ChatGPT-ն սովորել է վիրուսային ծրագրեր գրել. որքանո՞վ է դա վտանգավոր և ովքե՞ր կարող են տուժել

8 փետրվարի, 2023  20:14

Open AI ընկերության ստեղծած և արհեստական բանականությամբ աշխատող ChatGPT չատբոտը սովորել է ստեղծել վիրուսային ծրագրեր, որոնք թիրախավորում են օպերացիոն համակարգի կոնկրետ ​​հատկանիշներն ու խոցելի տեղերը, այս մասին հայտարարել է ՌԴ Հեռավոր Արևելքի դաշնային համալսարանի Մաթեմատիկայի և համակարգչային տեխնոլոգիաների ինստիտուտի զարգացման գծով փոխտնօրեն Ռոման Դրեմլյուգան։

Նա ասել է, որ հանցագործները միշտ շատ արագ են հարմարվում տեխնոլոգիական նորարարություններին և երբ հայտնվում է ինչ-որ նոր, արդյունավետ գործիք, նրանք փորձում են հարմարեցնել այն իրենց նպատակներին։ Ընդորում, դա անում են շատ արագ։

«Արդեն հիմա կարելի է գտնել օրինակներ, թե ինչպես են այս համակարգի օգնությամբ ստեղծում վնասակար կոդ՝ որոշակի օպերացիոն համակարգերի, որոշակի խնդիրների, որոշակի խոցելիության համար անհրաժեշտ հատկություններով, ամբողջովին հարմարեցված: Այժմ, մեծ մասամբ, դա արվում է անվտանգության մասնագետների կողմից թեստավորման նպատակով, բայց մենք քաջ գիտակցում ենք, որ դա նշանակում է, որ կիբեռհանցագործները վաղուց են դա ներառել իրենց զինանոցում»,- ասել է նա։

Ինչպտես տեղեկացնում է ռուսական TACC-ը, Ռոման Դրեմլյուգան հավելել է, որ կիբերհանցագործները նախկինում էլ էին օգտագործում արհեստական ​​բանականությունը, սակայն այժմ նույնիսկ սովորական մարդը, առանց համապատասխան հմտությունների, կարող է վիրուսներ ստեղծել ChatGPT-ի միջոցով։

Նրա խոսքով՝ ապագայում հանցագործները կկարողանան արհեստական ​բանականության կիրառմամբ փողերը և օգտատերերի անձնական տվյալները գողանալու նոր մեթոդներ գտնել։ Օգտատերերը պետք է մեծացնեն իրենց ՏՏ ընդհանուր գրագիտությունը՝ պաշտպանվելու նման անօրինական գործողություններից։

Open AI ընկերությունը ChatGPT չատբոտը գործարկել է 2022 թ․ վերջին։ Ծառայությունը օգտատիրոջ հետ շփվում է ինտերակտիվ ռեժիմով, կարող է պատասխանել լրացուցիչ հարցերի, ընդունել իր սխալները, մարդու հետ քննարկել ցանկացած հարց, մերժել անհամապատասխան հարցումները և այլն:

Չատբոտը քննադատության ենթարկվեց, երբ այն սկսեցին օգտագործել ուսանողները քննություններ հանձնելու և ակադեմիական աշխատանքներ պատրաստելու համար, որոնցում ChatGPT-ը մեծ վարպետ է: Այսպես, ChatGPT-ն ավարտական ​​քննություն է հանձնել լավագույն բիզնես դպրոցներից մեկում, կոնկրետ աշխատատեղի համար դիմողների 80%-ից լավ է կատարել թեստային առաջադրանքը այնպես, որ HR մասնագետները նրան հրավիրել են հարցազրույցի։ Նույնիսկ դատավորներն են սկսել այն օգտագործել․ Կոլումբիայում մի դատավոր ChatGPT-ը կիրառել է վիճելի գործով վճիռ կայացնելու համար։

ChatGPT-ի գործարկումից հետո ՏՏ հսկաների միջև լուրջ մրցակցություն է սկսվել։ Google-ը հայտարարել է, որ արհեստական բանականությամբ չատբոտ է գործարկում, որը ChatGPT-ի գլխավոր մրցակիցը կդառնա։ Bard անունով չատբոտը սկզբում հասանելի կլինի միայն մի խումբ թեստավորողների համար, սակայն առաջիկա շաբաթների ընթացքում այն ​​կներկայացվի լայն հանրությանը։ Չինական Baidu ընկերությունը նույնպես հայտարարել է, որ առաջիկայում կգործարկի ChatGPT-ի ոճի իր սեփական չատբոտը։

Microsoft և OpenAI ընկերությունները նաև մի քայլ առաջ են գնացել՝ ներկայացնելով Bing որոնողական համակարգի թարմացված տարբերակը, որը հիմված է ChatGPT-ի վրա։ Ընկերություններն ակնկալում են, որ ԱԲ-ն համացանցային որոնման այս ծառայությունը կբարձրացնի բոլորովին նոր մակարդակի՝ ոչ միայն տրամադրելով օգտատերերի հարցումներին ավելի ամբողջական պատասխաններ, այլև թույլ տալով ստեղծել բովանդակություն:

 

 


 
  • Ամենաընթերցվածը

ամիս

շաբաթ

օր

 
 
 
 
  • Արխիվ