Բրազիլիայում հարկերն այսուհետ կկարողանան վճարել կրիպտոարժույթով, իսկ ԱՄԷ-ն սեփական թվային արժույթը կստեղծի

14 փետրվարի, 2023  20:28

Բրազիլիայում այսուհետ քաղաքացիները կկարողանան հարկերը մուծել կրիպտոարժույթով։ Դա հնարավոր է դարձել ֆինտեխ ընկերություններից մեկի հետ երկրի պետական խոշոր բանկի համագործակցության շնորհիվ։ Միևնույն ժամանակ Արաբական Միացյալ Էմիրությունները (ԱՄԷ) հայտարարել է, որ երկիրը նախատեսում է ունենալ իր սեփական թվային արժույթը։ 

Հարկերը՝ կրիպտոարժույթով

Բրազիլիայի խոշորագույն պետական ​​բանկը՝ Banco do Brasil-ը, համագործակցության մասին համաձայնագիր է կնքել Bitfy ֆինտեխ ընկերության հետ: Համատեղ նախագծի շրջանակում նրանք մտադիր են քաղաքացիներին հնարավորություն տալ հարկերը վճարել նաև կրիպտոարժույթով։

Ինչպես տեղեկացնում է Coindesk-ը, Banco do Brasil-ի վենչուրային բաժինը ներդրում է արել Bitfy-ում, որն մշակել է այս նախաձեռնությունը: Նոր ծառայությունը բանկի հաճախորդներին թույլ կտա ակնթարթորեն փոխակերպել իրենց հաշիվների կրիպտոարժույթները բրազիլական ռեալի և վճարել հարկերը՝ օգտագործելով Bitfy հավելվածը:

Պարբերականը նշում է, որ Բրազիլիան այսօր Հարավային Ամերիկայում թվային վճարումների իրականացման առաջատար երկիրն է։ Այն նաև բազմաթիվ քայլեր է ձեռնարկում կրիպտոակտիվների ոլորտի կարգավորման համար: Երկրի իշխանություններն ու ֆինանսական հաստատությունները նաև պատրաստվում են ազգային թվային արժույթի համատարած օգտագործմանը։

ԱՄԷ-ն կունենա իր թվային արժույթը

ԱՄԷ-ն հայտարարել է, որ կունենա իր թվային արժույթը, որը, մի շարք այլ նախագծերի հետ միասին, կօգնի երկրին դառնալ «անկանխիկ հասարակություն»։ Երկրի Կենտրոնական բանկի տարածած հայտարարությունում նաև ասվում է, որ երկիրը գործարկել է «Ֆինանսական ենթակառուցվածքների փոխակերպման ծրագիրը», որն ուղղված է ֆինանսական ծառայությունների թվայնացմանը։

Ծրագիրն իրականացվելու է մի քանի փուլով. առաջինի ընթացքում երկրում կթողարկվի պաշտոնական թվային արժույթ (CBDC), կստեղծվի ներքին քարտային համակարգ (Card Domestic Scheme) և կգործարկվի ակնթարթային վճարումների հարթակ (Instant Payments Platform)։ ԱՄԷ Կենտրոնական բանկում վստահ են, որ այս բոլոր միջոցառումները կբարձրացնեն վճարումների ֆինանսական հասանելիությունը, անվտանգությունը և արդյունավետությունը, և երկիրը կգնա «անկանխիկ հասարակություն» դառնալու ճանապարհով:

Երկրորդ փուլը ներառում է նոր սերնդի նախագծերի իրագործման համար անհրաժեշտ ենթակառուցվածքի մշակումն ու ներդրումը՝ ֆինանսական ամպային հարթակ (Financial Cloud), հաճախորդների ստուգման գործիքներ (eKYC) և այլ տարրեր: «Ֆինանսական ենթակառուցվածքների փոխակերպման ծրագրի» շրջանակում նախաձեռնությունների իրականացումը նախատեսվում է ավարտել 2026 թ․։

Անցյալ շաբաթ Դուբայի վիրտուալ ակտիվների մարմինը (VARA) հաստատել է թվային ֆինանսական գործիքների հետ աշխատելու նոր կանոններ. տեղական կրիպտոարժույթով աշխատող ընկերություններն այժմ ենթակա են պարտադիր լիցենզավորման, իսկ ալգորիթմական ստեյբլքոյնների թողարկումն ու դրանց հետ գործարքներն արգելված են:


 
  • Ամենաընթերցվածը

ամիս

շաբաթ

օր

 
 
 
 
  • Արխիվ