Երկրին է մոտենում մեծ աստերոիդ․ ի՞նչ չափեր ունի այն և արդյո՞ք վտանգավոր է

15 փետրվարի, 2023  10:39

Չորս հարյուր տարվա ընթացքում առաջին անգամ 2005 YY128 անունն ստացած մեծ աստերոիդը առավելագույնը կմոտենա Երկրին։ Թեև այն անմիջական վտանգ չի ներկայացնում մոլորակի համար, նման երկնային մարմինները համարվում են պոտենցիալ վտանգավոր իրենց բնութագրերի պատճառով. տեսականորեն աստերոիդի չափը դրան թույլ կտա ոչնչացնել մարդկությունը մեր մոլորակի հետ բախման դեպքում:

Ինչպես տեղեկացնում է Space.com-ը, աստերոիդը Երկրին կմոտենա առավելագույնը՝ 4,5 միլիոն կմ հեռավորության վրա, ինչը տեղի կունենա փետրվարի 16-ին՝ Երևանի ժամանակով 04:46-ին։ Այնուամենայնիվ, այս հեռավորությունը մոտ 12 անգամ ավելի մեծ է, քան Երկրից Լուսին ընկած հեռավորությունը։ Ուստի, թերևս, վախենալու ոչինչ չկա:

2005 YY128 աստերոիդը հայտնաբերել են Քիթ Պիկ աստղադիտարանի գիտնականները 2005 թ․։ Վերջին 17 տարիների ընթացքում աստղագետները ճշգրիտ որոշել են դրա ուղեծիրը։ Սակայն աստերոիդի չափերը դեռ հավաստի գնահատական ​​չեն ստացել։ Գիտնականների կարծիքով՝ երկնային մարմնի տրամագիծը 580 մ-ից մինչև 1,3 կմ է։ Դրա պատճառով այն որակվում է որպես պոտենցիալ վտանգավոր աստերոիդ․ այս որակումը վերագրվում է 140 մ տրամագծով տիեզերական օբյեկտներին, որոնց ուղեծրերը գտնվում են Երկրից մինչև 0,05 աստղագիտական ​​միավոր հեռավորության վրա: Ամբողջական աստղագիտական ​​միավոր է համարվում Երկրից Արեգակ ընկած հեռավորությունը՝ մոտ 150 մլն կմ։

Աղետալի հետևանքներ

Գիտնականները համարում են, որ 1 կմ-ից ավելի տրամագծով մերձերկրյա ամենամեծ աստերոիդները կարող են աղետալի փոփոխություններ առաջացնել Երկրի հետ բախման դեպքում, նման սցենարի պարագայում դրանք կարող են ոչնչացնել մարդկային քաղաքակրթությունը և նույնիսկ հանգեցնել տեսակի լիակատար ոչնչացմանը: 140 մ-ից մինչև 1 կմ տրամագիծ ունեցող ավելի փոքր օբյեկտները Երկրի հետ բախման դեպքում կարող են տարածաշրջանային աղետների պատճառ դառնալ, ավերել ընդհուպ մինչև ամբողջական  մայրցամաքներ և հանգեցնել հարյուր միլիոնավոր, եթե ոչ միլիարդավոր մարդկանց մահվան: Այնուամենայնիվ, հաշվի առնելով Երկրից 2005 YY128 հեռավորությունը, վախենալու կարիք չկա։

Հատկանշական է, որ այս աստերոիդի մոտեցումը տեղի կունենա Չելյաբինսկում 2013 թ, փետրվարի 15-ին երկնաքարի ընկնելու տարեդարձից մեկ օր անց։ Այդ աստերոիդն ընդամենը մոտ 20 մ տրամագիծ ուներ, բայց նույնիսկ դրա պայթյունի հետևանքով Չելյաբինսկում հազարավոր պատուհաններ էին կոտրվել, շատերը վախեցել էին: Հենց այդ միջադեպը ստիպեց ավելի մեծ ուշադրություն դարձնել մերձերկրյա օբյեկտներին. Փաստացի, մինչև իր պայթյունը Չելյաբինսկի երկնաքարը աննկատ էր մնացել:

Չելյաբինսկի դեպքից մի քանի տարի անց, որի հետևանքով միայն պատահաբար ոչ ոք չմահացավ, NASA-ն բացեց մոլորակների պաշտպանության հարցերով զբաղվող հատուկ գործակալություն (Planetary Defense Coordination Office), և Երկիրը պաշտպանելու նախագծին միացան գիտնականներ ամբողջ աշխարհից։ Այսօր արդեն գիտնականները ժամանակին և ավելի շատ տեղեկություններ են ստանում Երկրին մոտ գտնվող օբյեկտների մասին։

Հիշեցնենք, որ օրեր էր Լա Մանշի վրա երկնաքար էր ընկել։ Աստղագետներից մեկն այն հայտնաբերել էր ընկնելուց ժամեր առաջ։


 
  • Ամենաընթերցվածը

ամիս

շաբաթ

օր

 
 
 
 
  • Արխիվ