Կանադացի գիտնականները նեյրոնային ցանցեր են մշակել, որոնք կարող են օգնել այլմոլորակայինների որոնման գործում

1 փետրվարի, 2023  15:42

Արհեստական ​​բանականությունը կարող է գիտնականներին օգնել այլմոլորակային կյանք որոնելու հարցում. կանադացի մասնագետները նեյրոնային ցանցեր են մշակել, որոնք կօգնեն տարբերել այլմոլորակայինների ազդանշանները երկրայիններից։

Տիեզերքում այլմոլորակային կյանքի նշաններ փնտրել մարդիկ սկսել են շատ վաղուց. 1984 թ․ մեկնարկած Search for Extraterrestrial Intelligence (SETI) ծրագիրը նույնպես ծառայում է այս նպատակին: Խնդիրն այն է, որ վերջին տարիներին անլար տեխնոլոգիաների զարգացումը սկսել է խանգարել տիեզերքում ռադիոազդանշանների որոնմանը:

Ըստ Vice.com-ի՝ կանադացի գիտնականները որոշել են տիեզերքում այլմոլորակային ազդանշանների որոնման գործին միացնել նաև նեյրոնային ցանցեր, որոնք, հիմնվելով TensorFlow մեքենայական ուսուցման գրադարանի և Python Keras գրադարանի վրա, վարժեցվել են տիեզերքից եկող ազդանշանները վերլուծելու և պոտենցիալ հետաքրքիր անոմալիաներ փնտրելու համար։

Մեքենայական ուսուցման ալգորիթմը վերլուծել է 2016 թ․ 820 աստղից աստղադիտակի հավաքած ավելի քան 480 ժամ տևողությամբ տվյալները և հայտնաբերել ութ ազդանշան, որոնք նախորդ ալգորիթմները չէին ֆիքսել և որոնք կարող են այլմոլորակային ծագում ունենալ։

Տեսականորեն, ալգորիթմի հայտնաբերած ազդանշանները, եթե իսկապես դրանք այլմոլորակային ծագում ունեն, կարող են տեղեկություններ պարունակել այլմոլորակային քաղաքակրթության տեխնոլոգիաների զարգացման կամ նույնիսկ մի շարք տեխնոլոգիաների առկայության մասին: Այնուամենայնիվ, ինչպես նշել է այս նախագծի հեղինակ, Տորոնտոյի համալսարանի ֆիզիկամաթեմատիկական ֆակուլտետի երրորդ կուրսի ուսանող Փիթեր Ման, ինքը և իր գործընկերներն իրականում մեծ հույսեր չեն կապում դրա հետ։

Ըստ Մաի՝ իր նախագծի շրջանակում մշակված ալգորիթմը երկու անգամ ավելի արագագործ է, քան ավանդական ալգորիթմները։ Ավելին, տվյալներն ուսումնասիրելու նպատակով նեյրոնային ցանցի օգտագործումը նաև թույլ է տալիս ոչ ստանդարտ «մտածողություն» կիրառել, ինչը չունեն մարդու կողմից թելադրված ավելի ավանդական ալգորիթմները:

Ման բացատրել է, որ ավանդական ալգորիթմներն աշխատում են նախապես տրված հրահանգների հավաքածուի հետ, որը մարդն է մշակել: Իսկ դա նշանակում է, որ ալգորիթմը կփնտրի և կգտնի միայն այն, ինչ ասում է մարդը։ Այնուամենայնիվ, խնդիրն այն է, որ այլմոլորակային ազդանշանի բնույթը լիովին հայտնի չէ, հետևաբար, մարդը չի կարող ալգորիթմին հստակ ասել, թե ինչ պետք է փնտրի: Այստեղ, սակայն, ալգորիթմը պարզապես ուսումնասիրում և վերլուծում է՝ ֆիլտրելով իրեն արդեն ծանոթ երկրային ազդանշանները և գիտնականների ուշադրությունը հրավիրելով այն ազդանշանների վրա, որոնք, ինչ-ինչ պատճառով, կարող են անոմալ թվալ:


 
  • Ամենաընթերցվածը

ամիս

շաբաթ

օր

 
 
 
 
  • Արխիվ