Թաբիբյանների հիմնադրամը 1 մլն դոլարի կրթաթոշակ կտրամադրի ՏՏ ոլորտի հայ ուսանողներին․ ովքե՞ր կարող են օգտվել դրանից

16 փետրվարի, 2023  14:20

ԱՄՆ Կալիֆոռնիա նահանգի Բըրբենք քաղաքից դոկտոր Նշան Թաբիբյանը և դոկտոր Ջեյմս Հակոբ Թաբիբյանը հիմնել են 1 միլիոն դոլար բյուջեով Թաբիբյան ընտանիքի կրթաթոշակային բարեգործական հիմնադրամ, որը կրթաթոշակներ կտրամադրի ՏՏ ոլորտի դասընթացներում ընդգրկված հայաստանցի ուսանողներին։

Ինչպես տեղեկացնում է Asbarez.com-ը, հիմնադրամը կառավարվելու է «Վարդանանց ասպետներ» (Knights of Vartan) կոչվող կազմակերպության հետ համագործակցությամբ:

Այս տարվա գարնանից և դրանից հետո ամեն տարի կրթաթոշակին դիմող ուսանողների անունները կտրամադրեն Երևանի պետական և Հայաստանի ազգային պոլիտեխնիկական համալսարանների գիտատեխնիկական ֆակուլտետները։

Կրթաթոշակները կտրվեն ակադեմիական գերազանցության, ֆինանսական կարիքների հիման վրա։ Բացի դրանից, կրթաթոշակն ստանալու համար դիմորդը պարտավորվում է ուսումն ավարտելուց հետո առնվազն հինգ տարի մնալ Հայաստանում։ Հայտերը ուսումնասիրելուց հետո վերջնական ընտրությունը կկատարի «Վարդանանց ասպետներ»-ի հանձնաժողովը։

Dr-Neshan-and-Dr-Hagop-Tabibian.jpg (71 KB)

Լուսանկարում՝ Նշան Թաբիբյանը (ձախից) և Ջեյմս Հակոբ Թաբիբյանը։

Հիմնադրամի նպատակն է ստեղծել ՏՏ ոլորտում բարձր պատրաստվածություն և հմտություններ ունեցող անհատների ապագա սերունդներ, որոնք կբարձրացնեն Հայաստանի տեխնոլոգիական կարողությունները՝ հանուն բարգավաճ և կայուն Հայաստանի: 


 
  • Ամենաընթերցվածը

ամիս

շաբաթ

օր

 
 
 
 
  • Արխիվ