ՏՏ ոլորտում ճգնաժամը խորանում է․ Pinterest-ը, Miro-ն, Splunk-ը, Tinder-ը և շատ այլ ընկերություններ կրճատում են աշխատողներին

3 փետրվարի, 2023  13:30

ՏՏ ոլորտի ընկերություններում զանգվածային կրճատումները շարունակվում են․ Pinterest-ը, Miro-ն, Splunk-ը և շատ այլ ընկերություններ կրճատում են իրենց աձնակազմը՝ փորձելով նվազեցնել ծախսերը սպասվող ճգնաժամի պայմաններում։

Pinterest-ը կրճատում է անձնակազմի 5%-ը

Հանրահայտ ֆոտոհոսթինգ Pinterest-ը նախատեսում է կրճատել իր անձնակազմի 5%-ը՝ ծախսերը օպտիմալացնելու և «ռազմավարական առաջնահերթությունների» վրա կենտրոնանալու համար:

2022 թ․ ընկերությունում աշխատում էր մոտ 4000 մարդ ամբողջ աշխարհում։ Մոտ ապագայում նախատեսվում է Սան Ֆրանցիսկոյի ծրագրավորողներից 150 մարդու կրճատել։ Եվս մի քանի աշխատակից կազատվի աշխատանքից այլ քաղաքներում և երկրներում գտնվող գրասենյակներից:

Աշխատանքից ազատված աշխատակիցներին խոստացել են վերջնահաշվարկ, ապահովագրական արտոնյալ պոլիսներ և աջակցության այլ օժանդակ միջոցներ:

Miro-ն կրճատում է անձնակազմի 7%-ը

Miro ընկերությունը, որն ինտերակտիվ առցանց հարթակ է մշակում թիմային համագործակցության համար, նախատեսում է կրճատել 119 աշխատակցի՝ անձնակազմի մոտ 7%-ը: Կրճատումները հիմնականում կվերաբերեն HR մասնագետներին և մի շարք ծրագրավորողների։  

Ընկերությունը նախատեսում է նաև կրճատել աշխատողների ընդունման գործընթացի և ճանապարհորդության վրա արվող ծախսերը, ինչպես նաև չեղարկել լայնածավալ ներքին միջոցառումները:

Ինչպես Pinterest-ի դեպքում, այստեղ ևս աշխատանքից ազատված աշխատակիցները ֆինանսական անհրաժեշտ միջոցներ և աջակցություն կստանան։

Splunk-ը կրճատում է անձնակազմի 4%-ը

Ծրագրային ապահովման ամերիկյան Splunk ընկերությունը նախատեսում է կրճատել շուրջ 325 աշխատակցի՝ անձնակազմի 4%-ը։ Կրճատումների մեծ մասը կանդրադառնա Հյուսիսային Ամերիկայի աշխատողների վրա:

Կրճատումների միջոցով ընկերությունը հույս ունի նվազեցնել ծախսերը և հավասարակշռել աճը շահութաբերության հետ: Ծախսերը նվազեցնելու համար ընկերությունը միջոցներ է ձեռնարկում նաև արտաքին ռեսուրսներից՝ տարբեր գործակալություններից և խորհրդատուներից կախվածությունը նվազեցնելու ուղղությամբ: Ընկերությունը նախատեսում է ապագայում ավելի «խելացի» վարվել աութսորսինգի հարցում:

Այնուամենայնիվ, 2024 թ․ ընկերությունը նախատեսում է սկսել նոր աշխատակիցների ընդունել աշխատանքի։

Tinder-ը կրճատում է անձնակազմի 8%-ը

Match Group-ը՝ Tinder առցանց ծանոթությունների ծառայության սեփականատերը, նախատեսում է կրճատել իր աշխատակիցների 8%-ը։ Այժմ ընկերությունում աշխատում է մոտ 2000 մարդ, որից 150-ը կկրճատվի։

Ճգնաժամի պայմաններում ընկերությունը ոչ միայն աշխատանքից ազատում է աշխատակիցներին, այլև ձգտում է նվազեցնել գրասենյակային տարածքների վարձակալության ծախսերը և նախատեսում է խնայել ժամադրության ծառայությունների մեծ մասի մարկետինգի վրա (բացառությամբ Tinder-ի և Hinge-ի, որոնց ծախսերը նախատեսում է բարձրացնել): Ընկերությունը նաև մոտ 6 մլն դոլար է հատկացրել վերջնահաշվարկի և նմանատիպ ծախսերի համար։

Կրճատումներ ՏՏ ոլորտում

Ըստ TrueUp tracker-ի տվյալների՝ տեխնոլոգիական ընկերությունները 2023 թ. հունվարին ընդհանուր առմամբ ավելի շատ մարդու են ազատել աշխատանքից, քան 2022 թ․ վերջին երկու ամիսներին։ Տարեսկզբից ավելի քան 99,900 աշխատող արդեն կրճատվել է։ Եվս 50,500 մասնագետ ազատվել է աշխատանքից 2022 թ․ նոյեմբերին, իսկ դեկտեմբերին կրճատվել է 40,300 աշխատող։

Վերջերս կրճատումներ են տեղի ունենում նաև այնպիսի ընկերություններում, ինչպիսիք են International Business Machines-ը (IBM) և Lam Research-ը, որոնք նախատեսում են աշխատանքից հեռացնել ընդհանուր առմամբ 5200 մարդու, NetApp-ը (անձնակազմի 8%-ը), PayPal-ը (անձնակազմի 7%-ը), 343 Industries-ը (95 աշխատող), Unity Software-ը (284 աշխատող):

Ամենամասշտաբային կրճատումները տեղի են ունեցել Microsoft-ում, որտեղ, ըստ տարբեր աղբյուրների, կրճատումների տակ են հայտնվել 6000-11,000 աշխատող, ինչպես նաև Amazon-ում, որտեղ սկզբում նախատեսում էին կրճատել մոտ 10,000 աշխատակցի, բայց հետո որոշեցին այդ թիվը հասցնել 18,000-ի:

Tesla-ն և Micron Technology-ն նույնպես կրճատում են իրենց աշխատուժի 10%-ը: Չինաստանի խոշորագույն սմարթֆոն արտադրող Xiaomi-ն աշխատանքից ազատում է իր աշխատակիցների 15%-ին: HP Inc. ծրագրում է առաջիկա երեք տարիների ընթացքում կրճատել 4000-6000 աշխատակցի: Vimeo վիդեո ծառայությունը նույնպես նախատեսում է կրճատել իր անձնակազմի գրեթե 11%-ը:

Twitter-ի աշխատակազմը կրճատվել է գրեթե երկու երրորդով այն բանից հետո, երբ Իլոն Մասկը դարձավ ընկերության և դրան պատկանող հարթակի նոր սեփականատերը․ եթե նախկինում  ընկերությունում աշխատում էր մոտ 7500 մարդ, այժմ մնացել են մոտ 2300-ը:

Meta Platforms-ը աշխատանքից ազատում է 11,000 մարդու՝ կորպորացիայի աշխատակիցների մոտ 13%-ը: Այնուամենայնիվ, դա լավ անդրադարձավ գործադիր տնօրեն Մարկ Ցուկերբերգի  բարեկեցություն վրա. Meta-ի ծախսերի կրճատման միջոցների շնորհիվ ընկերության բաժնետոմսերի գինը բարձրացավ 23%-ով և փետրվարի 2-ին հասավ մեկ օրվա ընթացքում գրանցված ամենաբարձր ցուցանիշին՝ 197,16 դոլար, իսկ անձամբ Ցուկերբերգի կարողությունը մեկ օրում աճեց ռեկորդային 12,5 մլրդ դոլարով: 


 
  • Ամենաընթերցվածը

ամիս

շաբաթ

օր

 
 
 
 
  • Արխիվ