Գիտնականները գտել են պոտենցիալ բնակելի մոլորակ, որը Երկրից ընդամենը 31 լուսատարի է հեռու

9 փետրվարի, 2023  10:30

Գիտնականներն արդեն հայտնաբերել են ավելի քան 5200 էկզոմոլորակ, սակայն դրանցից միայն 200-ից քիչ մասն է, որ գազային հսկաներ չեն և ունեն քարքարոտ մակերես, ինչը նշանակում է, որ դրանք կարող են պոտենցիալ բնակելի լինել: Վերջերս այս ցանկին ավելացել է ևս մեկ մոլորակ՝ Wolf 1069 b-ն, որը պտտվում է կարմիր Wolf 1069 գաճաճ մոլորակի շուրջը և գտնվում է Երկրից ընդամենը 31 լուսատարի հեռավորության վրա։

Հիսուն աստղագետներից կազմված խմբի ուսումնասիրության համաձայն՝ Wolf 1069 b-ը պոտենցիալ քարքարոտ մոլորակ է, որի զանգվածը 1,26 անգամ ավելի է, քան Երկրի զանգվածը, իսկ չափերով այն 1,08 անգամ մեծ է Երկրից: Եվ այս բոլոր տվյալները, և մոլորակի հեռավորությունը աստղից, որի շուրջ այն պտտվում է, գիտնականներին թույլ են տալիս ենթադրել, որ այս մոլորակի մակերեսին հնարավոր է հեղուկ ջուր լինի, հայտնում է Space.com-ը։

«Երբ մենք վերլուծեցինք Wolf 1069 աստղի տվյալները, մենք հայտնաբերեցինք պարզ, ցածր ամպլիտուդի ազդանշան, որը վկայում է Երկրի զանգվածի չափ զանգված ունեցող մոլորակի առկայության մասին»,- ասել է Գերմանիայի Մաքս Պլանկի աստղագիտության ինստիտուտի աստղագետ, ուսումնասիրության ղեկավար Դիանա Կոսակովսկին»,- Այս մոլորակը աստղի շուրջը պտտվում է 15,6 օրվա ընթացքում՝ Երկրի և Արեգակի միջև ընկած հեռավորության 1/15-րդին համարժեք հեռավորության վրա»։  

Համեմատության համար նշենք, որ Մերկուրին՝ Արեգակին ամենամոտ մոլորակը, Արեգակի շուրջը պտտվում է 88 օրում: Մերկուրիի մակերեսային ջերմաստիճանը մոտ +430 աստիճան Ցելսիուս է։ Ի տարբերություն Մերկուրիի, Wolf 1069 b-ը գտնվում է իր աստղի, այսպես կոչված, բնակելի գոտու տիրույթում, չնայած դրա ուղեծրային պտույտի շատ ավելի կարճ ժամանակահատվածին՝ 15,6 օր: Բանն այն է, որ Wolf 1069 b-ը պտտվում է կարմիր գաճաճ մոլորակի շուրջը, որը շատ ավելի փոքր է, քան մեր Արեգակը, և, հետևաբար, Wolf 1069 b-ը ստանում է Երկրի ստացած արևային ճառագայթման մոտ 65%-ը: Մոլորակի մակերևույթի ջերմաստիճանը, ըստ գիտնականների, տատանվում է –95,15 աստիճանից մինչև –12,85 աստիճան Ցելսիուս, միջին ջերմաստիճանը ​​կազմում է –40,14 աստիճան Ցելսիուս։

Wolf 1069 b-ի մեկ այլ հետաքրքիր առանձնահատկությունն այն է, որ, ամենայն հավանականությամբ, այն գտնվում է իր աստղի հետ համաժամանակյա ռոտացիայի մեջ. սա նշանակում է, որ մոլորակի մի կողմը մշտապես լուսավորված է և տաքացվում է, իսկ մյուսը մշտապես ստվերում է և սառը, ինչպես Լուսինը, որը պտտվում է Երկրի շուրջը։ Բայց չնայած դրան, մոլորակի որոշ շրջաններում, այդուհանդերձ, կյանք դեռ կարող է գոյություն ունենալ:

Wolf 1069 b մոլորակի հայտնաբերումը հնարավոր է եղել Իսպանիայի Կալար Ալտո աստղադիտարանի 3,5 մետրանոց աստղադիտակի վրա տեղադրված CARMENES (High-Resolution Search for M Dwarfs with Exoearths with Near-infrared and Optical Echelle Spectrographs) գործիքն օգտագործելու շնորհիվ:

Հաշվի առնելով Երկրից դրա համեմատաբար փոքր հեռավորությունը՝ 31 լուսատարի, Wolf 1069 b-ն այժմ զբաղեցնում է պատվավոր վեցերորդ տեղը մոտակա պոտենցիալ բնակելի էկզոմոլորակների ցանկում: Մյուս հինգ մոլորակներն են՝

  • Proxima Centauri b (ամենամոտն է),
  • GJ 1061 d,
  • Teegarden's Star c,
  • GJ 1002 b,
  • GJ 1002 c։

Հետազոտողներն ասում են, որ կլիմայի մոդելավորման ուսումնասիրությունները Wolf 1069 b-ը դասակարգում են էկզոմոլորակների մի փոքր խմբի շարքին, որոնք կարող են կյանքի կամ դրա հնարավորության մասին վկայող ապացույցների որոնման պոտենցիալ թիրախներ լինել։ Սակայն ժամանակակից աստղագիտական ​​տեխնոլոգիաները դեռ թույլ չեն տալիս նման ուսումնասիրություններ, թեև հնարավոր է, որ դրանք հասանելի դառնան 10 տարի հետո։ 


 
  • Ամենաընթերցվածը

ամիս

շաբաթ

օր

 
 
 
 
  • Արխիվ