Փոփոխված դիզայն, USB-C միակցիչ, կոնդենսիվ կոճակներ․ հրապարկվել են iPhone 15 Pro-ի գծագրերի հիման վրա արված ճշգրիտ պատկերները

17 փետրվարի, 2023  17:35

9to5Mac կայքը հրապարակել է այս տարվա սեպտեմբերին թողարկվելիք iPhone 15 Pro սմարթֆոնի բացառիկ վիզուալիզացիաներ, որոնք հիմնված են 3D դիզայներ Յան Զելբոյի գծագրերի վրա։ Լուսանկարներից պարզ է դառնում, որ Apple-ի առաջատար սմարթֆոնում դիզայնի որոշ էական փոփոխություններ են նախատեսվում։

Գծագրերը, որոնց հիման վրա ստեղծվել են վիզուալիզացիաները, Apple-ը տրամադրում է Ասիայում գտնվող գործարաններին հեռախոսների պատյաններ պատրաստելու համար: Սա անհրաժեշտ է, որպեսզի սարքի գործարկման ժամանակ աքսեսուարներն արդեն հասանելի լինեն:

iphone-15-pro-cad-fi-1_large.png (275 KB)

Ամենաուշագրավ փոփոխությունը, թերևս, Lightning միակցիչից անցումն է դեպի ավելի հայտնի և հիմնական USB-C-ի։ Lightning միակցիչն iPhone-ի և Apple-ի աքսեսուարների մեծ մասում կիրառվում է 2012-ից ի վեր։

Մյուս փոփոխությունը եզրերի կորությունն է՝ ինչպես ապակու, այնպես էլ մետաղական շրջանակի վրա։ Ապակին մի փոքր թեքված է եզրերի շուրջը՝ ավելի հարթ անցում ապահովելով դեպի շրջանակը, որը նույնպես ավելի կոր է, քան նախկինում: Դրա շնորհիվ հեռախոսը ձեռքում պահելը կարող է ավելի հարմարավետ դառնալ։

iphone-15-pro-back_large.png (256 KB)

Հետևի տեսախցիկի հատվածի ելուստը նույնպես ավելի հաստ է, քան նախկինում, ինչից կարելի է ենթադրել, որ Apple-ը կարող է թարմացնել տեսախցիկի համակարգը: Տեսախցիկի դասավորությունը մնում է նույնը, ինչ iPhone 14 Pro-ի դեպքում է՝ երեք ոսպնյակով և LiDAR-ով, որոնք դասավորված են քառակուսի մոդուլի մեջ: Այս սերնդի տեսախցիկի ոսպնյակներն ավելի հաստ են, ինչը, հավանաբար, հուշում է, որ հաջորդ սմարթֆոնը պատկերի ավելի մեծ սենսորներ կունենա:

Հեռախոսի կողային մասում նկատելի են ձայնի կարգավորման և անջատիչի որոշ փոփոխություններ: Ձայնի կարգավորիչները նման են կոնդենսիվ կոճակների, այլ ոչ թե ֆիզիկական, որոնց մասին հաղորդվում էր: Անջատման կոճակը նույնպես վերափոխված տեսք ունի:

iphone-15-pro-side-by-side_large.png (817 KB)

Նշենք, որ Յան Զելբոն առաջինն էր, որը հրապարակել էր Google Pixel Watch-ի ճշգրիտ վիզուալիզացիան դրանց պրեզենտացիայից դեռ շատ առաջ:

Ավելի վաղ հաղորդվել էր, որ iPhone 15 Pro-ն կստանա էկրանի նորացված դիզայն՝ ավելի բարակ շրջանակներով: Բացի դրանից, էկրանը նախորդների համեմատ ավելի բարձր պայծառություն կունենա։ Ըստ ShrimpApplePro ինսայդերի՝ iPhone 15 շարքի սմարթֆոնները կունենան նույն չափերի էկրաններ, ինչ ներկայիս iPhone 14-ը՝ 6,1 և 6,7 դյույմ:

Աղբյուրը նաև հայտնել էր, որ iPhone 15-ի բազային մոդելները նոր տեսախցիկ կստանան։ Gsmarena.com-ն այդ ժամանակ գրել էր, որ  հավանաբար, խոսքն այն մասին է, որ հիմնական iPhone 15-ները կստանան 48 մեգապիքսելանոց տեսախցիկ, որն այժմ օգտագործվում է iPhone 14 Pro մոդելում: Ավելի վաղ նաև տեղեկություններ էին տարածվել այն մասին, որ iPhone 15-ը և 15 Plus-ը կստանան համապատասխանաբար 6,1 և 6,7 դյույմ անկյունագծով էկրաններ, ինչպես նաև USB Type-C միակցիչ։


 
  • Ամենաընթերցվածը

ամիս

շաբաթ

օր

 
 
 
 
  • Արխիվ