Wi-Fi 7-ը սարերի հետեւում չէ. ի՞նչ պետք է իմանալ դրա մասին

3 հոկտեմբերի, 2022  21:58

Շատերը միայն վերջերս են անցել Wi-Fi 6-ի, իսկ Wi-Fi 6E-ի մասին անգամ չեն էլ լսել։ Իսկ հորիզոնում արդեն նշմարվում է Wi-Fi 7-ը։ MediaTek ընկերությունը խոստացել է արդեն 2023-ի սկզբին թողարկել սարքեր Wi-Fi 7-ի բազայի վրա, իսկ այդ ստանդարտի աջակցությամբ առաջին սմարթֆոնները կարող են հայտնվել արդեն 2024թ.։

Ինչեւէ, անլար կապի առաջատար արտադրողները, ինչպիսին են Qualcomm-ը, Broadcom-ը եւ Intel-ը, արագացնում են չիպերի մշակումը նոր տեխնոլոգիայով սարքերի համար։ Շատ նոր չիպեր հիմնված կլինեն TSMC 6 նանոմետրանոց տեխնոլոգիական պրոցեսի վրա։

Ի՞նչ է Wi-Fi 7-ը

Wi-Fi 7-ը Wi-Fi-ի նոր ստանդարտ է, որը հայտնի է նաեւ որպես IEEE 802.11be։ Wi-Fi-ի յոթերորդ սերունդը կառաջարկի զգալի բարելավումներ Wi-Fi 6-ի եւ 6E-ի համեմատ. նոր ստանդարտը, ինչպես սպասվում է, կաշխատի ավելի արագ, ավելի շատ միացումների հնարավորություն կունենա եւ ավելի ադապտիվ կլինի հուսալի արդյունավետություն ապահովելու համար և կունենա և ուշացման ցածր ցուցանիշ։

Նոր ստանդարտը կունենա երեք դիապազոն (2,4 ԳՀց, 5 ԳՀց եւ 6 ԳՀց)։ Սպասվում է, որ Wi-Fi 7-ի արագությունը կհասնի 45 Գբիթ/վրկ-ի, ինչը 3-4 անգամ ավելի բարձր է, քան Wi-Fi 6-ինը, եւ 13 անգամ ավելի բարձր, քան Wi-Fi 5-ինը։ Ակնկալվում է նաեւ, որ Wi-Fi 7-ը կաջակցի 320 ՄԳհ լայնությամբ ալիքներին, MU-MIMO 16 տարածական հոսքերին եւ 4096-QAM, Multi-RU եւ Multi-Link տեխնոլոգիաներին։

Wi-Fi 7-ը լայն կիրառություն կստանա զվարճանքների ոլորտում (կարելի կլինի խաղալ տարբեր օնլայն-խաղեր, օգտագործել վիրտուալ եւ հավելյալ իրականության սարքեր եւ դիտել 4K/8K հոսքային վիդեոներ՝ առանց բուֆերացման եւ ուշացումների), խելացի տների կառավարման (արձագանքը խելացի տան բոլոր սարքերի համար զգալիորեն կարագանա, այլեւս ուշացումներ չեն լինի ձայնային կառավարման դեպքում) եւ, իհարկե, բիզնեսի ոլորտում, որտեղ ցանցի ուշացումները եւ ծանրաբեռնվածությունը կարող են հանգեցնել մի շարք խնդիրների։

Իհարկե, նոր տեխնոլոգիայի առավելություններից օգտվելու համար ստիպված կլինեք թարմացնել երթուղիչները, հասանելիության կետերը, էլ չենք ասում սմարթֆոնների, նոութբուքերի եւ այլ սարքերի մասին։

MediaTek-ը եւ Wi-Fi 7-ը

Տարեսկզբին MediaTek ընկերությունը, որը սկզբից եւեթ մասնակցում է Wi-Fi 7-ի մշակմանը, առաջին անգամ ցուցադրել է նոր ստանդարտն ու դրա հնարավորությունները։ Նրանց նպատակն է եղել նաեւ ցույց տալ Wi-Fi 7-ի աջակցությամբ աշխատող Filogic ընտանիքի ապագա լուծումների հնարավորությունները։

Wi-Fi 7-ի բազայի վրա առաջին մոդելներն ընկերությունը խոստացել է արդեն 2023թ. սկզբին։ Ամենայն հավանականությամբ, դրանք կլինեն Filogic 880-ը եւ Filogic 380-ը՝ երկու մոդեմ, որոնք աշխատում են Wi-Fi 7-ով։ Արտադրողը ցուցադրել է դրանք ընթացիկ տարվա մայիսին, բայց ներկայացվելու ճիշտ ժամկետը դեռեւս անհայտ է։

Filogic 880-ը նախատեսված է երթուղիչներում օգտագործվելու համար եւ ունի 6 նանոմետրանոց տեխպրոցես։ Այն կարող է ապահովել տվյալների հաղորդման չորս զուգահեռ հոսք (MIMO 4х4)-ով՝ 36 Գբիթ/վրկ առավելագույն արագությամբ (մինչեւ 10 Գբիթ/վրկ մեկ կանալում)։ Ըստ Wi-Fi 7-ը ստեղծողների՝ կա OFDMA RU, MU-MIMO եւ MBSSID տեխնոլոգիաների աջակցություն, ինչպես նաեւ առանձնացված հոսթ-պրոցեսոր՝ չորս ARM Cortex-A734 միջուկով եւ NPU նեյրոնային բլոկով  (պատասխանատու է արհեստական բանականության բազայի հիման վրա կատարվող հաշվարկների համար)։

Filogic 380-ը նույնպես 6 նանոմետրանոց տեխպրոցեսի հիման վրա է կառուցված եւ կարող է ապահովել Wi-Fi 7 ցանցերի միացում սմարթֆոնների, պլանշետների, հեռուստացույցների, նոութբուքերի եւ այլ սարքերի համար։ Տվյալների փոխանցման առավելագույն արագությունը 6,5 Գբիթ/վրկ է (MIMO 2х2, 5 Գբիթ/վրկ մեկ ալիքում)։ Լինելու է նաեւ Bluetooth 5.3 ստանդարտի աջակցություն LE Audio տեխնոլոգիայով։

Qualcomm-ը, Intel-ը եւ Broadcom-ը մշակում են 6 նանոմետրանոց չիպեր

MediaTek-ից հետո անլար կապի առաջատար արտադրողները, ինչպիսին են Qualcomm-ը, Broadcom-ը եւ Intel-ը, նույնպես արագացնում են չիպերի ստեղծման գործընթացը Wi-Fi 7 աջակցությամբ սարքերի համար։

Այդ չիպերից շատերը հիմնված կլինեն 6 նանոմետրանոց TSMC տեխնոլոգիական պրոցեսի վրա։ Մասնագետների խոսքով՝ չիպերը Wi-Fi 7 սարքերում պարզապես անհրաժեշտ է արդիականացնել ընթացիկ 16/12 նանոմետրանոց պրոցեսից մինչեւ ավելի առաջավոր 6 նանոմետրանոց պրոցես, ինչը հնարավորություն կտա նվազեցնել էներգասպառումն ու ջերմության արձակումը։

Վերջերս Intel-ը եւ Broadcom-ը Dell նոութբուքի համար համատեղ շնորհանդեսի ժամանակ, Wi-Fi 7 չիպերով Broadcom հասանելիության կետի օգտագործմամբ, ցուցադրել են տվյալների փոխանցումը Wi-Fi 7 ստանդարտի շրջանակում՝ ավելի քան 5 Գբիթ/վրկ արագությամբ։

Qualcomm-ը վերջերս նույնպես ներկայացրել է Wi-Fi 7 Networking Pro Series ադապտերների շարքը։

Թե երբ այս բոլոր սարքերը կհայտնվեն շուկայում՝ առայժմ դժվար է ասել, բայց, հնարավորությունները, որոնք նրանք կարող են բացել, իսկապես գայթակղիչ են։


 
  • Ամենաընթերցվածը

ամիս

շաբաթ

օր

 
 
 
 
  • Արխիվ