Ռուսական առեղծվածային արբանյակը կազմաքանդվել է և բաժանվել մասերի․ արդյո՞ք դրանք վտանգավոր են այլ օբյեկտների համար  

8 փետրվարի, 2023  13:46

Ռուսական Kosmos 2499 առեղծվածային արբանյակը կոտրվել և բաժանվել է մասերի, որոնք դեռ բավական ժամանակ կմնան Երկրի ուղեծրում։ Ըստ ԱՄՆ տիեզերական ուժերի 18-րդ տիեզերական պաշտպանության ջոկատի, որը հետևում է տիեզերքում մարդու ստեղծած օբյեկտների տեղաշարժին, արբանյակը կազմաքանդվել է այս տարվա հունվարի 3-ի գիշերը։

Գերատեսչության տվյալներով՝ կազմաքանդման հետևանքով արբանյակը բաժանվել է առնվազն 85 մասի, որոնց տեղաշարժին հնարավոր է հետևել։ Տիեզերական այս աղբակույտը պտտվում է Երկրից 1169 կիլոմետր բարձրության վրա։

Թե ինչն է եղել Kosmos 2499-ի փլուզման պատճառը, գերատեսչությունը չի մանրամասնել։ Սակայն ինչպես տեղեկացնում է Space.com-ը, սա Kosmos 2499-ի հետ կապված միակ առեղծվածը չէ։

Ըստ RussianSpaceWeb.com-ի լրագրող Անատոլի Զակի՝ արբանյակը Երկրի ուղեծիր է արձակվել 2014 թ․ մայիսին ռուսական Rockot տիեզերանավով՝ ռազմական կապի Rodnik տեսակի երեք արբանյակների հետ միասին: Սակայն պաշտոնական ինֆորմացիա այդ ժամանակ չի եղել այն մասին, որ Kosmos 2499-ը նույնպես տիեզերք է դուրս բերվել, և արբանյակների տեղաշարժին հետևող ամերիկյան ծառայությունները սկզբում այն դասակարգել են որպես բեկորների մի կտոր, որին տրվել է Object E անունը։ Սակայն հետո ամերիկացիները նկատել են, որ այն սկսել է մանևրներ անել, հավանաբար մոտենալով Rockot տիեզերանավի Briz-M կոչվող վերին հատվածին։

Անատոլի Զակը գրել է, որ 2014 թ․ հոկտեմբերի վերջին ԱՄՆ-ը Object E-ն պաշտոնապես վերադասակարգել է որպես տիեզերք դուրս բերված օգտակար «բեռ», որին տրվել է Kosmos 2499 անունը։ «ԱՄՆ զինվորականներն այժմ վերստուգում են առեղծվածային արբանյակի ուղեծրային պարամետրերը օրական երեք կամ չորս անգամ»,- գրել է նա:

Ուղեծրային տարրերի վերլուծությունը ցույց է տվել, որ 2014 թ․ նոյեմբերի 9-ին Kosmos 2499-ը Rockot տիեզերանավի Briz-M կոչվող հատվածին մոտեցել է մոտ 0,76 կիլոմետր տարածության վրա, ապա հեռացել, իսկ նոյեմբերի 25-ին էլ ավելի է մոտեցել՝ 0,53 կմ հեռավորության վրա:

Ըստ Անատոլի Զակի՝ նման գործողությունները հանգեցրել են ենթադրությունների, որ Kosmos 2499-ը և Kosmos 2491-ը (մեկ այլ այսպիսի օբյեկտ, որը Երկրի ուղեծիր է դուրս բերվել 2013 թ․ դեկտեմբերին), փորձարկում էին տեխնոլոգիա, որը կարող է տիեզերանավերին թույլ տալ հետապնդել և, գուցե, նույնիսկ անջատել այլ արբանյակներ: Սակայն, Ռուսաստանի Դաշնային տիեզերական գործակալության՝ «Ռոսկոսմոս»-ի այդ ժամանակվա ղեկավար Օլեգ Օստապենկոն հերքել էր դա՝ ասելով, որ այդ արբանյակները խաղաղ նպատակներով են կիրառվում։

Եվրոպական տիեզերական գործակալության տվյալներով՝ առնվազն 10 սանտիմետր լայնությամբ մոտ 36,500 կտոր տիեզերական աղբ է պտտվում Երկրի շուրջը, իսկ առնվազն 1 միլիմետր լայնությամբ օբյեկտների թիվը գերազանցում է 130 միլիոնը։ Նույնիսկ այդ չափերի բեկորները կարող են վնաս հասցնել արբանյակներին և այլ տիեզերանավերին՝ հաշվի առնելով, թե որքան արագ են շարժվում Երկրի ուղեծրով պտտվող օբյեկտները: Օրինակ՝ Միջազգային տիեզերական կայանը պտտվում է 28,000 կմ/ժ արագությամբ:


 
  • Ամենաընթերցվածը

ամիս

շաբաթ

օր

 
 
 
 
  • Արխիվ