Hubble աստղադիտակը Հոգի միգամածության հիանալի լուսանկար է արել

31 հունվարի, 2023  10:30

Hubble տիեզերական աստղադիտակը Վեստերհաութ 5 միգամածության (կոչվում է նաև Հոգի միգամածություն) մի փոքր հատվածի ապշեցուցիչ լուսանկար է արել, տեղեկացնում է Space.com-ը։  

Երկրից 7000 լուսատարի հեռավորության վրա գտնվող այս միգամածությունում կարմիր լույսի տարածումը պայմանավորված է H-ալֆա ճառագայթների արտանետմամբ։ Դա տեղի է ունենում, երբ ջրածնի ատոմների մեջ շատ էլեկտրոններ կորցնում են էներգիան, ինչն էլ առաջացնում է այս առանձնահատուկ կարմիր լույսի արձակումը, լուսանկարի նկարագրության մեջ գրել են Hubble-ի ներկայացուցիչները:

Կարմիր լույսի շնորհիվ լուսանկարի կենտրոնից վերև՝ դեպի ձախ հատվածում գտնվում է շերեփուկի նմանվող, այսպես կոչված, ազատ լողացող գոլորշիացող գազային գնդիկը, որը պաշտոնապես ստացել է KAG2008 անվանումը։

The Soul Nebula.jpg (110 KB)

Վեստերհաութ 5 միգամածություն

KAG2008-ը պատկանում է գոլորշիացող գազային գնդիկների հատուկ դասին, որոնք առաջանում են միգամածություններում, երբ երիտասարդ աստղերի էներգետիկ ճառագայթումը իոնացնում է շրջակա գազը՝ հեռացնելով էլեկտրոնները: Սա հանգեցնում է նրան, որ գազն սկսվում ցրվել այդ պայծառ աստղերից, գործընթաց, որը կոչվում է ֆոտոգոլորշիացում։

Այս գոյացություններում գազն այնքան խիտ է, որ ֆոտոգոլորշիացման գործընթացը տեղի է ունենում շատ ավելի դանդաղ, քան շրջակա տարածքներում եղած գազի պարագայում: Ավելի դանդաղ ֆոտոգոլորշիացման և ցրվելուց պաշտպանված լինելու շնորհիվ գազը կարողանում է մնալ բավական խիտ վիճակում, որպեսզի կարողանա նպաստել նախաստղերի ձևավորմանը, որոնք ի վերջո դառնում են լիարժեք աստղեր: Միգամածությունների այս հատվածներն աստղագետներին հետաքրքրում են հենց այն պատճառով, որ գուցե հենց այստեղ է տեղի ունեցել աստղերի ձևավորման պրոցեսը։

Ազատ լողացող գոլորշիացող գազային գնդիկների գոյությունը աստղագետները հայտնաբերել են միայն վերջերս։ Այս կառույցների ակնառու մի օրինակ գտնվում է Արարման սյուներ կոչվող միգամածության ծայրերում։

Heart Nebula.JPG (101 KB)

Սիրտ միգամածություն

Հոգի միգամածությունն ունի մեկ այլ «գործընկեր»՝ Սիրտ միգամածությունը: Պաշտոնապես հայտնի որպես IC 1805՝ գազի և փոշու զանգվածային ամպն այդպես է կոչվել, քանի որ ջրածնի փայլուն պարունակության շնորհիվ այն նմանվում է վարդագույն սրտի: Սիրտ միգամածությունը գտնվում է Երկրից 7500 լուսատարի հեռավորության վրա։

 


 
  • Ամենաընթերցվածը

ամիս

շաբաթ

օր

 
 
 
 
  • Արխիվ