Գիտնականները հայտնաբերել են աստղերի զույգ, որը կիլոնովա պայթյուն կառաջացնի

3 փետրվարի, 2023  20:48

Ամերիկացի գիտնականների խումբը պատմել է երկու աստղից բաղկացած աստղային համակարգի մասին, որում մի քանի միլիոն տարի հետո տեղի կունենա կիլոնովա պայթյուն (սա պայթյուն է, որն ուղեկցվում է նեյտրոնային երկու աստղերի միաձուլմամբ)։ Նման պայթյունի ժամանակ արտանետվող էներգիան կարող է հազար անգամ ավելի մեծ լինել, քան նորի աստղի ստեղծման ժամանակ արտանետվող էներգիան։

Մեզնից 11,400 լուսատարի հեռավորության վրա գտնվող այս համակարգի աստղերից մեկը նեյտրոնային է և կոչվում է SGR 0755-2933: Իր կյանքի վերջում աստղն այնքան նյութ է տվել իր ուղեկցին, որ ինքն այլևս բավարար նյութ չի ունեցել, որպեսզի իր կյանքն ավարտի գերնոր աստղին բնորոշ պայծառ պայթյունով: Փոխարենը այն սահմանափակվել է «լուռ» պայթյունով (սա հազվագյուտ տիեզերական իրադարձություն է), որից հետո այն վերածվել է նեյտրոնային աստղի:

Ուսումնասիրված զույգի երկրորդ աստղը կոչվում է CPD-29 2176 և իր ուղեկցի շուրջը մեկ ամբողջական պտույտն անում է 60 երկրային օրում: Կորմա համաստեղությունում գտնվող այս համակարգը պատահաբար հայտնաբերել է ԱՄՆ Արիզոնա նահանգի Էմբրի-Ռիդլ ավիացիոն համալսարանի ուսանողուհի Կլարիսա Պավաոն, երբ ուսումնասիրելիս է եղել Չիլիի Սորրո-Տոլոլո միջամերիկյան աստղադիտարանի տվյալները:

Հետազոտողների ուշադրությունը գրավել է զանգվածային աստղի անսովոր կանոնավոր շրջանաձև ուղեծիրը. դրա ուղեկից աստղի «լուռ» պայթյունը բավականաչափ հզոր չի եղել, որպեսզի իր ուղեկցին դուրս բերի երկարաձգված էլիպսաձև ուղեծիր, որը բնորոշ է երկու աստղից բաղկացած նման համակարգերին:

SGR 0755-2933-ի պայթյունը տեղի է ունեցել մի քանի միլիոն տարի առաջ, և աստղագետները կարծում են, որ CPD-29 2176-ն իր տրամադրության տակ ունի առնվազն ևս մեկ միլիոն տարի, որից հետո գերնոր աստղին բնորոշ պայծառ պայթյուն տեղի կունենա, և այն կվերածվի նեյտրոնային աստղի: Դրանից հետո երկու նեյտրոնային աստղերը կմոտենան միմյանց ևս մի քանի միլիոն տարի և կբախվեն միմյանց՝ առաջացնելով կիլոնովա պայթյուն։

Նման պայթյունների արդյունքում գոյանում են հսկայական քանակությամբ ծանր տարրեր՝ պլատին, քսենոն, ուրան և ոսկի, որոնք պարզապես թափվում են տիեզերքում։ Աստղագետները կարծում են, որ նման իրադարձություններից հետո այդ նյութերը թափված են մնում միջաստղային միջավայրում և այնուհետև ձևավորում աստերոիդներ։

Նախկինում ենթադրվում էր, որ Ծիր Կաթին գալակտիկայում կա մեկ կամ երկու այսպիսի համակարգ, սակայն այժմ գիտնականները համարում են, որ դրանց թիվ տասն է։ 


 
  • Ամենաընթերցվածը

ամիս

շաբաթ

օր

 
 
 
 
  • Արխիվ