Աստղագետները ֆիքսել են, թե ինչպես են 780 մլն լուսատարի հեռավորության վրա գտնվող գալակտիկական կլաստերները միաձուլվում

3 փետրվարի, 2023  15:24

Երկրից մոտ 780 մլն լուսատարի հեռավորության վրա գտնվողն առնվազն երեք գալակտիկական կլաստերներ քաոսային միաձուլման են ենթարկվում։ Օգտագործելով տարբեր աստղադիտակների տվյալները՝ աստղագետները տպավորիչ լուսանկար են հրապարակել, որում երևում է գալակտիկական կլաստերների զանգվածային բախումը։

Ինչպես տեղեկացնում է Space.com-ը, ավելի փոքր գալակտիկական կլաստերները, որոնցից յուրաքանչյուրը ներառում է հարյուրավոր կամ հազարավոր առանձին գալակտիկաներ, միավորվում են՝ ձևավորելով ավելի մեծ գալակտիկական կլաստեր, որը հայտնի է Աբել 2256 անունով:

Հասկանալու համար, թե ինչ է կատարվում այս միաձուլման ներսում, աստղագետները հավաքել են NASA-ի «Չանդրա» ռենտգենյան աստղադիտարանի, Եվրոպական տիեզերական գործակալության XMM-Newton աստղադիտակի տվյալները, որոնք երկուսն էլ տիեզերական աստղադիտակներ են, ինչպես նաև Հավայան կղզիներում գտնվող Հալեակալայի աստղադիտարանի Pan-STARRS աստղադիտակի, Հնդկաստանում գտնվող Giant Metwave ռադիոաստղադիտակի, Նիդեռլանդներում գտնվող Low Frequency Array-ի և Նյու Մեքսիկոյում գտնվող Very Large Array աստղադիտարանի տվյալները։

Արդյունքում ստացվել է կոմպոզիտային պատկեր, որը ցույց է տալիս ալիքի մի քանի երկարություն․ ռենտգենյան ճառագայթները երևում են կապույտով, ռադիոալիքները՝ կարմիրով, օպտիկական և ինֆրակարմիր լույսը՝ դեղինով:

Abell 2256.JPG (152 KB)

Ռենտգենյան ճառագայթները ցույց են տալիս տաք գազի ամպեր, մինչդեռ ռադիոալիքները ցույց են տալիս էներգիայի շիթերը, որոնք դուրս են գալիս սև խոռոչներից ամբողջ կլաստերի գալակտիկաների կենտրոններում, ինչպես նաև «մասունքներ» կամ թելանման կառույցներ, որոնք պատկերում կլաստերների բախման հետևանքով առաջացած հին հարվածային ալիքները։ Օպտիկական և ինֆրակարմիր կետերը ցույց են տալիս Աբել 2256-ի ներսում գտնվող առանձին գալակտիկաներ:

X Ray .JPG (26 KB)
Ռենտգենյան ճառագայթներով տարբերակ

Optical infrared.JPG (40 KB)
Օպտիկական և ինֆրակարմիր տարբերակ

Radio.JPG (33 KB)
Ռադիոալիքներով տարբերակ

Իտալիայի Բոլոնիայի համալսարանի աստղագետ Կամլեշ Ռաջպուրոհիտը, որը ղեկավարում է Աբել 2256-ն ուսումնասիրող թիմը, հույս ունի այս պատկերներն օգտագործել՝ բացահայտելու համար առեղծվածները, թե ինչպես են առաջանում այս հսկայական գալակտիկական կլաստերները, որոնք տիեզերքի ամենամեծ կառույցներից են։

Դրանց ուսումնասիրությունը հետաքրքիր է նաև նրանով, որ գալակտիկական կլաստերները տիեզերքի հայտնի ամենամեծ մասնիկների արագացուցիչներն են, որոնք, ըստ որոշ տեսությունների, տիեզերական խորհրդավոր ճառագայթների աղբյուր են համարվում: Նման մանրամասնություններով պատկերների միջոցով աստղագետները կարող են շարունակել ուսումնասիրել գրեթե լույսի արագությամբ շարժվող էներգիայի այս խորհրդավոր պոռթկումների ծագումը։

Ռաջպուրոհիտը և նրա գործընկերները երկու հոդված են հրապարակել՝ վերլուծելով Abell 2256-ը, առաջինը՝ The Astrophysical Journal-ում 2022 թ․ մարտին, իսկ երկրորդը՝ Astronomy and Astrophysics ամսագրում 2023 թ․ հունվարին։


 
 
 
 
  • Արխիվ