ChatGPT-ի շուրջ աժիոտաժի շնորհիվ ԱԲ-ին առնչվող ընկերությունների բաժնետոմսերը կտրուկ թանկացել են․ Open AI-ը ներկայացրել է ChatGPT-ի վճարովի տարբերակ

2 փետրվարի, 2023  12:26

Open AI ընկերության արհեստական բանականությամբ աշխատող հանրահայտ ChatGPT չատբոտը իր պոպուլյարության շնորհիվ նպաստում է այլ ընկերությունների բաժնետոմսերի գների բարձրացմանը, որոնք այս կամ այն կերպ առնչվում են ԱԲ տեխնոլոգիաներին կամ որոնց անվան մեջ առկա է «AI» հապավումը (Artificial Intelligence-ի կարճ տարբերակը)։ Այս ընթացքում OpenAI-ը ներկայացրել է ChatGPT Plus-ի վճարովի տարբերակը՝ ամսական 20 դոլարով։

ChatGPT-ն աժիոտաժ է առաջացրել

ChatGPT չատբոտի պոպուլյարության աճը մեծ աժիոտաժ է առաջացրել տարբեր ոլորտներում ԱԲ տեխնոլոգիաների հնարավոր օգտագործման շուրջ: Հաշվողական բարդ առաջադրանքներ կատարելու համար նախատեսված չիպեր արտադրող ընկերություններ, մեդիաընկերություններ, որոնք ձգտում են բովանդակության ստեղծման համար գեներատիվ ալգորիթմներ օգտագործել, նեյրոնային ցանցերի վրա հիմնված ծրագրային արտադրանքի մշակողներ․ սա ոչ ամբողջական ցուցակն է այն ընկերությունների, որոնց բաժնետոմսերը վերջին շրջանում կայուն կերպով թանկանում են ChatGPT-ի պոպուլյարության ֆոնին:

Օրինակ՝ հաճախորդների տվյալները վերլուծելու համար ԱԲ ալգորիթմներ օգտագործող BigBear.ai Holdings Inc.-ի բաժնետոմսերն այս ամիս աճել են հինգ անգամ: BuzzFeed Inc. մեդիա ընկերությունը վերջերս ստիպված էր կրճատել ծախսերը թվային գովազդի սեգմենտի դանդաղելու պատճառով, սակայն ընդամենը մի քանի օրվա ընթացքում ընկերության բաժնետոմսերը թանկացել են 300%-ով: Դրան նպաստել է հայտարարությունը, որ  մեդիաբովանդակություն ստեղծելու համար ընկերությունը մտադիր է ԱԲ օգտագործել։ Ծրագրային ապահովմամբ զբաղվող C3.ai Inc. ընկերության բաժնետոմսերն անցյալ ամիս թանկացել են ռեկորդային 77%-ով:

Քանի դեռ ԱԲ տեխնոլոգիաների շուրջ աժիոտաժը չի մարել, վերլուծաբանները չեն բացառում, որ ի հայտ կգան նոր ընկերություններ, որոնք իրենց անվան մեջ կավելացնեն «AI» հապավումը, որպեսզի գրավեն ներդրողների ուշադրությունը։

Հիշեցնենք, որ Microsoft-ը վերջերս հայտարարեց, որ մտադիր է 10 միլիարդ դոլար ներդնել Open AI-ում, որը ֆինանսավորման և ամպային հաշվողական հզորությունների կարիք ունի, որպեսզի ավելի բարդ մոդելներ կարողանա ստեղծել։ Ծրագրային ապահովման հսկան նաև հայտարարեց, որ մտադիր է Open AI-ում ստեղծված ալգորիթմներն իր առկա և ապագա արտադրանքներում օգտագործել։ Ավելի ուշ հայտնի դարձավ, որ Open AI-ի ստեղծած ChatGPT-ն գերազանցում է բոլոր սպասելիքները․ այն կարողացել էր ավարտական ​​քննություն հանձնել լավագույն բիզնես դպրոցներից մեկում, ապա դիմել աշխատանքի, որի համար գրել էր մոտիվացիոն նամակ, ապա թեստային առաջադրանքը կատարել ավելի լավ, քան դիմորդների 80%-ը, ինչից հետո HR մասնագետները, մտածելով, թե մարդու հետ գործ ունեն, ChatGPT-ին հրավիրել էին հարցազրույցի։

Ըստ Wall Street-ի վերլուծաբանների՝ ԱԲ-ով զբաղվող ընկերություններում ներդրումներից ամենաշատը կշահի NVIDIA ընկերությունը, քանի որ այն ԱԲ մոդելների մշակման հզորությունն ապահովող գրաֆիկական պրոցեսորների հիմնական մատակարարն է։ NVIDIA-ի բաժնետոմսերը հունվարին աճել են 34%-ով, ինչը ընկերության լավագույն ցուցանիշն է վերջին վեց տարվա ընթացքում:

ChatGPT Plus-ը՝ վճարովի

OpenAI-ը ներկայացրել է հանրահայտ ChatGPT Plus չատբոտի վճարովի տարբերակը՝ ամսական 20 դոլարով: Մուտք գործելու համար անհրաժեշտ է ընդամենը դիմում ներկայացնել: ChatGPT Plus-ը առաջինը կկարողանան փորձարկել ԱՄՆ-ում։ OpenAI-ն ասել է, որ ծառայությունը կգործարկի նաև այլ երկրներում, սակայն ավելի ուշ։

Մշակողները խոստացել են, որ չատբոտի վճարովի տարբերակը միշտ հասանելի կլինի օգտագործման համար (այժմ անվճար տարբերակի շատ օգտվողներ տեսնում են հետևյալ հաղորդագրությունը՝ ChatGPT is at capacity right now («ChatGPT-ն այժմ ծանրաբեռնված է»)) և անվճար տարբերակի համեմատ օրվա ընթացքում կտա ավելի շատ պատասխաններ։ Վճարովի տարբերակը կունենա նաև նոր ֆունկցիաների նախադիտման հնարավորություն։

OpenAI-ը զգուշացրել է, որ ChatGPT Plus-ի փորձնական տարբերակում ևս կան սահմանափակումներ (այն գեներացնում է սխալ տեղեկություններ, կողմնակալ բովանդակություն կամ վնասակար հրահանգներ) և 2021-ից հետո տեղի ունեցած իրադարձությունների մասին հարցմանն ի պատասխան կարող է տրամադրել տվյալների մի մասը միայն:

Դեկտեմբերի սկզբից ChatGPT-ն ուներ ավելի քան մեկ միլիոն օգտատեր, իսկ հունվարին նրանց թիվը տասնապատկվեց։ Չատբոտի անվճար տարբերակը սպասարկելու համար OpenAI-ը մեծ քանակությամբ ռեսուրսներ է ծախսում: Օգտատերերը, որոնք հունվարին փորձարկել են ChatGPT Pro-ն ամսական 42 դոլարով, ասել են, որ չատբոտը շատ ավելի արագ է, քան անվճար տարբերակը, թեև նրանք դժգոհ էին բաժանորդագրության գնից։ Հավանաբար, OpenAI-ը հաշվի է առել այդ դժգոհությունը և հիմա արդեն ներկայացրել է ավելի ցածր գնով բաժանորդագրություն։


 
  • Ամենաընթերցվածը

ամիս

շաբաթ

օր

 
 
  • Կարդացեք նաև
 
 
  • Արխիվ