Տիեզերքում ոսկու անսպառ աղբյուր են գտել․ հազվադեպ երևույթը՝ ազնիվ մետաղների առաջացման պատճառ

13 փետրվարի, 2023  14:16

Աստղագետները հայտնաբերել են աստղային համակարգերի հազվագյուտ տեսակ, որտեղ ստեղծված են կիլոնովա պայթյունի առաջացման համար բոլոր պայմանները (սա պայթյուն է, որն ուղեկցվում է նեյտրոնային երկու աստղերի միաձուլմամբ)։ Գիտնականները նշում են, որ կիլոնովա պայթյունի հետևանքով հսկայական քանակի ազնիվ մետաղներ են առաջանում, այդ թվում ոսկի։  

«Հանգիստ մահ»

Ինչպես տեղեկացնում է ռուսական РИА Новости գործակալությունը, Երկու աստղից բաղկացած CPD-29 2176 աստղային համակարգը, որը գտնվում է Երկրից մոտ 11,400 լուսատարի հեռավորության վրա, աստղագետները հայտնաբերել են 2016 թ․։ Այժմ այն ​​մանրամասն ուսումնասիրում են Չիլիի Սերրո Տոլոլո միջամերիկյան աստղադիտարանի 1,5 մետրանոց SMARTS աստղադիտակի միջոցով:

Ուսումնասիրությունների շնորհիվ գիտնականները կարողացել են հասկանալ այս համակարգի էվոլյուցիան: Առաջին փուլում երկու հսկա կապույտ աստղերը ստեղծել են, այսպես ասած, կայուն զույգ: Հետո ավելի փոքր աստղը մյուսից վերցրել է դրա արտաքին մթնոլորտի զգալի մասը։ Այնուհետև մեծ աստղը փլուզվել է պայթյունի հետևանքով, որը տեղի է ունենում աստղի ներսում։ Եթե աստղի ​​միջուկի զանգվածը երեք անգամ մեծ է Արեգակի զանգվածից, ապա պայթյունի հետևանքով առաջանում է սև խոռոչ, իսկ եթե փոքր է, ինչպես այս դեպքում, ապա առաջանում է նեյտրոնային աստղ:

CPD-29 2176 համակարգում տեղի ունեցած իրադարձությունը գերնոր աստղի պայթյունի թուլացած տարբերակն է։ Ըստ Էմբրի Ռիդլ ավիացիոն համալսարանի (ԱՄՆ) գիտաշխատող, ուսումնասիրության գլխավոր հեղինակ Նոել Ռիչարդսոնի՝ սա հեռավոր աստղի համեմատաբար «հանգիստ մահ» է, որի շնորհիվ ավելի փոքր աստղը պահպանել է իր տեղը համակարգում:

neitron stars.JPG (48 KB) 
CPD-29 2176 աստղային համակարգի էվոլյուցիան:
Ստեղծված նեյտրոնային աստղն իր հերթին սկսում է «ուտել» իր հարևանին. աստղագետները հիմա հենց այդ երևույթին են հետևում։ Իր մթնոլորտի զգալի մասը կորցնելով՝ ուղեկից աստղը նույնպես «կմահանա»՝ վերածվելով նեյտրոնայինի։ Ճիշտ է, այս գործընթացը կդիտարկեն ապագա աստղագետները՝ մոտ մեկ միլիոն տարի հետո:

Որոշ ժամանակ անց երկու նեյտրոնային աստղերը կրկին կբախվեն։ Արդյունքում տեղի կունենա կիլոնովա պայթյուն, որը կստեղծի հզոր գրավիտացիոն ալիքներ և իրենից հետո մեծ ծավալի ծանր տարրեր կթողնի։

Ըստ ուսումնասիրության հեղինակների՝ նեյտրոնային աստղից և «գործընկերոջ» աստղից բաղկացած այս համակարգը «անհետացող հազվադեպ» համակցություն է։ Գիտնականների կարծիքով՝ ամբողջ Ծիր Կաթին գալակտիկայում կա ընդամենը մոտ տասը այդպիսի օբյեկտ:

Ավելի շատ ոսկի, քան կշռում է Երկիրը

Մենդելեևի Պարբերական աղյուսակի բոլոր տարրերը արտադրվել են աստղերի կողմից՝ դրանց «կյանքի կամ մահվան» ընթացքում: Միակ բացառությունը ջրածինն է, որն առաջացել է Մեծ պայթյունի արդյունքում։ Աստղերի կողմից տարրերի առաջացման գործընթացը կոչվում է նուկլեոսինթեզ: Հենց դրա շնորհիվ են առաջացել մոլորակներն, ինչպես նաև կյանքը Երկրի վրա։

Աստղաֆիզիկոսները պարզել են, որ կիլոնովա պայթյունների հետևանքով է առաջանում երկաթից ավելի ծանր նյութերի կեսից ավելին: 2017 թ․ գրանցված բռնկումը հանգեցրել է արտաքին տիեզերք այնպիսի ծանր տարրերի ատոմների արտանետմանը, ինչպիսիք են պլատինը, ոսկին և արծաթը: Արտանետված տարրերի ընդհանուր զանգվածը 16,000 անգամ գերազանցում է երկրի զանգվածը։

Գիտնականները ենթադրում են, որ ամենայն հավանականությամբ, ոսկին, որը մենք օգտագործում ենք Երկրի վրա, նույնպես հայտնվել է կիլոնովա պայթյունի արդյունքում։


 
  • Ամենաընթերցվածը

ամիս

շաբաթ

օր

 
 
 
 
  • Արխիվ