Perseverance-ը Մարսի հողանմուշով 10-րդ տարան է նետել նախատեսված վայր և ավարտել Մարսի վրա առաջին պահոցի ստեղծման աշխատանքները

31 հունվարի, 2023  16:15

NASA-ի Perseverance մարսագնացը Մարսի մակերեսին է թողել իր տասներորդ տիտանե տարան, որը պարունակում է Մարսի հողից վերցված նմուշներ։ Սրանով Մարսի վրա այս մոլորակի նմուշների պահոցի կառուցման աշխատանքը համարվում է ավարտված, ինչի համար մարսագնացից պահանջվել է վեց շաբաթ, տեղեկացնում է NASA-ն:

Perseverance-ը, որը Մարսի վրա վայրէջք է կատարել 2021թ․ փետրվարի 18 30-ին, ուսումնասիրում է կարմիր մոլորակի աստղակենսաբանական հնագույն միջավայրը, դրա մակերևույթի երկրաբանական գործընթացներն ու դրանց պատմությունը։ Ենթադրվում է, որ Perseverance-ի հավաքած տվյալները կօգնեն գնահատել, թե արդյոք մոլորակը նախկինում պիտանի է եղել կյանքի համար, բնակեցված է եղել, թե ոչ։ Հենց այս առաջադրանքների շրջանակում Perseverance-ն իր երթուղու երկայնքով մոլորակի մակերեսին է թողնում Մարսի հողի նմուշներով լցված տարաներ, որպեսզի ապագա առաքելության ժամանակ դրանք բերվեն Երկիր և ուսումնասիրվեն։

Տիտանե տարաները միմյանցից 5-15 մետր հեռավորության վրա են թողնվել, որպեսզի հնարավոր լինի դրանց անվտանգ հեռացումը: Առաքելության թիմը քարտեզագրել է պահոցը, որպեսզի նմուշները հնարավոր լինի գտնել նույնիսկ, եթե դրանք փոշու տակ ծածկված լինեն։ Ընդորում՝ յուրաքանչյուր տարա իր անունն ունի, օրինակ՝ Malay, Roubion, Mageik, Skyland և այլն։

Perseverance depot.jpg (127 KB)

Պահոցը գտնվում է հարթ մակերեսի վրա՝ «Երեք պատառաքաղներ» կոչվող հնագույն գետի դելտայի հիմքում: NASA-ն հուսով է, որ նմուշները կօգնեն հասկանալ երկրաբանական գործընթացները, որոնք տեղի են ունեցել Ջեզերո խառնարանում դրա ձևավորումից անմիջապես հետո՝ գրեթե 4 միլիարդ տարի առաջ: 

Հիշեցնենք, որ ավելի վաղ ԱՄՆ տիեզերական գործակալությունը հայտարարել էր Մարսից վերցված հողի նմուշների ընդունման և պահպանման կետ բացելու մտադրության մասին։ Օբյեկտը տեղակայվելու է Տեխաս նահանգի Հյուսթոն քաղաքի Ջոնսոն տիեզերական կենտրոնում, որը մասնագիտացած է այլ մոլորակներից բերված նմուշների մշակման և պահպանման մեջ:

 


 
  • Ամենաընթերցվածը

ամիս

շաբաթ

օր

 
 
 
 
  • Արխիվ