Երկրին է մոտենում 0.5 կմ տրամագծով աստղակերպ. կարո՞ղ է արդյոք այն վտանգ ներկայացրել Երկրի համար

3 հոկտեմբերի, 2022  10:31

Ռուսական երկու աստղադիտարան ֆիքսել են, որ Երկրին է մոտենում 2022 SE37 աստղակերպը։

Ի՞նչ է հայտնի այս աստղակերպի մասին։ Կարո՞ղ է այն արդյոք վտանգավոր լինել մեզ համար։

Ի՞նչ է 2022 SE37 աստղակերպը

Աստղակերպի լուսանկարներն արվել են Կոչեւանչիկ գյուղից՝ 25 սանտիմետրանոց հեռադիտակով եւ Կուբանի պետական համալսարանի 50 սանտիմետրանոց հեռադիտակով։

2022 SE37 աստղակերպն առաջին անգամ նկատվել է 2022 թ. սեպտեմբերի 28-ին։ Պատկանում է Ապոլոնի խմբին։ Դրա ճիշտ չափը հայտնի չէ, բայց, հաշվարկների համաձայն, տրամագիծը 308-ից 689 մետր է։

2022 SE37-ը պտտվում է Արեգակի շուրջ՝ 3,45 տարի շրջանով և ձգված ուղեծրով (1 261 երկրային օր)։ Պտույտի ժամանակ աստղակերպն առավելագույն չափով մոտենում է Արեգակին (120 միլիոն կիլոմետրով) եւ հեռանում է առավելագույն չափով (563 միլիոն կիլոմետրով)։

Կարո՞ղ է արդյոք 2022 SE37-ը վտանգավոր լինել Երկրի համար

Մեզ համար պոտենցիալ վտանգ 2022 SE37 աստղակերպը չի ներկայացնում. գիտնականների խոսքով՝ աստղակերպը «տեսանելի ապագայում Երկրի համար վտանգ չի ներկայացնում»։

Ենթադրվում է, որ գիտնականներն արդեն հաշվարկել են աստղակերպերի մեծ մասի ուղեծրերը, որոնք կարող են գոնե ինչ-որ կերպ վտանգավոր լինել Երկրի համար, եւ 2022 SE37-ը դրանց թվին չի պատկանում։  

Այս կարծիքին է նաեւ Ռուսաստանի գիտությունների ակադեմիայի ակադեմիկոս Յուրի Բալեգան։

«Սա աշխարհի աստղագետների կողմից արդեն հայտնաբերված 30 000 աստղակերպերից մեկն է։ Այն թռչում է մեր մոլորակից միլիոնավոր կիլոմետր հեռավորությամբ եւ ոչ մի վտանգ Երկրի համար չի ներկայացնում»,- ասել է նա ՏԱՍՍ գործակալության հետ զրույցում։

Ի՞նչ կարելի է անել, եթե վտանգ, այնուամենայնիվ, լինի

Վերջերս NASA-ի գիտնականները որոշել են ստուգել, թե կարելի է արդյոք փոխել աստղակերպի ուղեգիծը, եթե դրան բախվի թռչող սարք։ Այդ նախագծի շրջանակում սեպտեմբերի 26-ին DART առաքելության տիեզերասարքը 24 000 կիլոմետր արագությամբ բախվել էր Դիմորֆ աստղակերպին։ Դիմորֆը Երկրի համար վտանգ չէր ներկայացնում, բայց գիտնականները ցանկանում էին հասկանալ, թե կարող է արդյոք տիեզերանավը փոխել աստղակերպի հետագիծը միայն կինետիկ ուժի օգնությամբ՝ փոխելով դրա ուղեգիծը ճիշտ այնքան, որպեսզի Երկիրը պահպանվի վտանգից։

Առաքելության արդյունքներն առայժմ հայտնի չեն։ NASA-ի մասնագետները վերերկրյա հեռադիտակների օգնությամբ հետեւելու են Դիմորֆին, որպեսզի հաստատեն, որ DART-ի սարքի հարվածի ազդեցությունը փոխել է աստղակերպի ուղեծիրը Դիդիմի շուրջ։ Հետազոտողները սպասում են, որ հարվածը կրճատելու է Դիմորֆի ուղեծիրը մոտավորապես 1 տոկոսով կամ 10 րոպեով։ Աստղակերպի շեղման աստիճանի ճիշտ չափումը լիածավալ փորձարկումների հիմնական նպատակներից է։

Եթե առաքելությունը հաջող լինի, աստղակերպին թռչող սարքով հարվածելը վտանգավոր աստղակերպերից Երկիրը պաշտպանելու միջոցներից մեկը կդառնա։ Իսկ եթե առաքելությունը ձախողվի, գիտնականները ստիպված կլինեն որոնել մեր մոլորակի պաշտպանության նոր, ավելի արդյունավետ միջոցներ։


 
  • Ամենաընթերցվածը

ամիս

շաբաթ

օր

 
 
 
 
  • Արխիվ