James Webb տիեզերական աստղադիտակը, որն ԱՄՆ ազգային ավիացիայի և տիեզերական գործակալության (NASA), Եվրոպական տիեզերական գործակալության (ESA) և Կանադայի տիեզերական գործակալության (CSA) համատեղ նախագիծն է, գիտնականներին օգնել է ստեղծել ևս մեկ տպավորիչ լայնանկյուն պատկեր, որում երևում են շատ հեռավոր գալակտիկաներ և պայծառ աստղեր:
Ինչպես տեղեկացնում է Esawebb.org-ը, ուսումնասիրության հիմնական թիրախը եղել է LEDA 2046648 անունով պարուրաձև գալակտիկան, որը երևում է լուսանկարի ներքևի հատվածում։ Այս գալակտիկան գտնվում է Երկրից ավելի քան 1 միլիարդ լուսատարի հեռավորության վրա՝ Հերկուլես համաստեղությունում: Լուսանկարում նաև երևում է, որ այս գալակտիկայի կողքին կան բազմաթիվ այլ գալակտիկաներ: Դրանցից մի քանիսի պարուրաձև կառուցվածքը հստակ երևում է, իսկ մյուսները տիեզերքի մութ ֆոնին վառ բծերով են արտահայտված։
Հրապարակված այս լուսանկարն արվել է աստղադիտակի մաս կազմող Near-InfraRed Imager և Slitless Spectrograph (NIRISS) սարքերով արվող ուսումնասիրությունների շրջանակում։ Բացի դրանից, օգտագործվել է աստղադիտակի Near-InfraRed Camera (NIRCam) տեսախցիկը։
2021 թ․ դեկտեմբերի 25-ին տիեզերք ուղարկված James Webb աստղադիտակի հիմնական նպատակներից մեկը հեռավոր գալակտիկաների ուսումնասիրումն է։ Դա գիտնականներին կօգնի ավելին իմանալ դրանց պատմության և էվոլյուցիայի մասին:
Ինֆրակարմիր տիրույթում նկարահանելու հնարավորությունը թույլ կտա տեղեկություններ ստանալ հեռավոր տիեզերական օբյեկտների անցյալի մասին, քանի որ դրանցից եկող լույսը շեղվում է դեպի ինֆրակարմիր ալիքներ: Ի վերջո, գիտնականները հույս ունեն ավելի շատ տվյալներ ստանալ այն մասին, թե ինչպես են հեռավոր գալակտիկաները ձևավորվել և ձեռք բերել այն կառուցվածքը, որն այսօր նրանք կարողանում են ուսումնասիրել։
James Webb-ի առաքելությունն է նաև վերլուծել հազարավոր գալակտիկաների քիմիական բաղադրությունը՝ պարզելու, թե ինչպես են ծանր տարրերը ձևավորվել և կուտակվել գալակտիկաների զարգացման ընթացքում:
Նշենք, որ James Webb տիեզերական աստղադիտակի աշխատանքում վերջերս խափանում էր տեղի ունեցել՝ NIRISS սարքը (Near Infrared Imager and Slitless Spectrograph) դադարել էր աշխատել: Հունվարի 15-ին, երբ մասնագետները փորձել էին կապ հաստատել սարքի հետ, այն կապի դուրս չէր եկել։
Հունվարի 30-ին NASA-ն հաստատել է, որ խնդիրն արդեն շտկվել է։ Միջադեպը հետաքննելուց հետո NASA-ի և Կանադայի տիեզերական գործակալության թիմերը եկել են այն եզրակացության, որ անսարքությունն առաջացել էր Արեգակնային համակարգից դուրս տիեզերական ճառագայթման հետևանքով:
«NASA-ի և CSA-ի փորձագետները միասին վերլուծել են էլեկտրոնիկայի անվտանգ վերականգնման բոլոր հնարավոր մեթոդները: Այժմ մենք ուրախ ենք տեղեկացնել, որ James Webb-ի NIRISS գործիքը կրկին միացված է ցանցին և աշխատում է օպտիմալ կերպով»,- ասել է Ջուլի Վան Կամպենը NASA-ի Գոդարդի տիեզերական թռիչքների կենտրոնից:
ամիս
շաբաթ
օր