MusicLM․ Google-ը մշակել է նեյրոցանց, որը տեքստային նկարագրության հիման վրա երաժշտություն է ստեղծում

30 հունվարի, 2023  17:16


Արհեստական բանականությամբ աշխատող ծրագրերի մրցավազքի ֆոնին Google-ը GitHub-ում ներկայացրել է MusicLM նեյրոնային ցանցը, որն ունակ է երաժշտական լիարժեք ​​կոմպոզիցիաներ ստեղծել՝ օգտատերերի տեքստային հարցումների հիման վրա: Ընկերությունը, սակայն, մտադիր չէ մոտ ապագայում այն հասանելի դարձնել հանրության համար։

Ինչպես տեղեկացնում է Businessinsider-ը, MusicLM արհեստական բանականությանն ուսուցանելու համար օգտագործվել է մեդիագրադարան, որի աուդիո ֆայլերի ընդհանուր տևողությունը կազմում  է 280,000 ժամ։

Հրապարակված հետազոտական ​​հոդվածում Google-ի մասնագետները MusicLM-ը նկարագրում են որպես «մոդել, որն ստեղծում է բարձրորակ երաժշտություն տեքստային նկարագրություններից, ինչպիսիք են «ջութակի հանգստացնող մեղեդին, որն ուղեկցվում է կիթառի փոփոխված ակորդներով»:

Նաև նշվում է, որ MusicLM-ը կարող է կոմպոզիցիաներ ստեղծել ինչպես կոնկրետ հարցումների հիման վրա, երաժշտական կոնկրետ ​​գործիքների կատարմամբ, այնպես էլ տրամադրության կամ զգացողությունների վերացական նկարագրությունների հիման վրա։

Նեյրոնային ցանցի հնարավորությունները ցուցադրելու նպատակով Google-ը մի քանի տասնյակ թրեքներ է հրապարակել։ Դրանք ներառում են «Երաժշտություն արկադային խաղի համար», «Երաժշտություն տիեզերքում կորստի համար», «Մեղեդի մեդիտացիայի համար», Վինսենթ վան Գոգի «Աստղային գիշեր» և Սալվադոր Դալիի «Հիշողության համառություն» կտավներին ուղեկցող մեղեդիներ և այլն։

Ընկերությունը նշել է, որ մտադիր չէ MusicLM-ը հանրությանը հասանելի դարձնել: Պատճառներից մեկը հեղինակային իրավունքի խախտման հավանականությունն է: Նեյրոնային ցանցի ստեղծած ստեղծագործությունների մոտ 1%-ն ամբողջությամբ կրկնում է գրադարանից կրթական նպատակներով վերցված լիցենզավորված երաժշտությունը։

Google-ը նշել է նաև այլ ռիսկեր, թե ինչու այս ծառայությունը դեռ հասանելի չի լինի հանրությանը, մասնավորապես՝ ծրագրավորման հարցում կողմնակալությունը, ինչը կարող է հանգեցնել ոչ պատշաճ ներկայացուցչականության և մշակութային արժեքների յուրացման, տեխնոլոգիական խափանումները և այլն։

«Մենք խստորեն ընդգծում ենք երաժշտության գեներացման հետ կապված այս ռիսկերը վերացնելու նպատակով հետագա հավելյալ աշխատանքի անհրաժեշտությունը. մենք այս պահին մոդելներ թողարկելու պլաններ չունենք»,- ասվում է հետազոտությունում:


 
  • Ամենաընթերցվածը

ամիս

շաբաթ

օր

 
 
 
 
  • Արխիվ