8 խորհուրդ, որոնց յուրաքանչյուր ծնող կարող է հետևել համացանցում երեխայի անվտանգությունն ապահովելու համար

7 փետրվարի, 2023  21:42

Ինչ-որ տարիքից սկսած երեխաներին արդեն գրեթե անհնար է զերծ պահել համացանցից օգտվելուց, ինչը օգտակար լինելուց բացի, նաև երեխաների համար մի շարք վտանգներ է պարունակում։ Ստորև ներկայացնում ենք մի քանի խորհուրդ, որոնց ծնողները կարող են հետևել երեխաների առցանց անվտանգությունն ապահովելու համար։

1. Խոսեք երեխայի հետ նրա առցանց ակտիվության մասին

Երբ երեխան սկսում է օտվել համացանցից, խոսե՛ք նրա հետ այն մասին, թե ինչ է նա կարդում, դիտում և ում հետ է շփվում առցանց, և շարունակեք զրույցը նրա մեծանալուն զուգահեռ: Հարցրե՛ք, թե որ կայքերն է այցելում կամ ինչ հավելվածներ է օգտագործում, գրե՛ք ցուցակ և միասին քննարկեք դրանք: Խոսե՛ք երեխայի հետ այն մասին, թե ըստ ձեզ, ինչն է տեղին, և ինչը ոչ, նաև հիշեցրե՛ք, որ դա կարող է տարբեր լինել այլ ծնողների և նրանց երեխաների համար:

Լսե՛ք երեխայի կարծիքը և համաձայնություն ձե՛ռք բերեք, թե ինչն է ճիշտ ձեր ընտանիքի համար: Հիշե՛ք, որ կգա ժամանակ, երբ երեխան մուտք կունենա համացանցին տան անվտանգության գոտուց դուրս, և նա պետք է պատրաստ լինի դրան:

2. Սարքերը պահե՛ք այնտեղ, որտեղից կարող եք տեսնել դրանց էկրանը

Համակարգիչը պահե՛ք տան կենտրոնական վայրում, որտեղ հեշտ կլինի հետևել, թե ինչ է անում և դիտում ձեր երեխան առցանց: Բջջային սարքերի դեպքում կարելի է կարգավորել դրանք այնպես, որ չհիշեն Wi-Fi-ի ծածկագիրը, որպեսզի երեխաներն առանց ձեր իմացության չկարողանան դրանցով միանալ համացանցին։

Ավելի փոքր երեխաների համար կարող եք նաև ուսումնասիրել բրաուզերի պատմությունները, որպեսզի տեսնեք, թե երեխան ինչ կայքեր է այցելում: Այս մոտեցումը ժամանակի ընթացքում կարող է այդքան էլ արդյունավետ չլինել, քանզի երեխաները մեծանում են և սովորում են, թե ինչպես մաքրել բրաուզերի պատմությունը։ Սա ևս մեկ պատճառ է, որ երեխայի հետ պետք է վաղ տարիքից երկխոսություն սկսել համացանցի օգտագործման մասին։

3. Իմացե՛ք ծնողական վերահսկողության հնարավորությունների մասին

Անմեղ որոնումները համացանցում կարող են հանգեցնել ոչ այնքան անմեղ արդյունքների, ուստի լավ է, որ ծնողը տեղյակ լինի որոնման սահմանափակումների մասին, որոնք առաջարկում են վեբ բրաուզերները, ինտերնետ ծառայություններ մատուցողներն ու սարքեր: Օրինակ՝ Google-ում SafeSearch Filters ֆունկցիան արգելափակում է բացահայտ սեքսուալ բնույթի նյութեր պարունակող կայքերը: Այն միացնելու համար պետք է անցնել Settings և SafeSearch Filters հրահանգներով։

4. Իմացե՛ք, թե ովքեր են ձեր երեխաների առցանց ընկերները

Մեծահասակները գիտեն, որ համացանցում որոշ մարդիկ այնպիսին չեն, ինչպիսին ներկայանում են, բայց երեխաները և երիտասարդները կարող են չիմանալ, թե իրականում ում հետ են զրուցում համացանցում, եթե նրանց վաղ տարիքից չսովորեցնեք դա։ Հետևաբար, դուք նույնպես ընկերացեք ձեր երեխայի կոնտակտների հետ, որպեսզի կարողանաք նաև այդպերպ վերահսկել: Երեխան կարող է ընդդիմանալ, բայց նրան պետք է բացատրել, որ դա ձեր պայմաններից մեկն է, որ նրան թույլ կտաք մուտք գործել համացանց։   

5. Ամեն ինչ չէ, որ պետք է տարածել սոցցանցում

Եթե ձեր երեխան կանոնավոր կերպով օգտվում է սոցցանցերից, ապա նա պետք է տեղյակ լինի անձնական տեղեկությունները, լուսանկարները հրապարակելուց հետո հնարավոր վտանգների մասին: Երեխային պետք է սովորեցնեք լինել զգույշ և լավ մտածել ցանկացած բան սոցցանցում հրապարելուց առաջ (անուն, հեռախոսահամար, տան հասցեն, էլ.փոստը, դպրոցի անվանումը և այլն)։ Կարելի է նաև պայմանավորվել, որպեսզի երեխան որևէ բան հրապարկելուց առաջ խորհրդակցի ձեզ հետ։

6. Գաղտնի պահել գտնվելու վայրը

Հավելվածների, սոցցանցերի և սարքերի մեծ մասն ունեն մարդու աշխարհագրական գտնվելու վայրը տեղորոշելու գործառույթ: Այս գործառույթը պետք է անջատել գաղտնիության և անվտանգության ակնհայտ նկատառումներից ելնելով: Թվային լուսանկարները պարունակում են նաև մետատվյալներ (ժամանակի, ամսաթվի և GPS կոորդինատների մասին տեղեկություններ), որոնք կարող են ավելին բացահայտել, քան ցանկանում եք: Սոցցանցերի որոշ հարթակներ ավտոմատ կերպով թաքցնում կամ հեռացնում են այս տվյալները, բայց ոչ բոլորը։ Հետևաբար ծնողներն իրենք պետք է իմանան այս մասին և դա բացատրեն նաև երեխային։

7. Հետևե՛ք համացանցում անցկացված ժամանակին

Հինգից մինչև 17 տարեկան երեխաներին էկրանին նայել խորհուրդ է տրվում օրական երկու ժամից ոչ ավելի: Հետևաբար, կարևոր է վերահսկել, թե ձեր երեխան որքան ժամանակ է անցկացնում առցանց։ Երեխայի հետ կարելի է պայմանավորվել և թույլատրելի ժամանակը բաժանել մասերի, օրինակ՝ 30 րոպեանոց կարճ սեանսների։

8. Երեխային առաջնորդե՛ք ձեր օրինակով

Երեխային առաջնորդե՛ք ձեր օրինակով, որպեսզի նա հետևի առցանց վարքագծի ձեր դրական մոդելին։ Եթե երեխան տեսնում է, որ զգույշ և հարգալից եք համացանցում, ավելի հավանական է, որ նա հետևի ձեր օրինակին։ Եվ, այո՛, դա նաև նշանակում է, որ դուք նույնպես պետք է սահմանափակեք ձեր առցանց անցկացրած ժամանակը։

 


 
  • Ամենաընթերցվածը

ամիս

շաբաթ

օր

 
 
 
 
  • Արխիվ