Տարեկան 70 միլիոն դոլար լրացուցիչ ներդրումը կօգնի Հայաստանին հայտնվել ԱԲ առաջատար 20 երկրների շարքում. Արմեն Օրուջյան

3 հոկտեմբերի, 2022  13:21

Հոկտեմբերի 5-6-ին Երևանում կկայանա այս տարվա կարևոր տեխնոլոգիական իրադարձություններից մեկը՝ չորրորդ Գլոբալ ինովացիոն ֆորումը, որն անցկացվում է Հայաստանի գիտության և տեխնոլոգիաների (FAST) հիմնադրամի կողմից: Այն Հայաստան կբերի ավելի քան քսան երկրի գիտնականների, ձեռներեցների, առաջատար տեխնոլոգիական ընկերությունների, ֆինանսական կառույցների, հետազոտական կենտրոնների ներկայացուցիչների:

«Կյանքը վերափոխող տեխնոլոգիաներ» խորագրով ֆորումի քննարկման հիմնական թեման արհեստական բանականության (ԱԲ) կիրառություններն ու հետագա զարգացման ուղղություններն են:

ԱԲ-ի թողած ազդեցության, դրանից սպասվող վտանգների, GIF-ի ձևաչափերի ու հիմնադրամի որդեգրած առաքելության մասին զրուցել ենք FAST-ի հիմնադիր տնօրեն Արմեն Օրուջյանի հետ:

Պարոն Օրուջյան, ինչո՞ւ է մեզ պետք արհեստական բանականությունը:

Մարդ արարածն ունի բազմաթիվ սահմանափակումներ: Մենք հոգնում ենք, հիվանդանում և ի վերջո մահանում: Քանի դեռ չենք հաղթահարել այս սահմանափակումները, շարունակելու ենք փնտրել ուղիներ մեզ ու մեր կողմից կատարվող աշխատանքը բարելավելու համար: Արհեստական բանականությունն անկասկած քվազի մարդու դեր է կատարում և որոշ դեպքերում, երբ մենք նայում ենք ինչ-որ ոլորտներում դրա կիրառություններին, ապա այն իսկապես գերմարդ է: ԱԲ-ն կզարգանա ու կկատարելագործի իր կարողությունները մեզ հետ, և մենք միասին հավանաբար կհասնենք լիովին նոր բարձունքների:

Ի՞նչ օգուտներ կարող ենք քաղել մոտ ապագայում ԱԲ-ի զարգացումից:

Արհեստական բանականությունը բուռն զարգացող տեխնոլոգիական ոլորտ է, որն ի զորու է վերափոխելու մեր սոցիալական ու մասնագիտական փոխազդեցությունների յուրաքանչյուր ասպեկտ: ԱԲ-ն որպես տեխնոլոգիա շատ արագ սկսել է աճել նախորդ երկու տասնամյակների ընթացքում և շարունակում է զարգանալ ու նշանակալի դեր ունենալ գիտության, արդյունաբերության և, ընդհանուր առմամբ, համաշխարհային շուկայում: Եկեք տեսնենք, թե որտեղ ենք մենք ծախսում մեր ժամանակի մեծ մասն ու հետազոտենք այն փոփոխությունները, որոնք կարելի է ակնկալել այդ ոլորտներում:

Օրինակ, տունը. մտածենք խելացի խոհանոցի մասին, որտեղ սառնարանը գիտի, թե ընտանիքը  շաբաթվա կտրվածքով ինչ մթերքների կարիք ունի՝ հիմնվելով նախորդ տվյալների և շաբաթական օրացույցին հասանելիություն ունենալու վրա: Սառնարանը կարող է ինքնուրույն չափել մթերքի կարիքներն ու տան խելացի WiFi-ի միջոցով միանալ տանը կցված սուպերմարկետին, օրինակ, Ամազոնի Whole Foods-ին, պատվիրել ապրանքներ, որոնք կառաքվեն հատուկ ժամին:

Ինչ վերաբերում է աշխատավայրին, որտեղ աշխատանքի մեծ մասը պահանջում է ճշգրտություն, ինչպես հաշվապահությունը, այն կատարվում է ենթադրաբար թվային օգնականի միջոցով, որն ընդմիջում չի անում, գրեթե չի սխալվում և երբեք չի ուշանում աշխատանքից կամ հաշվետվություններ տրամադրելիս: Եվ վերջապես, դպրոցը, որի դասացուցակների թարմացումները, ինչպես նաև նոր գիտելիքը հասանելի են դառնում համացանցում և թվային դասախոսական կազմը ուսանողներին առաջնորդում է ուսումնառության հնարավոր լավագույն գործընթացով: Եվ այս ամենը մեզ սպասվում է մոտ ապագայում:

Ի՞նչ է հարկավոր Հայաստանում ԱԲ-ի սրընթաց զարգացման համար:

Մենք ուսումնասիրություն ենք իրականացրել՝ հասկանալու համար ինչպես օգնել Հայաստանին հասնել գերազանցության ԱԲ ոլորտում և բացահայտել ենք, որ առաջիկա հինգ տարում լրացուցիչ 350 միլիոն դոլար ներդրում կատարելով կրթության մեջ, կարող ենք հայտնվել ոլորտում առաջատար 20 երկրների շարքում: Ներկայում մենք արհեստական բանականության համաշխարհային ինդեքսի 57-րդ տեղում ենք:

350 միլիոն դոլարը և մեծ գումար է, և գրոշներ՝ կախված ինչ տեսանկյունից ենք հարցին մոտենում: Մենք կարծում ենք՝ այն չափազանց փոքր ծախս կլինի, եթե ի վերջո որպես ազգ գանք այն մտքին, որ մրցունակ ու ծաղկող երկիր կառուցելու համար պետք է ներդրում կատարել արհեստական բանականության ոլոտում: Այս դեպքում, տարեկան լրացուցիչ 70 միլիոն դոլարը մասնագետների պատրաստման, գիտահետազոտության, փորձարարական աշխատանքների, ինչպես նաև գիտական արդյունքի առևտրայնացման համար այնքան էլ մեծ գումար չի դիտարկվի: Մենք տարեկան դրանից ավելին ենք ծախսում ոչ այնքան կրիտիկական ոլորտների վրա:

FAST-ն արդեն այս մասով տարբեր նախաձեռնություններ մեկնարկել է. ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության հետ ավագ դպրոցներում սկսում ենք «ԱԲ սերունդ» (Generation AI) ծրագիրը: Ներկայում այն պիլոտային ծրագիր է, որը հնարավորություն կտա ավագ դպրոցի աշակերտներին զարգացնել մաթեմատիկայի և արհեստական բանականության հմտությունները՝ ինչպես նաև կնպաստի կրթական համակարգի արդիականացմանը: Աշակերտները հնարավորություն կունենան ձեռք բերել կրեդիտներ, որոնք անցողիկ կլինեն համալսարաններում, ճիշտ այնպես, ինչպես ԱՄՆ ավագ դպրոցներում է: Կուզենայի նաև խոսել ԳՏՃՄ (գիտության, տեխնոլոգիաների, ճարտարագիտության և մաթեմատիկայի) ուղղությամբ ADVANCE դրամաշնորհային ծրագրի մասին, որը տեղացի գիտնականներին նշանակալի արժողության դրամաշնորհներ է տրամադրում մրցունակ հետազոտական ծրագրում ընդգրկվելու համար: Ընդհանուր առմամբ՝ մենք կառավարության կողմից տեսնում ենք հետաքրքրություն Հայաստանում ԱԲ ոլորտին աջակցելու ուղղությամբ: Համաշխարհային բանկի 2019 թվականի զեկույցի համաձայն՝ ԱԲ-ն հանդիսանում է առանցքային ոլորտ Հայաստանում, որը պետք է զարգացնել՝ հատկացնելով անհրաժեշտ ուշադրություն:

Ինչպե՞ս կարող է ԱԲ-ի զարգացումն ազդել աշխարհաքաղաքական հզորության եւ պատերազմական գործողություններում ներգրավվածության վրա:

Եթե ինչ-որ մեկը հարցնի, թե որտեղից մենք պետք է ակնկալենք զինված ուժերում հաջորդ բեկումնային տեխնոլոգիան, ես կասեմ՝ դա արհեստական բանականության ինտեգրումն է ԶՈՒ բոլոր ասպեկտներին՝ ցամաքային սենսորային սարքերից և զենքի կիրառությունից, որը սահմանապահ զորքերին հեռու կպահի վտանգներից, մինչև օդային տեսողություն, խուսափում և հարձակում՝ որպես զսպող միջոց սովորական ցամաքային շարժման և անզորների վրա հարձակման դեմ: Այս ամենին զուգահեռ կան նաև ԱԲ կիրառություններ տարբեր ստորաբաժանումների կիբերանվտանգության, հսկողության, հետախուզության և փոխգործունակության ոլորտներում:

Կարո՞ղ է արդյոք արհեստական բանականությունը վտանգավոր լինել: Հնարավո՞ր է՝ մի օր ծրագիրն ընդունակ լինի խմբագրել իր կոդն ու շեղվել այն գործառույթներից, որն ի սկզբանե ստեղծողի կողմից դրվել է դրա հիմքում:

Արհեստական բանականության վերաբերյալ կա մի կարևոր գործոն, որ պետք է հաշվի առնել. թեև այն մարդկային զարգացման մեծ լոկոմոտիվ է, բայց ունի նաև պոտենցիալ վտանգ այդ նույն մարդկության համար: Մենք պետք է կարողանանք հասցեագրել բոլոր հնարավոր ռիսկերն ու վստահ լինել, որ առաջ չենք շարժվում երևակայական հեռանկարով, այլ պրագմատիզմ ենք դրսևորում մեքենաներին առաջադրանք տալիս և արհեստական բանականությունը սոցիալական կյանքի տարբեր ասպեկտներում ինտեգրելիս: Պետք է արդարացիորեն նշեմ, որ ռիսկեր կան այն ամենում, ինչ մարդ արարածն անում է:

Արհեստական բանականությունն ու դրա կիրառությունները լինելու են GIF22-ի հիմնական թեմաները: Ովքե՞ր են լինելու միջոցառման հյուրերը:

Գլոբալ ինովացիոն ֆորումը (GIF) FAST-ի այցեքարտ համարվող նախագծերից է, որը վերադառնում է երկամյա դադարից հետո: Չորրորդ GIF-ը, որն անցկացվում է «Կյանքը վերափոխող տեխնոլոգիաներ» խորագրի ներքո, նպատակ ունի քննարկել նորագույն տեխնոլոգիաների դերը մարդկային կյանքի վրա և նպաստել համաշխարհային նորարարական քարտեզի վրա Հայաստանի տեղի ամրագրմանը: GIF22-ը բացառիկ հարթակ է գիտական աշխարհի առաջատար մասնագետներին, գործարարներին ու առաջնորդներին համախմբելու Հայաստանում, նպաստելու նրանց միջև գործընկերության հաստատմանն ու նոր բացահայտումների իրականացմանը:

Այս ֆորումի մեկնարկը տրվել է 2017-ին՝ «Մեքենայական ուսուցումը` գիտական հայտնագործությունների խթան» թեմայով NSF-FAST միջազգային աշխատաժողովով, որը հնարավոր դարձավ Հայաստանի գիտության և տեխնոլոգիաների հիմնադրամի և ԱՄՆ գիտության ազգային հիմնադրամի համագործակցությամբ՝ Հայաստան բերելով ոլորտի առաջատար մասնագետներին:

Միջոցառումն ի սկզբանե ստեղծվել էր հայկական գիտական համայնքի և նրանց արտասահմանյան գործընկերների միջև կապեր հաստատելու տեսլականով: Նախորդ տարիներին ընդհանուր առմամբ այս միջոցառումներին մասնակցել է 3500-ից ավելի մասնակից, 26 երկրից 170+ խոսնակ, ովքեր ներկայացրել են այնպիսի միջազգային ընկերություններն ու ակադեմիական ինստիտուտները, ինչպիսին են Google DeepMind, Google Brain, Facebook AI, Microsoft, Flagship Pioneering, Հարվարդի, Սթենֆորդի համալսարանները, Մասաչուսեթսի տեխնոլոգիական համալսարանը և այլն:

GIF22-ին կհյուրընկալվեն Moderna, McKinsey & Company, ABBY, IBM, Amazon, Flagship Pioneering, Whatsapp, Cognaize, Analog Devices, Huawei, AI Fund, Synopsis ընկերությունների, Համաշխարհային բանկի, տեղական ու միջազգային ֆինանսական կառույցների, միջազգային գիտահետազոտական կենտրոնների բարձր ներկայացուցիչները:

Միջոցառման գլխավոր բանախոսը Նուբար Աֆեյանն է, ով Moderna ընկերության համահիմնադիրն ու տնօրենների խորհրդի նախագահն է: Հիմնական զեկուցումներով հանդես կգան նաև Անդրե Անդոնյանը, ով աջակցում է McKinsey & Company-ին որպես Հյուսիսային Ասիայի պատվավոր նախագահ/հատուկ խորհրդական՝ այդ կառույցում իր 34-ամյա պաշտոնավարումն ավարտելուց հետո:

Արհեստական բանականության զարգացման համաշխարհային առաջնորդներից Դավիթ Յանը, ով ABBYY-ի, Yva.ai և AI People Analytics ընկերությունների հիմնադիրներից է, ևս հանդես կգա հիմնական բանախոսությամբ: GIF22-ին ներկա գտնվողները հնարավորություն կունենան մասնակցելու II-VI Incorporated ընկերության գլխավոր գործադիր տնօրեն Չակ Մատերայի, Flagship Pioneering ընկերությունից Ավակ Կահվեջյանի, Համաշխարհային բանկի Հայաստանի գրասենյակի տնօրեն Կարոլին Գեգինատի, IBM-ից Քիմ Դրեսենդորֆերի, CNN-ից Լարա Ֆարրարի, Huawei-ից Ահմեդ Ռիադի, ականավոր գիտնականներ Մարի Փափազյանի, Նիկոլայ Դոխոլյանի և շատ այլոց մասնակցությամբ քննարկումներին:

Ի՞նչ կարեւոր թեմաներ են քննարկվելու եւ ինչպե՞ս է GIF22-ը նպաստելու Հայաստանում արհեստական բանականության եւ տեղեկատվական տեխնոլոգիաների զարգացմանը:

Ի լրումն վերոնշյալի՝ կուզեի շեշտել, որ քննարկումների առանցքում լինելու են արհեստական բանականության կիրառությունները մարդկային կենսագործության տարբեր ոլորտներում՝ ֆինթեքից մինչև կրթության ոլորտ և ճշգրիտ բժշկություն. նորարարություններ, որոնք վերափոխում են տարբեր ոլորտներն ու ամբողջ աշխարհն՝ ընդհանուր առմամբ: 

Կարող է ԱԲ-ն օգնել մեզ ունենալ կայուն տնտեսություն և ինչ են առաջարկում խելացի լուծումները գերբնակեցված քաղաքներին և ուրբանիստական կենտրոններին: Ինչպես կարող են երկրները, ինչպիսին Հայաստանն է, օգտագործել ԱԲ ռազմավարությունը տվյալների պաշտպանության և թվային ենթակառուցվածքների մեջ: Եվ ինչպես կարող է այս ամբողջ հետազոտությունն ու նորարարությունը գտնել ֆինանսավորում:

Երկօրյա միջոցառումը փորձելու է պատասխանել այս բոլոր հարցերին: Ամենամյա այս ֆորումի հիմնական նպատակը Հայաստանը որպես գլոբալ ինովացիոն հանգույց դիրքավորելն է՝ միևնույն ժամանակ ամրապնդելով Հայաստանի ու համաշխարհային մասնագետների կապը, որպեսզի հիմք դրվի փոխշահավետ գործընկերության: Մեր խորը համոզմամբ՝ միջոցառման արդյունքում ծանոթությունների հաստատումն ու կապեր ձեռք բերելն ուղի կհարթի ԱԲ-ի ոլորտում նոր գիտական բացահայտումների համար: Սա անկասկած նշանակալի ազդեցություն կունենա Հայաստանում արհեստական բանականության զարգացման վրա:

Ի՞նչ նոր ձեւաչափերով կներկայանա այս տարվա GIF-ը:

GIF-ը կառաջարկի երկօրյա հետաքրքիր բանախոսություններ, պանելային քննարկումներ ու հարց ու պատասխան կյանքը վերափոխող տեխնոլոգիաների վերաբերյալ ականավոր գիտնականների, ձեռնարկատերերի և փորձագետների կողմից: Այս տարի ևս միջոցառման ընթացքում կկիրառվեն տարբեր ձևաչափեր։ Ավանդական խորքային գիտական քննարկումներին զուգահեռ GIF22-ի ընթացքում կլինի Fishbowl session-ը՝ քննարկման ոչ ֆորմալ ձևաչափ, որը թույլ է տալիս ներգրավել բոլոր մասնակիցներին։ Անկախ նրանից՝ ցանկանում եք ոգեշնչել, թե ոգեշնչվել, Դուք կգտնեք Ձեզ սրտամոտ մի բան:

FAST-ի առաքելությունն է վերափոխել Հայաստանի ապագան գիտության և տեխնոլոգիաների զարգացման միջոցով: Ի՞նչ քայլեր են արվում այդ նպատակին հասնելու համար:

Հայաստանի գիտության և տեխոլոգիաների հիմնադրամը հիմնադրվել է հինգ տարի առաջ այն համոզմամբ, որ Հայաստանի բարգավաճումն ու կայուն ապագան հնարավոր է միայն գիտական ​​և տեխնոլոգիական առաջընթացի միջոցով: Այս ամբողջ ընթացքում մենք ուսումնասիրել, փորձարկել և իրականացրել ենք ծրագրեր, որոնք ուրվագծել են Հայաստանի գիտական ​​և տեխնոլոգիական զարգացման ուղղությունը: Մենք ձգտում ենք աջակցել Հայաստանին մինչև 2041 թվականը դառնալու աշխարհի 10 լավագույն նորարար երկրներից և տվյալագիտության և արհեստական ​​բանականության ոլորտներում լավագույն 5 երկրներից մեկը:

Թեև գիտության և տեխնոլոգիաների միջոցով Հայաստանի ապագան վերափոխելու մեր տեսլականի իրականացումը բարդ է և մարտահրավերներով լի, մենք խորապես հավատում ենք, որ այն իրականանալի է: Վերոնշյալ նպատակին հասնելու համար FAST-ն իր գործունեությունը կենտրոնացրել է  երեք հիմնական ուղղություններով՝ կրթություն, գիտություն և գիտության առևտրայնացում, փոփոխություն բերելուն՝ որպես Հայաստանի գիտության, տեխնոլոգիաների և նորարարական էկոհամակարգի հիմնական տարրերի:

Գործունեության 5 տարիների ընթացքում հիմնադրամն իրականացրել է ավելի քան 30 ծրագիր՝ ներգրավելով 6000 շահառուների: Ներկայում FAST-ն ընդլայնում է իր հաջողված ծրագրերն ու զարկ տալից նոր նախագծերին:


 
 
 
 
  • Արխիվ