Alphabet-ի գովազդային բիզնեսն անկում է ապրում․ 4-րդ եռամսյակում ամենավատ ցուցանիշն է գրանցվել

3 փետրվարի, 2023  11:05

Alphabet ընկերությունը (Google-ի մայր ընկերությունը) հրապարակել է իր չորրորդ եռամսյակի եկամուտների և շահույթի հաշվետվությունը: Պարզվում է, որ ցուցանիշները զգալիորեն ցածր են, քան ակնկալում էին փորձագետները. կորոնավիրուսային համաճարակից հետո գովազդատուները Alphabet-ում զգալիորեն կրճատել են իրենց բիզնեսը խթանելու ծախսերը:

Ինչպես տեղեկացնում է Reuters-ը, ներդրողներին ներկայացված հաշվետվությունում Alphabet-ը խոստանում է «գոտիները ձգելու» նոր շրջան սկսել, մասնավորապես, կրճատել ծախսերը անշարժ գույքի և փորձարարական նախագծերի զարգացման վրա, որոնք կարող են արդյունք տալ տարիներ անց միայն: Հաշվետվության լուրերի ֆոնին ընկերության բաժնետոմսերն էժանացել են 5%-ով: Ընդորում, ընկերության բաժնետոմսերը 2022-ին արդեն կորցրել էին իրենց արժեքի մոտ 40%-ը։

Չորրորդ եռամսյակի ընթացքում ընկերության զուտ շահույթը նվազել է մինչև 13,62 մլրդ դոլար՝ նախորդ տարվա 20,64 մլրդ դոլարի դիմաց: Սա Alphabet-ի ամենավատ ցուցանիշն է չորս եռամսյակների ընթացքում:

Google-ի գովազդից ստացվող հասույթը (ներառյալ որոնողական համակարգն ու YouTube-ը), նվազել է 3,6%-ով՝ հասնելով 59,04 մլրդ դոլարի, ընդհանուր հասույթն աճել է 1%-ով՝ հասնելով 76,05 մլրդ դոլարի։ Վերջին տարիներին նման դանդաղ աճ նկատվում է առաջին անգամ, բացառությամբ 2020 թ․ երկրորդ եռամսյակի, երբ մի փոքր անկում էր գրանցվել: Ոլորտի փորձագետներն ակնկալում էին, որ հասույթը կկազմի 76,52 մլրդ դոլար։

Շուկայում ունեցած մասնաբաժնի առումով Google-ը թվային գովազդի ամենամեծ հարթակն է, ինչն այն չափազանց խոցելի է դարձնում շուկայի տատանումների նկատմամբ։ Բացի դրանից, YouTube-ն արդեն լուրջ ճնշումների է ենթարկվում ավելի երիտասարդ լսարան գրավող TikTok-ի կողմից, որի բիզնեսը շարունակ աճում է։

YouTube-ի գովազդից ստացված եկամուտը, որն Alphabet-ի եկամտի ամենամեծ աղբյուրներից մեկն է, նվազել է մոտ 8%-ով՝ հասնելով 7,96 մլրդ դոլարի, ինչը ցածր է ակնկալվող 8,25 մլրդ դոլարից: Հաշվետու ժամանակաշրջանում լավ արդյունք է գրանցել ամպային բիզնեսը, որի հասույթն աճել է 32%-ով՝ մինչև 7,32 մլրդ դոլար:

alphabet.jpg (134 KB)

Alphabet-ի ֆինանսական տնօրեն Ռութ Պորատի խոսքով՝ 2023 թ․ ընկերությունը ուշադրությունը կկենտրոնացնի եկամուտների աճի և ծախսերի կառուցվածքի զգալի փոփոխությունների վրա: Այս տարի կապիտալ ծախսերը կլինեն նույն մակարդակի վրա, ինչ նախորդ տարի։ Քանի որ ավելի շատ աշխատակիցներ աշխատում են հեռավար, իսկ ընկերությունը օպտիմալացնում է իր աշխատուժը։ Alphabet-ն ակնկալում է նվազեցնել անշարժ գույքի ծախսերը, որոնք միայն տարվա առաջին երեք ամիսներին պետք է կազմեն մոտ 500 մլն դոլար:

Ընկերության ղեկավար Սունդար Պիչայն իր հերթին ասել է, որ Alphabet-ը պատասխանատվությամբ է մոտենում ներդրումներին և ընտրում ոլորտներ, որտեղ կարող է ֆինանսապես ամենաարդյունավետը գործել։ Պիչայի խոսքով՝ ընկերության համար առաջնահերթություն կդառնա արհեստական բանականությամբ աշխատող համակարգերի ներդրումը։ Ընկերությունը նախատեսում է առաջիկա շաբաթների ընթացքում հանրությանը ներկայացնել LaMDA չատբոտը։

Հատկանշական է, որ երեկ Alphabet-ի մրցակից Meta-ի ղեկավար Մարկ Ցուկերբերգը, հայտարարել էր «արդյունավետության տարի» սկսելու մասին։ Շատ ՏՏ ընկերություններում այժմ տեղի ունեցող որոշակի անկման պատճառն այն է, որ ավարտվել է կորոնավիրուսային համաճարակի ժամանակ տիրող «առատության» շրջանը, երբ լոքդաունների ժամանակ տանն արգելափակված մարդիկ ավելի շատ ժամանակ էին անցկացնում ինտերնետում, ինչի շնորհիվ ընկերություններն ավելի շատ գումար էին ծախսում գովազդի վրա։

Գովազդատուները նույնպես շարունակում են նվազեցնել Alphabet-ի ծառայությունների վրա արվող ծախսերը, քանի որ նրանք ենթադրում են, որ գնաճը և վարկերի բարձր տոկոսադրույքների պատճառով պոտենցիալ գնորդները կարող են ավելի քիչ գումար ծախսել իրենց ապրանքներն ու ծառայությունները գնելու վրա։ Այս հարցում իր դերն է խաղացել նաև դոլարի նկատմամբ բազմաթիվ արժույթների փոխարժեքների անկումը։

Հիշեցնենք, որ ընկերությունն անցյալ ամիս որոշեց կրճատել 12,000 աշխատակցի՝ բոլոր աշխատողների մոտ 6%-ը, և մտադիր է այս տարի դանդաղեցնել աշխատանքի ընդունման տեմպերը։


 
  • Ամենաընթերցվածը

ամիս

շաբաթ

օր

 
 
 
 
  • Արխիվ