GIF22-ի դեմքերը. 5 հարց Քեւին Բարտանյանին

30 սեպտեմբերի, 2022  21:10

Մի քանի օրից Երևանը կհյուրընկալի ականավոր գիտնականների, ձեռնարկատերերի, միջազգային առաջատար ընկերությունների և կազմակերպությունների բարձր ներկայացուցիչների «Կյանքը վերափոխող տեխնոլոգիաներ» 4-րդ Գլոբալ ինովացիոն ֆորումին (GIF) մասնակցելու համար։

Հայաստանի գիտության և տեխնոլոգիաների հիմնադրամի կողմից կազմակերպվող միջազգային այս ֆորումի առանցքում արհեստական բանականությունն ու մարդկանց կյանքի վրա դրա ունեցած ազդեցության վերաբերյալ քննարկումներն են։

GIF22-ին ընդառաջ NEWS.am Tech-ը զրուցել է ֆորումի բանախոսների հետ։ Ձեզ ենք ներկայացնում Քևին Բարտանյանին, ով KEVANI ընկերության հիմնադիրն ու գործադիր տնօրենն է։ KEVANI-ն արտաքին մեդիա-գովազդի իրականացման և վաճառքի կազմակերպություն է։

Քեւին Բարտանյանը ֆինթեքին նվիրված քննարկման մասնակիցներից է:

Պարոն Բարտանյան, որո՞նք են լինելու Ձեր ելույթի առանցքային կետերը։

Արհեստական բանականության կիրառումը սրընթաց կերպով փոխակերպում է գովազդը։ Մարդիկ այս փոփոխությունները տեսնում են իրենց դիտարկիչներում կամ թվային գովազդային վահանակների վրա՝ անհատականացված գովազդների տեսքով, որոնք մարդկանց օգնում են ապրանքներ կամ ծառայություններ սպառելու վերաբերյալ արդյունավետ որոշումներ կայացնել: Իմ ելույթներում ես անդրադառնալու եմ իրականում տեղի ունեցած, գործուն օրինակների, որոնք վերաբերում ենք գովազդային ոլորտում ԱԲ-ի արդյունավետ կիրառմանը։

Կարո՞ղ եք համառոտ ներկայացնել արհեստական բանականության կիրառության առանձնահատկություններն այն ոլորտում, որում Դուք ներկայում աշխատում եք։

Ինչպես բազմաթիվ այլ ոլորտների, այնպես էլ Media including Outdoor Advertising (Out of Home)-ի վրա ԱԲ-ն իր դրական ազդեցությունն ունի։ Շնորհիվ ԱԲ-ի և ավտոմատացման առաջարկած լուծումների ու արժեքավոր պատկերացումների՝  մեդիա ոլորտը և դրա  բոլոր ենթաճյուղերը վերելք են ապրում։ Ազդեցության ոլորտները ներառում են հաճախորդների ընդլայնված ճանապարհորդությունը (Enhanced customer journey)  և կոնտենտը, ընդլայնված գովազդային դաշտը, կոնտենտի անվտանգությունը և բիզնես գործընթացների ընդհանուր բարելավումը:

ԱԲ ոլորտում ի՞նչ փոխություններ են արձանագրվել վերջին հինգ տարում եւ ի՞նչ պետք է ակնկալել առաջիկա տարիներին։

Անկախ նրանից, թե դուք օգտագործում եք ներկառուցված գործիքներ՝ օպտիմալացնելու էլեկտրոնային նամակների թեմայի բաժինը, կամ Facebook-ում կամ Google-ում գովազդային արշավ եք ակտիվացնում, միևնույնն է, օգտագործում եք արհեստական բանականությունը՝ գուցե և չգիտակված: Ապագա 5-10 տարիների կանխատեսումը՝ կապված ԱԲ-ի և գովազդի հետ, վերաբերում է Կանխատեսող վերլուծությանը (Predictive Analytics), որը վերլուծության առաջադեմ միջոց է: Ապագա արդյունքների վերաբերյալ կանխատեսումների հիմքում ընկած են ԱԲ-ն, մեքենայական ուսուցումը և տվյալների բազան։ Օրինակ՝ անձրևի 70% հավանականության առկայության դեպքում գովազդատուն կարող է որոշել, թե որքան է հավանական, որ սպառողը կգնի անձրևային բաճկոնը, և կարող է դինամիկ կերպով փոփոխել թվային գովազդային վահանակների կրեատիվ գաղափարներն ու դիզայնի տարբերակները։

Ներկայում ո՞րն է արհեստական բանականության ոլորտում ամենամեծ մարտահրավերը։

Ընդհանուր առմամբ, համաձայն մի քանի տվյալների, ԱԲ-ի հանդեպ տրամադրվածությունը դրական է։ Մեծամասնությունը, սակայն,  այն կարծիքին է, որ ԱԲ-ի հիմքում ընկած տվյալները կողմնակալ են։  Որպես արդյունաբերություն՝ մենք պետք է շարունակենք օգտագործել այն ոչ հակասական եղանակներով, ինչպիսիք են՝ հանրային տարածքներում արվեստին վերաբերող կամ ոչ առևտրային կոնտենտի գործածումը, որի հիմքում ընկած է հենց արհեստական բանականությունը։

Ո՞րն է GIF22-ին մասնակցելու Ձեր հիմնական մոտիվացիան եւ ի՞նչ կարող է շահել լսարանը միջազգային այս ձեւաչափի մասը կազմելով։

Պանելային քննարկումները, որոնց մասնակցում եմ, խթանում են նորարարական ապրանքների, ծառայությունների, գաղափարների և ստարտափերի ստեղծումը․ սա է իմ մոտիվացիան։ Արհեստական բանականությունը կերտում է մարդկության ապագան գրեթե բոլոր ոլորտներում, ուստի որքան պատրաստակամորեն ընդունենք այն, այնքան այն ավելի հարթ ու սահուն կինտեգրվի մեր կյանքում: Լսարանը պետք է կարողանա պատկերացում ունենալ ԱԲ-ի ապագայի վերաբերյալ, ինչպես նաև այն ուղիների մասին, որոնցով այն դրականորեն կազդի աշխարհի վրա ինչպես միկրո, այնպես էլ մակրո մակարդակներում:


 
  • Ամենաընթերցվածը

ամիս

շաբաթ

օր

 
 
 
 
  • Արխիվ