Միկրոչիպերի շուկայում ճգնաժամ է սկսվել․ որո՞նք են պատճառները

31 հունվարի, 2023  20:06

Միկրոչիպերի համաշխարհային շուկայում ավելցուկ է առաջացել, ինչը հանգեցրել է ճգնաժամի, տեղեկացնում է Bloomberg-ը՝ պարզաբանելով, որ ավելցուկն առաջացել է կորոնավիրուսային համաճարակին հաջորդած շրջանում այս ապրանքների պահանջարկի նվազման պատճառով։

«Չիպերի արտադրությամբ զբաղվող ընկերությունների վաճառքները նվազում են մոտ 30-50%-ով։ Սա նորմալ իրավիճակ չէ»,- ասել է HMC Investment & Securities ընկերության տեխնոլոգիական հետազոտությունների բաժնի ղեկավար Գրեգ Ռոհը:

Աղբյուրը նշում է, որ 160 մլրդ դոլարանոց շուկայում ստեղծված իրավիճակը ապակայունացնում է նաև մատակարարների դիրքերը և վնասում ասիական երկրների տնտեսություններին, որոնք կախված են տեխնոլոգիաների արտահանումից։ Դրա պատճառով շուկայում մնացած ընկերություններն սկսել են կրճատել ծախսերը, դաշինքներ կազմել կամ դիտարկում են միաձուլման հնարավորությունը, որպեսզի կարողանան դիմակայել ստեղծված դժվարություններին:

Օրինակ՝ չիպեր արտադրող ամերիկյան Micron ընկերությունն անցած ամսվա վերջին հայտարարեց, որ ի լրումն արտադրության կրճատման, կկրճատի նաև նոր գործարանների և սարքավորումների համար նախատեսվող բյուջեն: Ընկերության գլխավոր գործադիր տնօրեն Սանջայ Մեհրոտրան ասել էր, որ այս ինդուստրիայի վերականգնումը կախված է նրանից, թե ոլորտի խաղացողները որքան արագ նման քայլեր կձեռնարկեն։ «Մենք պետք է անցնենք այս ցիկլը: Կարծում եմ, որ միջցիկային աճի և շահութաբերության միտումը դեռ պահպանվում է»,- ասել էր նա:

Հարավկորեական Hynix-ը ևս կրճատել է նախատեսվող ներդրումներն ու արտադրությունը: Ընկերության միկրոչիպերի պաշարների ավելցուկը մասամբ Intel Corp.-ի ներկառուցված հիշողության բիզնեսի ձեռքբերման արդյունք է, գործարք, որը կնքվել է մինչև ոլորտի անկումը:

Ճգնաժամի պատճառները

Ըստ Economictimes-ի՝ ճգնաժամի պատճառները մի քանիսն են՝ կորոնավիրուսային շրջանի մեծ պահանջարկին հաջորդած ցածր պահանջարկը, պատերազմն Ուկրաինայում, պատմական բարձր աստիճանի ինֆլյացիան ողջ աշխարհում և մատակարարման շղթայի խափանումները։ Բացի դրանից, էժանացել են նաև այն ապրանքները, որոնցում կիրառվում այդ չիպերը, իսկ եղածներն էլ արդեն բավական ժամանակ է, ինչ մնացել են այդ ընկերությունների պահեստներում։

«Չիպերի արդյունաբերությունը կարծում էր, որ մատակարարներն ավելի լավ վերահսկողություն կունենան։ Այս անկումն ապացուցեց, որ բոլորը սխալ էին»,- կայքի հետ զրույցում ասել է TrendForce ընկերության հետազոտությունների հարցերով ավագ փոխնախագահ Ավրիլ Վուն:

Կայքը նշում է, որ Samsung Electronics Co.-ն և դրա մրցակիցներն արդեն գումար են կորցնում իրենց արտադրած յուրաքանչյուր չիպի վրա: Կանխատեսվում է, որ ընկերության և իր մրցակիցների ընդհանուր գործառնական կորուստներն այս տարի կհասնեն ռեկորդային 5 միլիարդ դոլարի: Ըստ կայքի՝ այս ընկերությունների պահեստներում արդեն 3-4 ամսվա պաշարներ կան։

Ի դեպ, Samsung-ի եռամսյակային շահույթը նվազել է՝ հասնելով վերջին 8 տարվա ամենացածր մակարդակին։ Տեխնոլոգիական հսկայի 4-րդ եռամսյակի գործառնական շահույթը կազմել է 3,5 միլիարդ դոլար, ինչը 69%-ով պակաս է նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ։ Եկամուտը նշված ժամանակահատվածում նվազել է 8%-ով՝ մի փոքր պակաս 57,3 միլիարդ դոլարից։ 


 
  • Ամենաընթերցվածը

ամիս

շաբաթ

օր

 
 
 
 
  • Արխիվ