Twitter-ը դարձել է առաջին սոցցանցը, որը մարիխուանայի գովազդ թույլ կտա

16 փետրվարի, 2023  11:31

Twitter-ը այս շաբաթ փոխել է իր քաղաքականությունը և դարձել առաջին սոցհարթակը, որն այսուհետ կանեփի (մարիխուանա) արտադրությամբ զբաղվող ամերիկյան ընկերություններին թույլ կտա իրենց արտադրանքը գովազդել իր սոցցանցում, թեև կան մի շարք սահմանափակումներ, տեղեկացնում է Reuters-ը։

Փաստացի դրանով Իլոն Մասկը, որը քննադատության էր արժանացել, երբ մարիխուանա էր ծխել փոդքասթներից մեկին հյուրընկալվելիս, հաստատել է լուրերն այն մասին, որ իր ղեկավարության օրոք Twitter-ն ավելի «բարյացակամ» կդառնա մարիխուանայի նկատմամբ։

musk .jpg (69 KB)

«Առաջ գնալով՝ Twitter-ը գովազդատուներին թույլ է տալիս խթանել բրենդի նախապատվությունը և կանեփին առնչվող տեղեկատվական բովանդակությունը CBD-ի [կաննաբիդիոլ], THC-ի [տետրահիդրոկանաբինոլ] և կանեփի հետ կապված ապրանքների և ծառայությունների համար»,- ասվում է սոցցանցի բլոգային գրառման մեջ:

Թեև այս փոփոխությունը թույլ կտա ընկերություններին կանեփ պարունակող ապրանքներ գովազդել, այդուհանդերձ, կլինեն որոշակի սահմանափակումներ առ այն, թե ինչն է կարելի գովազդել, իսկ ինչը ոչ։ Ինչպես նշում է Axios-ը, գովազդները չեն կարող ուղղակիորեն «խթանել կամ առաջարկել կանեփի վաճառքը», բացառությամբ կաննաբիդիոլ պարունակող որոշ ապրանքների: Կան նաև տարիքային և գտնվելու վայրի հետ կապված սահմանափակումներ։

«Կանեփի շատ գովազդատուների համար սա բեկումնային հնարավորություն է, որպեսզի հասնեն իրենց շուկաներին և գտնեն իրենց լսարանը՝ առանց որևէ զարտուղի լուծումների դիմելու»,- ասել է այս ոլորտում կրթությանը նվիրված առևտրային ասոցիացիայի՝ Կանեփի մեդիա խորհրդի (Cannabis Media Council) համահիմնադիր Էմի Դենեսոնը:

Twitter-ում նման գովազդ տեղադրելու համար ընկերությունները պետք է նախապես լիազորված լինեն Twitter-ի կողմից և բավարարեն բազմաթիվ պահանջների:

Այս ընկերությունները պետք է՝

  • Լիցենզավորված լինեն «համապատասխան մարմինների» կողմից,
  • Իրենց գովազդով պետք է թիրախավորեն միայն այն տարածքները, որտեղ իրենց ապրանքները կամ ծառայությունները առցանց գովազդելու արտոնագիր ունեն,
  • Չպետք է թիրախավորեն 21 տարեկանից ցածր անձանց,
  • Պետք է ստանձնեն իրավական ողջ պատասխանատվությունը կիրառելի օրենքներին և կանոնակարգերին համապատասխանելու համար:

Բացի դրանից, գովազդը չպետք է պարունակի որևէ պնդում կամ վիզուալ պատկեր այն մասին, որ տվյալ արտադրանքը օգտակար է առողջության համար։

Գովազդային ճգնաժամ

Այն պահից ի վեր, երբ Իլոն Մասկը ձեռք բերեց Twitter-ը, գովազդատուները զանգվածային կերպով սկսեցին լքել սոցցանցը։ Ըստ Pathmatics-ի տվյալների՝ Twitter-ի 1000 լավագույն գովազդատուներից մոտ 625-ը, ներառյալ խոշոր բրենդները, ինչպիսիք են Coca-Cola-ն, Unilever-ը, Jeep-ը, Wells Fargo-ն և Merck-ը, հունվարի դրությամբ դադարեցրել էին գովազդն այս սոցհարթակում։ Գովազդից ստացվող ամսական եկամուտը հոկտեմբերից մինչև հունվարի 25-ը նվազել է ավելի քան 60%-ով՝ շուրջ 127 մլն դոլարից մինչև 48 մլն դոլար։ Նախկինում Twitter-ը գովազդից տարեկան ստանում էր մոտ 4.5 մլրդ դոլարի եկամուտ։

Գովազդատուների հեռանալու տարբեր պատճառներ են նշվում՝ սոցհարթակի նկատմամբ վստահության պակաս, Twitter-ում աշխատողների զանգվածային կրճատումներ (ժամանակին ընկերությունն ուներ ավելի քան 7500 աշխատակից, այժմ մնացել է մոտ 2300-ը), ինչի պատճառով շատ գովազդատուներ կորցրել են իրենց կոնտակտային անձանց ընկերությունում և բախվել մի շարք դժվարությունների։ Սակայն, Financial Times-ի փորձագետները կարծում են, որ խոշոր գովազդատուների հեռանալու հիմնական պատճառը Իլոն Մասկի անձն է, որն անձամբ է զանգահարել որոշ ընկերությունների ղեկավարների և «նախատել» նրանց ու կոնֆլիկտներ ունեցել նրանց հետ։

Twitter-ը մի շարք նախաձեռնություններով է հանդես եկել գովազդատուների զանգվածային արտահոսքը դադարեցնելու և նրանց հետ բերելու համար: Օրինակ՝ սոցցանցը գովազդատուներին առաջարկել է անվճար գովազդ, ավելի բարենպաստ պայմաններ, վերացրել է քաղաքական գովազդի արգելքը, որը գործում էր 2019-ից, նաև ընկերություններին ավելի մեծ վերահսկողություն է տվել իրենց գովազդի տեղադրման հարցում։ 2022-ի դեկտեմբերին Apple-ը և Amazon-ը վերսկսել են գովազդը Twitter-ում։


 
  • Ամենաընթերցվածը

ամիս

շաբաթ

օր

 
 
 
 
  • Արխիվ