Տարբեր կառույցներ մեխանիկորեն միացնելն անհեռատես քայլ է․ հուսամ՝ գործադիրի որոշումը չի ազդի մեր կենտրոնի զարգացման վրա․ Սարգիս Աղայան

1 փետրվարի, 2023  18:53


Չկա գիտության կազմակերպման ճիշտ կամ սխալ մոդել, կան տարբեր երկրներ, որտեղ արդյունավետորեն գործում է ակադեմիական կամ համալսարանական մոդելը։ Կան նաև երկրներ, որտեղ գործում է խառը մոդել, այն էլ՝ շատ հաջող։ Այս մասին NEWS.amTech-ի թղթակցի հետ զրույցում ասաց Կենդանաբանության և հիդրոէկոլոգիայի գիտական կենտրոնի տնօրեն Սարգիս Աղայանը՝ մեկնաբանելով Հայաստանում ծավալված քննարկումը, թե որ մոդելն է առավել նպատակահարմար Հայաստանի համար։

Նրա խոսքով, եթե մենք համարում ենք, որ գիտության կազմակերպումը Հայաստանում անարդյունավետ է, ապա պետք է մեխանիզմներ մշակենք արդյունավետությունը բարձրացնելու համար։ Բայց գիտական ինստիտուտը կգործի բուհում, թե ակադեմիայի կազմում, էական չէ։ Այդուամենայնիվ, Հայաստանում այս կամ այն մոդելի կիրառման օգտին բավարար հիմնավորված փաստարկներ առայժմ չեն հնչում։ Կենտրոնի ղեկավարը կարծում է, որ Հայաստանում գիտության ընդհանուր վատ կազմակերպվածություն կա, և իրավիճակը շտկելու համար գիտական գործունեության և գիտական աստիճանաշնորհման հստակ մեխանիզմներ ու չափանիշներ են անհրաժեշտ։

Չափելի մեխանիզմները կնպաստեն համակարգի արդյունավետությանը

Սարգիս Աղայանի խոսքով՝ շատ որոշումների կայացումը, օրինակ՝ կրտսե՞ր, թե ավագ գիտաշխատողի հաստիքով կաշխատի գիտնականը, այսօր թողնված է գիտահետազոտական ինստիտուտների տնօրեններին։ Բարեբախտաբար, քննարկվում են օրենսդրական նոր փոփոխություններ՝ գիտաշխատողի աշխատանքը գնահատելու և նրան խրախուսելու հստակ, չափելի մեխանիզմներ ներդնելու համար, և դրանք կհանգեցնեն նրան, որ համակարգը կաշխատի ավելի արդյունավետ, կարծում է նա։

«Եթե չկան թվային կոնկրետ, ֆիքսված, շոշափելի, չափելի մեխանիզմներ, որով մենք գնահատում ենք մարդկանց աշխատանքը, չի կարող լինել արդյունավետ աշխատանք։ Մերը փոքր, 100 հոգանոց հիմնարկ է, որտեղ մարդիկ 40-50 տարի իրար հետ աշխատում են, գրեթե մեկ ընտանիք են դարձել։ Եվ թողնել պետական փողերի ծախսման վերաբերյալ որոշումների կայացումը այդ հիմնարկների վրա պետք չէ։ Պետք է տալ մեխանիզմներ, որ այդ հիմնարկները աշխատեն»,- ասաց նա։

Տնօրենը կրկին ընդգծեց, որ նշանակություն չունի, թե գիտության կազմակերպման որ մոդելը կկիրառվի։ Սակայն եթե արդեն ունենք որոշակի չափով գործող մոդել, բայց այն այնքան էլ լավ չի աշխատում, ապա պետք է մեխանիզմներ մշակել դրա արդյունավետությունը բարձրացնելու համար։

«Օրինակ, եթե պետությունը գտնում է, որ Ակադեմիան լավ չի աշխատում, թող տա օրենսդրական, կանոնակարգային մեխանիզմներ, ասի՝ Ակադեմիա, սրանից հետո այսպես ես աշխատելու։ Դա արագ կզտի, կմաքրի այն ամենը, ինչը խանգարում է լավ աշխատելուն, ու այն կսկսի աշխատել։ Եթե իհարկե համարում ենք, որ Ակադեմիան վատ է աշխատում»,- ասաց նա։ 

Գիտությունը պետք է զարգանա պետպատվերի հիման վրա

Սարգիս Աղայանի կարծիքով՝ Ակադեմիան, իր հերթին, նույնպես պետք է նախաձեռնություն ցուցաբերի։ Բայց Հայաստանի նման փոքր երկրներում ոլորտը կարգավորելու և կառավարելու համար պետական հստակ մեխանիզմներ են պետք, որպեսզի այն զարգանա պետպատվերի հիման վրա։

Ի պատասխան հիշեցման, որ շրջանառվող լուրերի համաձայն՝ կառավարությունը, այնուամենայնիվ, մտադիր է ակադեմիական մոդելից անցնել համալսարանականի և գիտական ինստիտուտները փոխանցել բուհերին, կենտրոնի տնօրենը հույս հայտնեց, որ մինչև նման որոշում կայացնելը կառավարությունը լուրջ հետազոտություններ կիրականացնի, ինչպես նաև՝ անհրաժեշտ բարեփոխումներ։

Նա նշեց, որ եթե դիտարկենք գիտահետազոտական ինստիտուտներն ու բուհերը, ապա, ըստ նրա հավաստիացման, Երևանի պետական համալսարանն այսօրվա դրությամբ կառավարման լավագույն մոդելն ունի, բայց դա էլ բավական թերի է, էլ չասած մնացած բուհերի մասին։ Այնպես որ, ըստ նրա, այսօր ունենք կառավարման համակարգերի բարեփոխման հստակ խնդիր, և եթե կառավարությունն, այնուամենայնիվ, որևէ որոշում կայացնի, ապա դրա տակ պետք է դնի հստակ ճանապարհային քարտեզ, ֆինանսական միջոցներ և դրանց աղբյուրները։ Այլապես տարբեր կառույցներ ուղղակի մեխանիկորեն միացնելը անհեռատես քայլ է, թռիչքաձև զարգացում հաստատ չի լինի։

«Օրինակ՝ դիցուք, մեզ ուզում են միացնել որևէ բուհի, ապա այդ բուհի կառավարման համակարգը ինչպե՞ս ենք փոխում մինչ այդ, ինստիտուտի ղեկավարման համակարգը ինչպե՞ս ենք փոխում, Ակադեմիայի համակարգը ինչպե՞ս ենք փոխում, ու գումարած ֆինանսական ի՞նչ ռեսուրսներով ենք դա անում։

Այսինքն՝ ես մեծ հույս ունեմ, որ մինչև որոշում ընդունելը, մինչև որոշակի քայլեր անելը, մեր պետությունը կմշակի աշխատանքի մեխանիզմները, թե ոնց է դրան հասնելու։ Երկրորդը, ես շատ մեծ հույս ունեմ, որ մեր պետությունն այնքան խելացի կգտնվի, որ կսկսի մի քանի տարվա պիլոտային ծրագիր իրականացնելուց։

Այսինքն՝ չի ընկնի համատարած քանդելու հետևից, այլ պիլոտային փորձարկում կանի՝ կարող է աշխատել, կարող է՝ ոչ, նույն այդ մեխանիզմների բացերը կբացահայտի, կտեսնի, այդ ինստիտուտը ոնց է աշխատում համալսարանի հետ։ Դա շատ լավ է, որ մենք որպես պետություն ունենք ամբիցիոզ պլաններ, բայց այն, ինչ ռեալ կարող ենք իրականացնել, կարող է ընդհանրապես դրա հետ կապ չունենալ»,- ասաց Սարգիս Աղայանը՝ հավելելով, որ այս պահին, այնուամենայնիվ, ոչ մի հստակ տեղեկություն չկա կառավարության մտադրությունների մասին։ 

Կարգավորող մեխանիզմները պետք է վերևից իջեցվեն

Ինչ վերաբերում է նրան, որ Գիտությունների ակադեմիան մշակել է բարեփոխումների իր ռազմավարությունը, և ավելի ճիշտ կլինի, որ կառավարությունն առաջնորդվի գիտության ոլորտի մարդկանց առաջարկներով, Սարգիս Աղայանը նշեց, որ անկախությունից ի վեր գիտության վիճակը Հայաստանում միայն վատացել է, և դրան նպաստել է, իհարկե, ֆինանսների բացակայությունը, բայց նաև համակարգի ինքնամաքրման անկարողությունը։

Նրա խոսքով՝ եթե հարցնես գիտահետազոտական ինստիտուտների տնօրեններին, ապա տասից ութը կասեն, որ իրենք գերազանց են աշխատում, կամ եթե հարցնես գիտնականներին, նրանք նույնպես կասեն, որ իրենք ոլորտի եզակի մասնագետներ են։ Բայց իրականում, եթե չափորոշիչներ կիրառես նրանց նկատմամբ, կպարզվի, որ վերջին տարիներին նրանք վարկանիշ ունեցող ոչ մի ամսագրում չեն տպագրվել, կամ իրենց փոխարինողներ չեն պատրաստել։ Ուստի կարգավորող մեխանիզմները պետք է վերևից իջեցվեն, կարծում է Սարգիս Աղայանը։

Ներկայացնելով Կենդանաբանության և հիդրոէկոլոգիայի գիտական կենտրոնի գործունեությունը, նա նշեց, որ մինչ գիտության ֆինանսավորման ավելացումը կենտրոնում եղել են գիտական խմբեր, որոնք հաջողությամբ աշխատել են միջազգային դրամաշնորհներով։ Այսօր կենտրոնում իրականացվում է ավելի քան 20 գիտական նախագիծ, որոնցից չորսը՝ միջազգային մասնակցությամբ։ Կան նաև պայմանագրեր տնտեսվարող սուբյեկտների հետ։ «Էրազմուս» եվրոպական ծրագրի շրջանակում կենտրոնում կբացվի Հայաստանի ազգային ագրարային համալսարանի ակվակուլտուրայի ամբիոն։ Նա նշեց, որ դա այսօր Հայաստանում պահանջված մասնագիտություն է։ Բավական է հիշել, որ Հայաստանի ձկնաբուծարանները նախորդ տարի մեծ վնասներ են կրել ձկների անկման պատճառով, քանի որ չունեն համապատասխան մասնագետներ։

Սարգիս Աղայանը նշեց, որ իրենց հաջողվում է երիտասարդների ներգրավել, քանի որ այժմ ասպիրանտների և երիտասարդ մասնագետների աշխատավարձն այնքան է բարձրացել, որ կարող է մրցակցել կոմերցիոն ոլորտում աշխատող մասնագետների աշխատավարձերի հետ։

«Այսինքն՝ մեր կենտրոնի ընթացքը լավ է, շատ են ծրագրերն ու ամբիցիաները։ Հուսամ, որ կառավարության ծրագրերը, ինչպիսի որոշում էլ ընդունեն, չեն ազդի այս զարգացման ընթացքի վրա։ Հուսամ, ինչ-որ կետում որոշակի դիսկուրս, քննարկում կսկսվի։ Երբ իրենք արդեն կկողմնորոշվեն, թե իրենց տեսլականը որն է, ամեն դեպքում, քննարկում կիրականացնեն»,- եզրափակեց նա։


 
  • Ամենաընթերցվածը

ամիս

շաբաթ

օր

 
 
 
 
  • Արխիվ