Twitter-ում կրկին զանգվածային կրճատումներ են․ Մասկը հանձնարարել է փոխել թիրախային գովազդի համակարգը

22 փետրվարի, 2023  14:33

Անցյալ տարվա նոյեմբերին Իլոն Մասկը Twitter-ի աշխատակիցների մոտ երկու երրորդին աշխատանքից ազատելուց հետո մնացած անձնակազմին վստահեցրեց, որ կրճատումները դրանով ավարտվում են։ Սակայն այժմ հայտնի է դարձել, որ չնայած այս հայտարարությանը, միլիարդատերը շարունակում է կրճատել անձնակազմը։ Բացի դրանից, Մասկը հանձնարարել է մեկ շաբաթվա ընթացքում փոխել թիրախային գովազդի համակարգը և հայտարաել է, որ Twitter-ը հաջորդ շաբաթ կհրապարակի իր առաջարկությունների  (recommendation) ալգորիթմի սկզբնական կոդը

Նոր կրճատումներ Twitter-ում

Ինչպես տեղեկացնում է The Verge պարբերականը, անցյալ շաբաթ աշխատանքից հեռացվել են Twitter-ի վաճառքի և ինժեներական բաժինների տասնյակ աշխատակիցներ, այդ թվում՝ Մասկի ուղղակի ենթականերից մեկը, որը վերահսկում էր ընկերության գովազդային բիզնեսի զարգացումը: Սոցցանցն անցյալ տարի ձեռք բերելուց հետո փաստացի սա կրճատումների երրորդ ալիքն է, որը նախաձեռնել է միլիարդատերը։

Բացի դրանից, Մասկը հանձնարարել է մեկ շաբաթվա ընթացքում փոխել թիրախային գովազդի համակարգը Twitter-ի հիմնական լրահոսում։ Մասկը մտադիր է նպատակային գովազդի համակարգը փոխել այնպես, որ այն աշխատի Google որոնողական համակարգի նման, այսինքն՝ առաջին հերթին կենտրոնանա բանալի բառերի վրա, այլ ոչ թե օգտատերերի գործունեության և պրոֆիլի տվյալների վրա: Ըստ աղբյուրի՝ այս մոտեցումը լավ է աշխատում որոնողական համակարգում, բայց դա չի նշանակում, որ այն լավ կաշխատի նաև սոցիալական ցանցերի դեպքում:

Twitter-ի մոնետիզացիայի հարցերով ինժեներ Մարցին Կադլուչկան, որն աշխատանքից հեռացվել է անցյալ շաբաթվա վերջին, կարծում է, որ ընկերությունը չի կարող թիրախային գովազդի համակարգը փոխել Մասկի կողմից սահմանված ժամկետում։ Նրա կարծիքով՝ դա կարող է տևել երկու-երեք ամիս։ Նա նաև հաստատել է, որ Իլոն Մասկը իսկապես մեկշաբաթյա վերջնաժամկետ է սահմանել անհրաժեշտ փոփոխություններն անելու համար Կադլուչկային աշխատանքից հեռացնելուց անմիջապես առաջ:

Twitter-ը կհրապարակի առաջարկությունների ալգորիթմի սկզբնական կոդը

Իլոն Մասկը հայտարարել է, որ Twitter-ը պատրաստվում է հաջորդ շաբաթ հրապարակել իր առաջարկությունների ալգորիթմի սկզբնական կոդը:  «Պատրաստվեք հիասթափվել սկզբում, երբ հաջորդ շաբաթ կհրապարակվեն մեր ալգորիթմի սկզբնական կոդերը, բայց այն արագ կբարելավվի»,- սոցցանցում գրել է Մասկը:

Ինչպես տեղեկացնում է Techcrunch.com-ը, այս որոշումը կօգնի Twitter-ը պաշտպանել ամերիկյան քաղաքական ուժերի կողմից հարթակի և դրա տեխնիկական հատկանիշների նկատմամբ չափազանց մեծ ուշադրությունից։ ԱՄՆ Գերագույն դատարանն այժմ քննարկում է մի դեպք, թե ինչպես է YouTube-ը ծայրահեղական ալիքներից տեսանյութեր առաջարկել շարքային օգտատերերին, իսկ քաղաքական տարբեր ուժեր հանդես են գալիս TikTok-ի առաջարկությունների ալգորիթմները վերլուծության ենթարկելու առաջարկներով:

Բացի դրանից, երբ Իլոն Մասկը գնեց Twitter-ը, նրա քաղաքական հակառակորդներից շատերը ընդհանրապես լքեցին հարթակը և տեղափոխվեցին նմանատիպ բաց կոդով ապակենտրոնացված Mastodon սոցիալական ցանց: Twitter ալգորիթմի հրապարակումը կօգնի դիմակայել նաև այս միտումին։


 
  • Ամենաընթերցվածը
 
 
 
 
  • Արխիվ