Հայտնաբերվել է Երկրի չափ էկզոմոլորակ, որն Արեգակից ընդամենը 72 լուսատարի է հեռու․ ինչո՞ւ է այս բացահայտումը կարևոր

15 փետրվարի, 2023  18:10

Հետազոտողների միջազգային թիմը, որն զբաղվում է, այսպես կոչված, տարանցիկ էկզոմոլորակներ փնտրելով, ևս մեկ բացահայտում է արել. գիտնականները Արեգակից ընդամենը 72 լուսատարի հեռավորության վրա հայտնաբերել են Երկրի նմանվող օբյեկտ:

Ինչպես տեղեկացնում է Space.com-ը, սովորաբար տարանցիկ են համարվում այն էկզոմոլորակները, որոնք պարբերաբար հատում են իրենց աստղերի սկավառակները, եթե դրանց շարժմանը հետևենք Երկրից կամ մերձերկրյա տարածությունից:

K2-415b-ն գտնվում է կարմիր գաճաճ K2-415-ի ուղեծրի վրա: Հետազոտողները հայտնաբերել են էկզոմոլորակը՝ ուսումնասիրելով այժմ չգործող Kepler տիեզերական աստղադիտակի, ինչպես նաև դրան հաջորդող TESS աստղադիտակի տվյալները: Թեև K2-415b-ն Երկրին ամենամոտ հայտնի էկզոմոլորակը չէ, տիեզերական մասշտաբով այն Երկրի ամենամոտ հարևաններից մեկն է համարվում: Բացի դրանից, այն ունի առանձնահատկություններ, որոնք, անշուշտ, հետաքրքրում են գիտնականներին:

Բանն այն է, որ K2-415 աստղը «ամենացուրտ» և ամենաքիչ զանգված ունեցողներից մեկն է, որոնք ունեն իրենց սեփական էկզոմոլորակները: Ընդհանուր առմամբ, հայտնի է, որ ավելի ցածր ջերմաստիճանի չորս աստղեր ունեն առնվազն մեկ էկզոմոլորակ, ներառյալ հայտնի TRAPPIST-1-ը, որն ունի դրանցից առնվազն յոթը:

Ինչո՞ւ է այս բացահայտումը կարևոր

Գիտնականները նման աշխարհներն ուսումնասիրում են, որպեսզի հասկանան, թե արդյոք մոլորակները նման աստղերի շուրջ են առաջացել Արեգակնային համակարգին բնորոշ սցենարով, թե՞ այլ կերպ։ Կարմիր թզուկները ավելի սառն են և շատ ավելի քիչ զանգված ունեն, քան Արեգակը և նմանատիպ լուսատուները: K2-415-ի մակերեսի ջերմաստիճանը կազմում է մոտ 2900 աստիճան Ցելսիուս՝ համեմատած Արեգակի 5480 աստիճանի հետ: Աստղի տրամագիծը կազմում է Արեգակի տրամագծի 0,2 չափը, իսկ զանգվածը՝ ընդամենը 0,16 չափը։

K2-415b.JPG (44 KB)

Գիտնականների կարծիքով՝ որքան շատ էկզոմոլորակներ հայտնաբերվեն, այնքան ավելի շատ բան հնարավոր կլինի պարզել դրանց աստղային համակարգերի մասին և այնքան մեծ կլինի պոտենցիալ բնակելի աշխարհ գտնելու հավանականությունը: K2-415b-ն իր աստղի բնակելի գոտում չի գտնվում (որտեղ ջուրը կարելի է պահել հեղուկ վիճակում, որն անհրաժեշտ է կյանքի ծագման և պահպանման համար): Մոլորակն այնքան մոտ է իր աստղին, որ նրա շուրջը պտտվելու համար պահանջվում է ընդամենը 4 երկրային օր։

Այնուամենայնիվ, կա հավանականություն, որ համակարգում կարող է հայտնաբերվել բնակելի գոտում հետազոտության համար ավելի հեռանկարային մոլորակ: Հետագա հետազոտությունները կպարզեն, թե արդյոք մոլորակն իսկապես միայնակ է համակարգում, թե՞ կան նաև այլ նմուշներ, որոնք ավելի հետաքրքիր են կյանքի որոնման տեսանկյունից։

Բացի դրանից, հետազոտողները հույս ունեն շարունակել K2-415b-ի ուսումնասիրությունը՝ որոշելու դրա զանգվածը և ներքին կառուցվածքը: Նախնական հաշվարկներով՝ մոլորակը երեք անգամ ավելի մեծ զանգված ունի, քան Երկիրը, չնայած այն հանգամանքին, որ դրա շառավիղը Երկրի շաղավիղից ընդամենը 1,015 անգամ է մեծ։

Հիշեցնենք, որ վերջերս Գիտնականները գտել են պոտենցիալ բնակելի մոլորակ, որը Երկրից ընդամենը 31 լուսատարի է հեռու։ Wolf 1069 b-ն, որը պտտվում է կարմիր Wolf 1069 գաճաճ մոլորակի շուրջը, պոտենցիալ քարքարոտ մոլորակ է, որի զանգվածը 1,26 անգամ ավելի է, քան Երկրի զանգվածը, իսկ չափերով այն 1,08 անգամ մեծ է Երկրից: Եվ այս բոլոր տվյալները, և մոլորակի հեռավորությունը աստղից, որի շուրջ այն պտտվում է, գիտնականներին թույլ են տալիս ենթադրել, որ այս մոլորակի մակերեսին հնարավոր է հեղուկ ջուր լինի։


 
  • Ամենաընթերցվածը

ամիս

շաբաթ

օր

 
 
 
 
  • Արխիվ