Apple-ը մտադիր է թողարկել iPhone-ի ամենաթանկ մոդելը՝ «Ultra»-ն

6 փետրվարի, 2023  13:41

Apple-ն ուսումնասիրում է iPhone-ի ամենաթանկ մոդելի թողարկման հնարավորությունը, որը կկոչվի «Ultra» և կդառնա iPhone Pro և iPhone Pro Max ֆլագմանային շարքին հավելում: Նախնական տվյալներով՝ Ultra մոդելը կլինի Apple-ի առաջին սմարթֆոնը, որը կձերբազատվի բոլոր ավանդական միակցիչներից և կստանա նաև կատարելագործված տեսախցիկ և պրոցեսոր, տեղեկացնում է Bloomberg գործակալությունը։

Ըստ հոդվածի հեղինակ Մարկ Գուրմանի՝ Առաջիկայում Ultra մոդելի ի հայտ գալու մասին ակնարկ կարող էր լինել Apple-ի գործադիր տնօրեն Թիմ Քուկի վերջին հայտարարությունը, որում նա նշել էր, որ «մարդիկ պատրաստ են գումար ծախսել՝ իր տեսակի մեջ լավագույնը ստանալու համար»:

Թիմ Քուկն այս հայտարարությունն արել է, երբ արձագանքելիս է եղել iPhone-ների գնի անընդհատ թանկացման վերաբերյալ հարցին։ Այսպես, եթե 2017 թ․ iPhone X-ի թոփ մոդելը 256 ԳԲ ներկառուցված հիշողությամբ արժեր 1150 դոլար, ապա 2022 թ․ iPhone ֆլագմանը՝ iPhone 14 Pro Max-ը (1 ՏԲ ներկառուցված հիշողությամբ) արժե մոտ $1600:

Քուկն ասել է, որ թանկացումը խնդիր չէ, իրականում, հավանաբար, սպառողներին կարելի է համոզել ավելի շատ վճարել։ «Կարծում եմ, որ մարդիկ իրոք պատրաստ են ջանքեր գործադրել, որպեսզի ստանան լավագույնը, որ կարող են իրենց թույլ տալ այդ կատեգորիայում»,- ասել է նա՝ նշելով, որ iPhone-ը դարձել է մարդկանց կյանքի «անբաժանելի մասը»․ սպառողներն այժմ iPhone-ն օգտագործում են վճարումներ կատարելու, կենցաղային խելացի սարքերը, իրենց առողջությունը կառավարելու և բանկային տվյալները պահելու համար։

Գործակալությունը նշում է, որ Apple-ը ներքին կարգով քննարկել է իր սմարթֆոնների շարքում ավելի բարձրակարգ iPhone ունենալու հարցը և արդեն ամեն ինչ անում է, որպեսզի իր Pro մոդելներն առանձնանան ստանդարտ iPhone-ներից, ինչը հիմք կդառնա սպառողների համար, որպեսզի ավելին վճարեն լավ սմարթֆոն ձեռք բերելու համար։

Ըստ Bloomberg-ի՝ օրինակ, երբ iPhone 15-ը ներկայացվի այս տարվա վերջին, այն կտարբերվի ստանդարտ iPhone-ներից ինչպես հեռախոսի պատրաստման համար օգտագործված նյութերով, այնպես էլ պրոցեսորներով և տեսախցիկներով։ Կոնկրետ Pro Max մոդելը կստանա պերիսկոպ ոսպնյակ, որը կառաջարկի բարելավված օպտիկական խոշորացում:

Apple-ն արդեն օգտագործել է «Ultra» անվանումն իր սպորտային բարձրակարգ խելացի ժամացույցի և M1 պրոցեսորի լավագույն տարբերակի համար: Սակայն, ըստ գործակալության,  Pro Max-ը պարզապես «Ultra» վերանվանելու փոխարեն, Apple-ը կարող է երկու Pro մոդելներից ավելի բարձրակարգ iPhone ավելացնել այս շարքին: Ընկերությունը ներքին կարգով քննարկել է հենց դա անել, և հնարավոր է՝ 2024 թ․, երբ ներկայացվի նոր iPhone-ը։

Դա, անշուշտ, կարող է բարձրացնել հեռախոսի գինը, իսկ սպառողները ծանրակշիռ պատճառներ պետք է ունենան նոր սմարթֆոնն այդ գնով ձեռք բերելու համար։ Ըստ գործակալության՝ այս պահին անհասկանալի է, թե այդ ամենաարդի մոդելը ինչպես կտարբերվի մյուսներից։ Հավանաբար այն կունենա ավելի լավ տեսախցիկ, ավելի հզոր ու արագագործ չիպ և գուցե նույնիսկ ավելի մեծ էկրան: Հնարավոր է նաև շատ գործառույթներ լինեն, ինչպիսիք են լիցքավորման պորտից վերջնականապես հրաժարվելը, ինչպես արդեն արել է Samsung Electronics Co.-ն իր Ultra շարքի դեպքում։ 


 
  • Ամենաընթերցվածը

ամիս

շաբաթ

օր

 
 
 
 
  • Արխիվ