւավորվի նոր գերմայրցամաք՝ Ամասիա, որը կառաջանա ժամանակակից ամերիկյան եւ ասիական մայրցամաքների միաձուլման արդյունքում։

Amasia supercontinent

Մայրցամաքների ձեւավորում

Գերմայրցամաքների ցիկլը համարվում է Երկրի տեկտոնական էվոլյուցիայի հիմնական առանձնահատկությունը։ Այն սկսվել է գրեթե 2 միլիարդ տարի առաջ, եւ այդ ժամանակից ի վեր մոտ 600 միլիոն տարի հաճախականությամբ ամբողջ ցամաքը միանում է եւ ձեւավորում  գերմայրցամաք, որից հետո այն բաժանվում է առանձին մայրցամաքների։

Ավելի քան 700 միլիոն տարի առաջ նախորդ գերմայրցամաքը սկսել է մասնատվել եւ «հետ մղել» Պանտալասա գերօվկիանոսը։ Երբ Երկրի վրա դեռեւս ապրում էին դինոզավրեր, այս օվկիանոսը հսկայական էր, բայց այդ ժամանակից ի վեր այն անընդհատ փոքրանում է։ Այսօր այն մեզ հայտնի է որպես Խաղաղ օվկիանոս, եւ հեռավոր ապագայում, ամենայն հավանականությամբ, այն ընդհանրապես գոյություն չի ունենա. առաջիկա 200-300 միլիոն տարիների ընթացքում Խաղաղ օվկիանոսը կփոքրանա հազարավոր մղոններով, եւ Ամերիկա ու Ասիա մայրցամաքները կմիավորվեն նրա տեղում՝ ձեւավորելով Ամասիան։

Հետազոտողները հաշվարկել են, որ ավելի երիտասարդ օվկիանոսները, ինչպիսիք են Ատլանտյանը եւ Հնդկականը, դժվար թե անհետանան տեկտոնական սալիկների շարժման հաջորդ ցիկլում:

Հետաքրքիր է, որ Ավստրալիա մայրցամաքը նույնպես կկատարի իր դերը. սպասվում է, որ Ամասիայի կազմավորումից առաջ այն նախ կբախվի Ասիային և կմիավորվի դրա հետ։

Ինչպիսի՞ն կլինի Ամասիան

Յոթ մայրցամաքների աշխարհագրական դիրքն այսօր մեծ ազդեցություն ունի ոչ միայն դրանց շրջակա միջավայրի եւ էկոհամակարգերի, այլ նույնիսկ դրանցում ապրող մարդկանց մշակույթի եւ կյանքի վրա:

Իսկ ինչպիսի՞ն կլինի կյանքը գերմայրցամաքում:

Մինչեւ Երկրի վրա Ամասիա գերմայրցամաքի ձեւավորումը կյանքը մոլորակի վրա արմատապես կտարբերվի այսօրվա կյանքից: Գիտնականների կանխատեսումների համաձայն՝ ծովերում ջրի մակարդակը կնվազի, իսկ գերմայրցամաքի ընդերքը կվերածվի չորային տարածքների։

Ցերեկային ջերմաստիճանը հնարավոր է շատ բարձր լինի։

Թե կոնկրետ ով կբնակեցնի մոլորակը այդ ժամանակ եւ որքան հարմարավետ կլինեն պայմանները, դժվար է կռահել։


 
  • Ամենաընթերցվածը

ամիս

շաբաթ

օր

 
 
 
 
  • Արխիվ