Գնման ուղեցույց․ ինչպե՞ս ընտրել ձեզ ամենահարմար նոութբուքը

4 փետրվարի, 2023  13:03

Տեխնոլոգիաների կատարելագործմանը զուգահեռ զարգանում են նաև համակարգչային սարքավորումները և նոր սարք գնելիս դժվար է կողմնորոշվել, թե կոնկրետ ինչ է անհրաժեշտ և ինչպիսի պարամետրերով։ Նոութբուքները համակարգչային ամենահարմար սարքավորումներն են թե՛ տնային օգտագործման, թե՛ ուսման և թե՛ աշխատանքի համար։ Իհարկե սարքի ընտրությունն առավելապես կախված է դրա արժեքից, սակայն որոշ մանրամասների իմացությունը թույլ կտա ձեր բյուջեի շրջանակում ընտրել գին-որակ լավագույն հարաբերակցությունը՝ հարմար ձեր գործունեության տեսակին։ Ստորև ներկայացված ուղեցույցի միջոցով կփորձենք օգնել կողմնորոշվելու դրանց ընտրության հարցում։

Նախ եկեք հասկանանք, թե ինչ բաղադրիչներից է կազմված նոութբուքը։ 

Պրոցեսոր՝ համակարգչի ուղեղը

Ցանկացած համակարգչի հիմքը փոքրիկ չիպ է, որը կատարում է դրա ներսում անհրաժեշտ  բոլոր հաշվարկները։ Այդ չիպի աշխատանքը գնահատվում է Core-երով, Thread-ներով և Clock Speed-ով։

Պրոցեսորի Core-երը գործնականում առանձին պրոցեսորներ են, և որքան շատ լինի դրանց քանակը, այնքան շատ գործողություն միաժամանակ կկարողանա անել համակարգիչը։ Ժամանակակից համակարգիչները բաղկացած են լինում 2-64 Core-երից։

Thread-ներից է կախված, թե Core-երից յուրաքանչյուրը միաժամանակ քանի գործառույթ կարող է իրականացնել։

Clock Speed-ը ցույց է տալիս պրոցեսորի աշխատանքի արագությունը, որը չափում է GHz-երով (գիգահերց)։ Օրինակ՝ 3․0 GHz արագությամբ պրոցեսորը վայրկյանում կատարում է 3 միլիարդ ցիկլ։ 

Այսպիսով, Clock Speed-ը ցույց է տալիս պրոցեսորի արագությունը, իսկ Core-երը և Thread-ները՝ արտադրողականությունը։

Պրոցեսորների հիմնական ապրանքանիշներն են Intel-ը և AMD-ին։ Ստորև ներկայացված աղյուսակում կարող եք ծանոթանալ խորհուրդ տրվող պրոցեսորների մոդելներին՝ կախված դրանց օգտագործման նպատակից։

Նպատակը Պրոցեսորների տեսակները
Առօրյա օգտագործման, բրաուզերների համար Intel Celeron, Intel Pentium, Intel Core i3, AMD A4, AMD A6
Տեսանյութերի դիտման համար Intel Core i3, Intel Core i5, AMD Ryzen 3, AMD Ryzen 5
Գրասենյակային աշխատանքի համար Intel Core i3, Intel Core i5, AMD Ryzen 3, AMD Ryzen 5
Ծրագրավորման համար Intel Core i5, Intel Core i7, AMD Ryzen 5, AMD Ryzen 7
Խաղերի համար Intel Core i5, Intel Core i7, AMD Ryzen 5, AMD Ryzen 7
Դիզայներական աշխատանքի համար Intel Core i7, Intel Core i9, AMD Ryzen 7

Նոութբուքի բաղադրիչների բաժնում պրոցեսորի մանրամասները գրված են լինում այսպես՝ Intel® Core™ i5-1240P (up to 4.4 GHz, 12 MB L3 cache, 12 cores, 16 threads)։ 

Օպերատիվ հիշողություն (RAM)

Օպերատիվ հիշողությունը համակարգչի հիշողության տեսակներից է, որտեղ տեղեկությունը պահպանվում է այնքան ժամանակ, քանի դեռ համակարգիչն աշխատում է (միացված է)։ Ժամանակակից նոութբուքների օպերատիվ հիշողությունը սկսվում է 4 ԳԲ-ից, սակայն գին-արտադրողականություն տեսանկյունից ցանկալի է ընտրել նոութբուք, որն ունի առնվազն 8 ԳԲ օպերատիվ հիշողություն։ Առավել ծանր աշխատանքների համար օգտագործվում են 16 ԳԲ, 32 ԳԲ, 64 ԳԲ, 128 ԳԲ և ավելի մեծ տարողությամբ հիշողություններ։

Կոշտ սկավառակ (HDD) կամ պահպանման սկավառակ (SSD)

Սրանք համակարգչի հիմնական հիշողության պահպանման սարքերն են, որոնց արտադրողականությունը կարող է ավելի մեծ ազդեցություն ունենալ համակարգչի աշխատանքի վրա, քան անգամ պրոցեսորը։ Այս առումով SSD-ները մի քանի անգամ ավելի արագ են, քան HDD-ները, չնայած՝ վերջիններն ավելի մատչելի են։ Բացի դրանից, HDD-ները ավելի դիմացկուն են և ուշ են փչանում։ Այսպիսով ընտրությունը կախված է նրանից, թե ինչ եք ցանկանում պահպանել համակարգչում։ Դրանից է կախված նաև սկավառակների տարողությունը։ Հաշվի առնելով ժամանակակից պահանջները՝ խորհուրդ է տրվում ընտրել առնվազն 128 ԳԲ հիշողությամբ սկավառակներ։

Չափեր և քաշ

Նոութբուքները տարբերվում են ոչ միայն տեխնիկական չափորոշիչներով, այլև արտաքնապես։ Կախված նրանից, թե որքան եք տեղափոխում համակարգիչը և որքան կարևոր է էկրանի չափը՝ տարբեր պատուհաններ տեղավորելու համար՝ տարբերվելու է նաև ձեր ընտրությունը։ 

Նոութբուքների էկրանների լայնությունը տատանվում է 11–17 դյույմի միջակայքում։ Օրինակ՝ մինչև 14 դյույմ նոութբուքները հարմար են պայուսակում տեղափոխելու համար։ Դրանից առավել մեծ էկրաններն օգտագործվում են դետալացված աշխատանքների համար, օրինակ՝ դիզայն, խաղեր և այլն։ Բացի էկրանի չափերից, կարևոր է նաև դրա որակը և կետայնությունը։

Եթե անընդհատ հանդիպումների և ճանապարհորդությունների եք մեկնում, ավելի հարմար է ընտրել թեթև նոութբուքներ, որոնք կշռում են 1-2 կգ։ Սակայն կարևոր է հաշվի առնել, որ որպես կանոն թեթև նոութբուքները նախատեսված չեն բարդ աշխատանքների համար և համեմատաբար թույլ են լինում։ Առավել մեծ նոութբուքերը հիմնականում կշռում են մինչև 3 կգ։

Պակաս կարևոր չէ նաև ստեղնաշարերի ընտրությունը։ Ուշադրություն է պետք դարձնել ստեղների միմյանցից հեռավորությանը, թաչփադի մեծությանը, ինչպես նաև, կախված աշխատանքի բնույթից, թվերի առանձնացված հատվածի ու ստեղնաշարի լուսավորման առկայությանը։

Բրենդներ

Նոութբուքներ արտադրող ամենահայտնի ընկերություններն են՝ Apple, HP, Asus, Lenovo, Dell, Acer, Samsung, MSI, Microsoft Surface, Razer: Դրանք աշխատում են տարբեր օպերացիոն համակարգերով՝ Windows, macOS կամ Chrome OS։

Բրենդի ընտրությունը կախված է անձնական նախընտրություններից և գնային սահմանափակումներից։ 

Կարևոր դետալներ

Առհասարակ սարքավորում գնելիս պետք է ուշադրություն դարձնել երաշխիքային սպասարկմանն ու ժամկետներին։ 

Որոշ գործառույթների համար կարելի է դիտարկել երկուսը մեկում նոութբուքներ, որոնք հնարավորություն են տալիս լրիվ ծալել էկրանն ու օգտագործել այն որպես պլանշետ։ 


 
 
 
 
  • Արխիվ